Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պատի ու շրջապատի տարբերությունը

Պատի ու շրջապատի տարբերությունը
27.06.2017 | 09:26

Պարտադիր չէ գլխիդ խնձոր ընկնի, որ հավատաս ձգողականության օրենքին: Առավել ևս, եթե Իսահակ Նյուտոնը չես: Խնձոր ընկնի, թե չընկնի, պարտադիր չէ գյուտ անես: Կարող է գլուխդ ցավել, եթե խնձորը խակ է: Խորապես սխալվում էին նրանք, որ խորհրդարանական ընտրություններից հետո սրերը պատյան դրեցին և անցան վաստակած դափնիների վրա հանգստի: Ավելի փորձառուները ձեռնոցները չհանեցին, և նրանք ճիշտ էին: Քաղաքականությունը հավերժական շարժիչ է, որ աշխատում է մարդկային էներգիայով՝ մտքի կամ անմտության:

Հունիսի 22-ին վարչապետ Կարեն Կարապետյանը ԱԺ-ում հուզիչ եզրափակիչ ելույթ ունեցավ: Գուցե հաշվի էր առել նախկին վարչապետ Արամ Սարգսյանի հիշեցումը, որ երկրորդ շանս ՀՀԿ-ն ոչ բոլորին է տալիս, նաև հասկացել էր իր երրորդ շանսի երևութականությունը: Նա նման էր դասալիք բանակի զորավարի, որ ուզում է ճակատամարտը շահել, գուցե պատերազմում հաղթել: Ի սկզբանե նրան բանակ չէր էլ խոստացվել: Սոսկ զորավարի ուսադիրներ: Բանակը ինքը պիտի հավաքեր: Չհավաքվեց: 18 նախարարություններից՝ 4 նախարար, կառավարությանն առընթեր 8 մարմիններից` 1-ը: Եթե նույնիսկ նրան խոստացվել էր կառավարության տնտեսական բլոկում անկախություն, չստացավ մենեջմենտի ու ինքնուրույն որոշումների կայացման ազատություն: Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին նա ժառանգեց իբրև համակարգի սիմվոլ: Առողջապահության նախարարին ինքը նշանակեց՝ հրապարակավ անվանելով իր ընկերը: Լևոն Ալթունյանը վարչապետ ընկերոջն ապահովեց համակարգը տարուբերող սկանդալներով:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը գուցե ամենաքիչն է արտակարգ իրավիճակներ մատուցում, բայց նախարար Դավիթ Տոնոյանը նույնպես վաղուց համակարգի մաս է: Համակարգին ու նրա բոլոր արատներին սերտաճած է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, որ մնաց նախորդ կառավարությունից, Կարեն Կարապետյանի կառավարությունում ամեն ինչ նրա ոլորտում նույնն է՝ անտերությունը, ամենաթողությունն ու կոռուպցիան: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը և նրա համակարգը ռեալ արգելակ են ոչ միայն վարչապետի, այլև բարեփոխումների ճանապարհին: Նա խելոք է, փորձառու, բազմիցս ապացուցել է անհրաժեշտությունը օրվա իշխանությանը և հեշտ հրաժեշտների ունակությունը: Համենայն դեպս, անցավ բաժանվեց Հովիկ Աբրահամյանից, ում մերձավորագույն դաշնակիցն ու ընկերն էր կառավարությունում ու խորհրդարանում: Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ հաստատ Կարեն Կարապետյանի հետ առնչություն չունեցող նախարար է, ոչ այն պատճառով, որ ԱԳ նախարարին նախագահն է նշանակում, վարչապետը քաղաքականությունից հրաժարվել է: Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին Կարեն Կարապետյանը նվեր ստացավ ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ից, թեպետ նվերի կարիք չուներ ու դա զգացրեց, երբ նա էկոնոմիկայի նախարար էր: Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը վարչապետի ընկերն է, Լևոն Ալթունյանից մի քիչ հաջողակ, բայց ոչ գյուղատնտեսության մեջ, ու պատճառը կարկուտը չէ, ոչ էլ այս ու այն ծրագրի կատարումն ուշացնելը: Ոլորտում գույքագրումը չի ստացվում, հետևանքների վերացման հետևից է վազում, իսկ պատճառները վերացնելու լծակ չունի: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը ընդհանրապես իզուր է համարվում ՀՀ կառավարության անդամ, նրան ճիշտը ՌԴ կառավարության մաս համարելն է:

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ևս ՀՅԴ-ի ընծաներից է՝ ՀՀԿ-ին բնորոշ կառուցվածքային սկանդալներով: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը այնքան ներդաշնակ մտավ իշխանական դաշտ, կարծես, հազար տարի հոգով-սրտով ՀՀԿ-ի հետ էր, համարել նրան նոր ոգի կամ դրայվի կրող, խաբեություն է: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մնում է մրցակից՝ Կարեն Կարապետյանի նշանակումից առաջ նրա անունը շրջանառվում էր վարչապետի պաշտոնում, նա մարդ է, որ կարող է վարչապետին «ոչ» ասել: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն էլ Գագիկ Ծառուկյանի «նվերն» է կառավարությանը: Հրանուշ Հակոբյանը, իբրև սփյուռքի նախարար կարող էր լինել Կարեն Կարապետյանի լավագույն աջակիցը, բայց, իբրև հավերժ նախարարի խորհրդանիշ, նա աջակցում է միայն ինքն իրեն: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը վարչապետի ճանապարհին երկրորդ պատն է, որ անհասանելի է պահում մարզային կառավարումը դեֆակտո, զարգացման նշույլ իսկ չթողնելով: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը պարտավոր էր ապահովել բարեփոխումների ընթացքը, յուրաքանչյուր գործարարի կողքին լինել ու ներդրումներ բերել Հայաստան: Փորձում է՝ այնքանով, որքանով:

Սուրեն Կարայանը քայլ-քայլ իշխանական սանդղակով այնքան երկար էր բարձրանում, որ իր ընթացքն ավելի է կարևորում որևէ վարչապետից: Կարեն Կարապետյանի մյուս ընկերը՝ տրանսպորտի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, պետք է դառնար առանցքային նախարար, այդ տրամաբանությամբ էլ սկսեց և նույնիսկ մեկ-մեկ մարզեր էր գնում ստուգումների, բայց արագ համոզվեց, որ անօգուտ է ու դարձավ մեկը բոլորից: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը համակարգն ուղնուծուծով գիտի, ողնաշարով ապրած մարդ է, որ ում-ում, բայց Կարեն Կարապետյանի ձեռքբերումը չէ: Առավել ծանր է վիճակը կառավարությանն առընթեր մարմիններում: Ազգային անվտանգության ծառայությունը և Գեորգի Կուտոյանը, ոստիկանությունը և Վլադիմիր Գասպարյանը, պետական գույքի կառավարման վարչությունը և Արման Սահակյանը, անշարժ գույքի պետական կոմիտեն և Մարտին Սարգսյանը, միջուկային անվտանգության կառավարման կոմիտեն և Աշոտ Մարկոսյանը, քաղաքաշինության կոմիտեն և Նարեկ Սարգսյանը իրենց ոլորտների կարևորության աստիճաններին համարժեք վերահսկվում են ու գործում են նախագահական դաշտում: Միայն պետական եկամուտների կոմիտեն ու Վարդան Հարությունյանն են Կարեն Կարապետանի դաշտում, նրա կողքին ու նրա հետ: Այսպիսի «շրջապատով», որն ավելի շատ պատ է հիշեցնում, Կարեն Կարապետյանը մտադի՞ր է մնալ վարչապետ և հաջողության հասնել, թեկուզ 5 %-ի: Նա կա՛մ ինքն իր ասածին լուրջ չի վերաբերվում, կա՛մ ժամանակ է ձգում՝ այդ ընթացքում լուրջ կերպարանք ընդունելով: Հունիսի 22-ին նրա եզրափակիչ ելույթն ԱԺ-ում դա է վկայում, էմոցիոնալ զեղումները` մի կողմ: «Երկու խոսք ասեմ այսօրվա կառավարության և մեր թիմի մասին: Գուցե մի քիչ անհամեստ հնչի, բայց կուզենամ անպայման ճիշտ հասկացված լինել. հավաքվել է բավական ազնիվ, պարկեշտ մարդկանց թիմ: Շատ լավ մթնոլորտ է ձևավորվել՝ աշխատանքային, բաց, գործընկերային, ազատ: Մենք չափազանց շահագրգռված ենք, որպեսզի լինեն կառուցողական առաջարկություններ, քննարկումներ՝ ոչ թե առիթից առիթ, այլ ամենօրյա ռեժիմով: Ընդ որում, այդ թիմը կազմված է մարդկանցից, ովքեր մեր երկրին ծառայելու և լավ գործեր անելու ցանկություն ունեն»,- ասաց վարչապետը: Հազիվ թե՝ անկեղծ: Նա այդքան միամիտ չէ, որքան կարող է թվալ: Նրա «աշխատունակ, պոտենցիալ և հաշվարկված ծրագիրը» ստացավ 64 ձայն: Բացի «Ելքի» 9 պատգամավորներից, դեմ էր քվեարկել «Ծառուկյան» դաշինքը: Այս դեպքում դեմ էին ոչ թե ՀՀԿ-ի կառավարությանն ու ծրագրին, այլ՝ անձամբ Կարեն Կարապետյանին, և դա նրանց հնարավորություն տվեց ինքնահաստատվել «ընդդիմադիրոտ» իմիջում: Հաջորդ օրը կառավարության նիստում Կարեն Կարապետյանը նախարարներից պահանջեց… ռեստարտ: «Ռեստարտ ենք տալիս մեր աշխատանքին, աշխատում ենք նույն ռեժիմով՝ 6-օրյա մինիմում աշխատանքային ռեժիմ` շաբաթական»:

Եթե ամեն ինչ լավ է, ի՞նչ ռեստարտ: Ճիշտը ֆորմատավորումն էր, բայց… Ռեստարտը տվեց Գագիկ Ծառուկյանը, որ Մեծ Բրիտանիայի նորընտիր խորհրդարանի նստաշրջանի բացման օրը Վեստմինստերում էր` Ելիզավետա Երկրորդի հետ: Նրան չհանդիպեց, բայց կենացը խմեց: Լորդերի պալատի պատգամավորների հրավերով նա մեկնել էր Լոնդոն: Ինչպես ամենուր՝ Գագիկ Ծառուկյանը զբաղվեց բարեգործությամբ՝ խաչքարեր Լոնդոնի հայկական եկեղեցուն, հայ համայնքի երգչախմբի, գրադարանի, խոհանոցի վերակառուցման և այլնի ֆինանսավորում, փոխարենը՝ Լորդերի պալատի հուշամեդալ և բյուրեղապակյա դատարկ շիշ Համայնքների պալատից, որ ենթադրաբար իր արտադրած կոնյակով պիտի լցվեր կամ անգլիական հումոր էր, որին Գագիկ Ծառուկյանը նույնպես անգլիական հումորով պատասխանեց՝ հստակ արտաբերելով՝ մերսի: Եթե Հայաստան գան բոլոր անգլիացիներն ու անգլիաբնակները, որ ստացան նրա հրավերը, բնակչության թիվը կտրուկ կաճի: Արտաքուստ դա նման էր Մեծ Բրիտանիայում Գագիկ Ծառուկյանի թագադրման ու նվազագույնը՝ վարչապետի այցի:


Ինչի՞ էր նման ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Բրյուսել: Արդյունքը կամ հետևանքը կլինի նոյեմբերին: Կարեն Կարապետյանին Երևան գործուղեց Մոսկվան՝ հետդարձի տոմս չգնելով, հետո նրան թողեց մենակ՝ համոզվելով, որ Սերժ Սարգսյանն ավելի փորձառու է: Մինչ մենք համառ հաշվարկում ենք` Սերժ Սարգսյանը, թե Կարեն Կարապետյանն է լինելու 2018-ի վարչապետը՝ մի կողմ դրած Սահմանադրությունը, ԵՄ-ն, ի դեմս իր պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու, մի թեթև հիշեցրեց, որ Արևմուտքը եղել է ու կա ժողովրդավարության կողմնակից: Այսինքն՝ բացի ներքին պատերն ու շրջապատերը, կա արտաքին չափում, որ չի չափվում միայն Կրեմլով: Սահմանադրության փոփոխությամբ Սերժ Սարգսյանը երեք նախագահների եռանկյունուց ոչ մի անկյուն չթողեց: Դեյուրե ու դեֆակտո թեման փակեց: Ո՞վ է հավատում Լևոն Տեր-Պետրոսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ռեինկարնացիային: Հարցը վարչապետական հարթակ տեղափոխելը խաղից հանեց անձերին ու մտցրեց կուսակցությանը, որ ոչ ոք այսօր, Սերժ Սարգսյանից բացի, չունի, ուրեմն մրցակից չէ: Բայց եվրոպացուն դա չես հասկացնի՝ նրանց կուսակցությունները ձեռնոցների պես են ղեկավարներ փոխում` ըստ ընտրությունների արդյունքների: Արևմուտքում «վոժդիզմը» վաղուց են հաղթահարել, որևէ պատգամավոր կամ քաղաքական գործիչ երբևէ իրեն թույլ չի տա 2017-ին հայտարարել կամ կանխատեսել, թե ով է լինելու իշխանություն 2040-ին, այլևս չեն ընտրի: Սերժ Սարգսյանը Բրյուսելում ԵԺԿ-ի վեհաժողովում լուրջ խնդիր ուներ՝ ընդունելի դարձնել իր վարչապետությունը համաեվրոպական մակարդակում: Գինը Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումն է: Ոչինչ, որ խորհրդարանական կառավարման մոդելով Հայաստանում հաստատվում է անձիշխանություն: Դա ձեզ ո՞ր երկիրն է հիշեցնում:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Ոչ միայն Երկիրն ունի ձգողականություն, առավել ուժեղ է իշխանության ձգողականությունը: Իշխանությունը օրենքն իրավունքով շրջանցելու հնարավորություն է, որից կամավոր հրաժարվելու հոդաբաշխ բացատրություն չկա: 2013-ին Սերժ Սարգսյանը հրաժարվեց ԵՄ-ից, 2017-ին նույն փաստակներն այլևս արդիական չեն: Պետք չէ Մոսկվային դարձնել մեծ բոբո ու ապրել բոբոյից հավերժական սարսափի մեջ: Մենք ունենք գերփորձառու ԱԳ նախարար, որ առանց Լավրովի «փորձաքննության» ԵՄ ոչ մի փաստաթուղթ չէր նախաստորագրի, ՌԴ-ին բնավ պետք չէ ԵՄ-ի հետ լրացուցիչ հարաբերություններ լարել մի փաստաթղթի պատճառով, որ ռեալ քաղաքականության դաշտում իրեն չի խանգարում: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի «կեղծ ընտրության» որակումը ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի վերաբերյալ՝ թիրախ ուներ ոչ թե Հայաստանը, այլ՝ Մոլդովան, Բելառուսն ու Ադրբեջանը: Բրյուսելը միամիտ չէ՝ երկրորդ անգամ Հայաստանի հետ նույն սխալն անելու: Ոչ էլ Սերժ Սարգսյանը՝ Բրյուսելին կամ Փարիզին փաստի առաջ կանգնեցնելու: Պատն ու շրջապատը նա ոչ միայն տարբերում, այլև ձեռամբ է կառուցում: Կարևորը՝ տանիքը չկաթի:

Դիտվել է՝ 5292

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ