ՌԴ ու ԱՄՆ նախագահներն առաջին անձնական հանդիպումը կունենան հուլիսի 7-ին, Համբուրգում, G 20-ի շրջանակներում: Այդ հանդիպման նախապատրատումը փաստացի սկսվեց ԱՄՆ նախագահի պաշտոնակալության օրից: Հանդիպման վայր պատրաստ էին դառնալ Ֆինլանդիան, Սլովենիան, Իսլանդիան: Այդ ընթացքում Պուտինն ու Թրամփը հասցրել են բազում հայտարարություններ անել երկկողմ հարաբերությունների ու միմյանց մասին:
Ընտրարշավի ժամանակ Դոնալդ Թրամփը բացահայտ հիանում էր Պուտինով ու նրա տաղանդով: Ելույթներից մեկում նա Պուտինին անվանեց «ավելի լավ ղեկավար, քան Բարաք Օբաման»: Ռեմարկը քննադատության հորձանք հարուցեց:
Հաղթանակից հետո՝ դեկտեմբերի 4-ին Վլադիմիր Պուտինը Դոնլադ Թրամփին անվանեց «խելացի մարդ», որ «բավականաչափ արագ կգիտակցի նոր դերը»:
Վլադիմիր Պուտին. Քանի որ նա կարողացել է հաջողություններ ունենալ բիզնեսում, դա վկայում է, որ նա խելացի մարդ է: Իսկ եթե խելացի է, նշանակում է ամբողջությամբ ու բավականին արագ կգիտակցի պատասխանատվության նոր մակարդակը:
Reuters
Պաշտոնակալությունից հետո, հունվարի 27-ին լրագրողները հարցրին Թրամփին՝ բանակցություններ կվարի՞ Պուտինի հետ և պատրա՞ստ է պատժամիջոցները հանել ՌԴ-ից: Թրամփը պատասխանեց, որ ՌԴ նախագահի հետ լավ հարաբերությունների հույս ունի:
Դոնալդ Թրամփ. Ես հույս ունեմ, որ մենք ֆանտաստիկ հարաբերություններ կունենանք: Դա հնարավոր է: Գուցե լինի, գուցե չլինի: Տեսնենք՝ ինչ կլինի:
AFP
Փետրվարի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները հետընթաց են ապրել ու վերականգնման կարիք ունեն:
Վլադիմիր Պուտին. Ռուս-ամերիկյան հարաբերությունները անցած հինգ տարիներին հատկապես ուժեղ հետընթաց են ապրել և վերականգնումի կարիք ունեն՝ ի շահ ՌԴ-ի ու ԱՄՆ-ի ժողովրդի:
AFP
Մի քանի օրից Սպիտակ տունը հայտարարություն տարածեց, որտեղ Թրամփը Ռուսաստանին կոչ էր անում զբաղվել դեէսկալացիայով ՈՒկրաինայում ու «վերադարձնել Ղրիմը»:
Մարտի 19-ին Fox News-ին տված հարցազրույցում Դոնալդ Թրամփին խնդրեցին հակիրճ բնութագրել տարբեր մարդկանց, նրանց թվում՝ Պուտինին:
Դոնալդ Թրամփ. Ես նրան չգիտեմ, բայց ակնհայտ է, որ նա պինդ ընկույզ է: Ես չգիտեմ՝ ինչ է անում նա Ռուսաստանի համար, բայց կարծում եմ՝ ինչ-որ պահից կիմանանք:
AFP
Ապրիլի 12-ին Վլադիմիր Պուտինը նորից հայտարարեց, որ Վաշինգտոնի հետ հարաբերություններում վստահության աստիճանը Դոնալդ Թրամփի օրոք հետընթաց է ապրել: Նույն օրը Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ հիանալի կլինի, եթե ԱՄՆ-ը ՌԴ-ի ու ՌԴ նախագահի հետ նորմալ հարաբերություններ ունենա:
Դոնալդ Թրամփ. Հիանալի կլիներ, որ մենք լեզու գտնեինք Պուտինի ու Ռուսաստանի հետ: Դա կարող է լինել, կարող է չլինել, կարող է պարզապես հակառակը լինել:
Հաջորդ օրը Թրամփն առավել լավատեսական թվիթ գրեց. «Ամեն ինչ հիանալի կլինի ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև: Անհրաժեշտ պահին բոլորը խելքի կգան և կայուն խաղաղություն կլինի»:
AFP
Մայիսի 15-ին ՌԴ նախագահը Պեկինում ՉԺՀ նախագահին սպասելիս նստեց դաշնամուրի առաջ ու սկսեց նվագել «Город над вольной Невой» և «Московские окна»: Պատասխանելով հարցին, թե ի՞նչ կնվագեր Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից առաջ, Պուտինն ասաց, որ նախ պետք է հանդիպել:
Վլադիմիր Պուտին. Թրամփի՞ հետ: Չգիտեմ, կարծում եմ, նախ պետք է հանդիպել, քննարկել և հանդիպման արդյունքներով մեղեդին ընտրել:
AFP
Հունիսի 1-ին Սանկտ Պետերբուրգի Միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում միջազգային տեղեկատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպմանը Վլադիմիր Պուտինն ասաց, որ Դոնալդ Թրամփն անկեղծ է, որ քաղաքական գործչի համար անսովոր է: Ֆորումի լիագումար նիստում նա հայտարարեց, որ Թրամփի թիմը նախընտրական արշավում մյուսներից առավել արդյունավետ գործեց:
Վլադիմիր Պուտին. Ես էլ երբեմն մտածում էի՝ մուժիկը չափն անցնում է, բայց պարզվեց, որ նա ճիշտ է, նա մոտեցման ձև գտավ և բնակչության խմբերին, և ընտրողների այն խմբերին, որոնց վրա հույս էր դնում:
EPA
Պուտինը նույնպես մեկնաբանել է ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության մեղադրանքները: «Հեշտ է ասել, որ մենք մեղավոր չենք, մեղավորը ռուսներն են, նրանք խառնվել են մեր ընտրություններին, իսկ մենք լավն ենք: Դա ինձ հակասեմիտականություն է հիշեցնում՝ ամեն ինչում հրեաներն են մեղավոր: Տխմարը դու ես, ոչինչ անել չես կարողանում, հրեաները մեղավոր են: Բայց մենք գիտենք՝ ինչի են նման տրամադրությունները հանգեցնում, լավ ոչինչ չի լինում վերջում»: Հունիսի կեսին Թրամփը Թվիթերում գրեց. «Հանձնաժողովում լսումների ու հետաքննությունների յոթ ամիսներից հետո «ռուսների հետ իմ գաղտնի գործարքի մասին» ոչ ոք այդպես էլ չկարողացավ որևէ ապացույց ներկայացնել: Տխուր է»:
BBC
Հ.Գ. Ոչ միայն BBC-ին, համաշխարհային մամուլը մեկնաբանությունների ու կանխատեսումների մեջ է, թե ինչպես կանցնի «դարի հանդիպումը»՝ ոտքի վրա՝ քանի՞ րոպե կտևի, ձեռքսեղմում կլինի՞, թե՞ ոչ, առաջին բառերը որո՞նք կլինեն, և, իհարկե, ի՞նչ արդյունք կունենա առաջին հանդիպումը ռուս-ամերիկյան հարաբերությունների վրա: Սպասեք Թրամփի թվիթին: Նա բոլորից առաջ կանցնի իր մեկնաբանության մեջ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ