Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայաստանը եզակի դեպք է, արտակարգ երկիր

Հայաստանը եզակի դեպք է, արտակարգ երկիր
07.07.2017 | 07:33

«Կոնգրես» հյուրանոցում հուլիսի 5-ին Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի ու ՆԱՏՕ-ի հանրային կապերի դեպարտամենտի աջակցությամբ հրավիրել էր «ՆԱՏՕ-ն Վարշավայից Բրյուսել՝ մարդկային անվտանգության և անվտանգության ոլորտի բարեփոխումները Հայաստանում» թեմայով կոնֆերանս՝ ՆԱՏՕ-ի երկրների դեսպանների, Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոսարիա Պուգլիսիի, փորձագետների, Հայաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Դատելով «Պիկասո» սրահի մարդաշատությունից՝ թեման հետաքրքրություն է վայելում:
Նախքան կոնֆերանսը՝ Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ հարցրի.

-«Մարդկային անվտանգության և անվտանգության ոլորտի բարեփոխումները Հայաստանում» թեման եթե Վարշավայից Բրյուսել ամփոփենք, քայլեր արե՞լ ենք, թե՞ մեր ավանդական փոխլրացման ճանապարհով ենք գնում:
-Փոխլրացման քաղաքականությանն անցնելը կամ այդ քաղաքականությունն ուժեղացնելը շատ կարևոր է: Անցած տարի քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ սխալ է հույս դնել մեկ համակարգի կամ մեկ երկրի վրա: Բոլորի հետ պետք է աշխատել: Փոխլրացման քաղաքականությունը շատ ակտուալ է դարձյալ: Առաջին հերթին պետք է հույսդ դնես քո ուժերի վրա, երկրորդ՝ գործակցես միջազգային կառույցների և տարբեր պետությունների հետ: Մենք մեր անվտանգության ապագան կապեցինք միայն Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի հետ, և ժամանակը ցույց տվեց, որ փոխլրացումն անհրաժեշտ է: Այդ պատճառով ես համարում եմ, որ ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցությունը շատ օգտակար է և կարևոր է, որ փոխլրացնող է: Ծրագրերը, որոնք իրականացվում են ՆԱՏՕ-ի հետ՝ տեղեկատվական կապի ուժեղացում բանակում, հասարակության վերահսկողություն բանակում, չեն հակասում ոչնչի:
-ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցությունը միայն քաղաքակա՞ն բաղադրիչով է, թե՞ կա նաև ռազմականը:
-Կա նաև ռազմականը, օրինակ, խաղաղապահ ուժերը, որ մասնակցում են Աֆղանստանում ու Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում է: Քաղաքական մասը հիմնականում բարեփոխումներին է վերաբերում, եթե բանակդ ավելի ժամանակակից ես դարձնում, թիվը չփոխելով, կարող ես ավելի շատ հարցեր լուծել: Ինչ անում է ՆԱՏՕ-ն, մյուսները չեն անում, ԱԳԳԾ-ի շրջանակներում՝ կոռուպցիայի դեմ պայքար, օրենսդրության բարելավում: Դա շատ կարևոր աշխատանք է, որ ուժեղացնում է մեր անվտանգությունը և խոցելի չի դարձնում մեկ համակարգի հետ կապվելու պատճառով: Եթե դու կենտրոնանում ես մեկ համակարգի վրա, այդ համակարգը կարող է քեզ չաջակցել, վերադարձը դիվերսիֆիկացիային շատ կարևոր է:
-Ջեյմս Ապաթուրայը վերջերս ասաց, որ ՆԱՏՕ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը չի խառնվում, դա Մինսկի խմբի գործն է: Կարծո՞ւմ եք, որ այդ հայտարարությունն արդեն իսկ զսպող նշանակություն ունի:
-ՆԱՏՕ-ի դիրքորոշումը ԼՂ հարցում շատ դրական է՝ նրանք ասում են՝ կա Մինսկի խումբ ու մենք հավատում ենք գործընթացներին, որ կատարվում են ՄԽ շրջանակներում: Մինսկի խումբը ասում է, որ հարցը պետք է լուծվի՝ հարգելով երեք սկզբունքները, և ՆԱՏՕ-ն համաձայն է: Ալյանսը կոնկրետ կոնֆլիկտներով չի զբաղվում, բայց միանշանակ ունի զսպիչ գործոնի դեր:

Բացելով կոնֆերանսը՝ Ստեփան Գրիգորյանը նշեց, որ վերջին հինգ տարիներին ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խնդիրների վերաբերյալ քննարկումներ լինում են և՛ Երևանում, և՛ Երևանից դուրս՝ նպատակ ունենալով ժողովրդին տեղեկացնելու ալյանսի հետ Հայաստանի համագործակցության արդյունքների մասին, մասնավորապես անվտանգության ոլորտում: Նա ընդգծեց, որ դիվերսիֆիկացիան անվտանգությունը միայն ամրապնդում է՝ «Հետո ուրիշներից չնեղանանք, որ մեզ դեմառդեմ մենակ թողեցին թշնամու հետ»:
Հարավային Կովկասում «Հանուն ազատության» Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի ներկայացուցիչ Շամիլ Շուգաևը կարևորեց տարածաշրջանում համագործակցությունը տարբեր գործընկերների հետ, որ կամուրջ են դառնում արժեքների ու սկզբունքների փոխանցման համար:
Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոսարիա Պուգլիսին պատմեց գրասենյակի վերջին միջոցառումների մասին, որոնք պատկերացում են տալիս ՆԱՏՕ-ի և Հայաստանի զարգացող փոխհարաբերությունների մասին: Նա այն կարծիքին է, որ Հայաստանը կարողանում է հաջողությամբ համատեղել ՆԱՏՕ-ի հետ ակտիվ համագործակցությունը ՀԱՊԿ-ին անդամակցության հետ: Հայաստանի և ՆԱՏՕ-ի բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ, եթե Հայաստանը ցանկանում է բարեկարգել իր անվտանգային համակարգը, պետք է համագործակցի ՆԱՏՕ-ի հետ: Ռոսարիա Պուգլիսին աննախադեպ որակեց, որ Հայաստանն անդամակցում է ռազմաքաղաքական մի դաշինքի՝ ՀԱՊԿ-ին, և հաջողությամբ համագործակցում մեկ այլ դաշինքի՝ ՆԱՏՕ-ի հետ: «ՆԱՏՕ-ում գնահատում են դա՝ հասկանալով, որ փոքր երկրի համար հեշտ չէ»: «Հայաստանը եզակի դեպք է, արտակարգ երկիր»՝ եզրափակեց նա՝ վստահեցնելով, որ ՆԱՏՕ-ն կողմ է համագործակցության զարգացմանը:
«Գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերներ՝ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության կարևորությունը» թեման բացեց Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը: Նա անդրադարձավ ներքին և արտաքին մարտահրավերներին, որոնք նման են և Գերմանիայում, և Հայաստանում, և ԵՄ երկրներում: Դեսպանը պատմեց 50-60-ականների Գերմանիայի մասին, որտեղ ի հայտ եկավ համազգեստով քաղաքացին, որ զինված ուժերը չդառնան պետություն պետության մեջ: Այդ գաղափարի կիրառումը Գերմանիայում իրեն արդարացրել է: «Հայաստանի մարտահրավերները մի քիչ այլ են, ես չէ, որ պիտի բացատրեմ»,- ասաց դեսպանը: Նա շեշտեց, որ Վարշավայի գագաթնաժողովը կարևոր էր` հստակեցվեցին դիրքորոշումներն ու մոտեցումները, մասնավորապես, ՌԴ-ի նկատմամբ: ՆԱՏՕ-ն ցանկանում է համագործակցել ՌԴ-ի հետ և սպառնալիք չէ Ռուսաստանի համար: Անդրադառնալով ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններին, Մաթիաս Քիսլերն ասաց, որ ՆԱՏՕ-ն ունի և կարող է ավելի կարևոր դեր ունենալ զինված ուժերի արդիականացման հարցում. «ՆԱՏՕ-ն հուսալի գործընկեր է, ընդհանուր նպատակն է խաղաղություն ու անվտանգություն ապահովելը: ՆԱՏՕ-ն առաջարկում է համագործակցություն, չի պարտադրում: Հայաստանի հետ մեր համագործակցությունը խիստ թափանցիկ է: ՀՀ զինված ուժերի կատարելագործման, բարեփոխման ուղղությամբ բավական աշխատանք արդեն արված է»: Շնորհակալություն հայտնելով Ստեփան Գրիգորյանին, որ կոնֆերանսին մասնակցում են տարբեր երկրների դեսպաններ, Գերմանիայի դեսպանը ցանկություն հայտնեց, որ հաջորդ քննարկմանը մասնակցի ՌԴ դեսպանը՝ հասկանալու համար ՌԴ-ի վերաբերմունքը` ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությանը: Մաթիաս Քիսլերը հավարտ ելույթի շեշտեց, որ ՆԱՏՕ-ն երբեք երրորդ երկրի դեմ չի համագործակցում:


Հայաստանում Լեհաստանի դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին, նշելով, որ ՆԱՏՕ-ն ի վիճակի է ֆիզիկապես և ռազմական ճանապարհով պաշտպանելու անդամ պետությունների անվտանգությունը, կարևորեց ՆԱՏՕ-ի արևելյան թևի ուժեղացումը, որտեղ գործընկերներից է Հայաստանը: Պարոն Նովակովսկին, նայելով ժամացույցին, ասաց, որ մի քանի ժամից ԱՄՆ նախագահը ժամանելու է Վարշավա՝ Լեհաստանից սկսելով այցը Եվրոպա, և հավելեց. «Ես վստահ եմ, որ Թրամփը չի սիրում Լեհաստանը, բայց այցը Վարշավայից սկսելը հստակ ուղերձ է»: Իսկ ուղերձը ՆԱՏՕ-ի արևելյան թևի ուժեղացումն է: Լեհաստանի դեսպանը հստակ ասաց. «ՆԱՏՕ-ն ՌԴ-ի դեմ ուղղված չէ, ուղղված է մեր ներքին պաշտպանական կարողությունների ամրապնդմանը, կայունության և անվտանգության ապահովմանը»: Նշելով, որ նույնքան կարևոր է ՆԱՏՕ-ի սահմանների շուրջ անվտանգության ապահովումը, նա հիշեցրեց, որ Հարավային Կովկասը շատ մոտ է ՆԱՏՕ-ի սահմաններին և դա միայն ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի պատճառով չէ՝ շատ կարևոր է համագործակցությունը Հայաստանի և այն գործընկերների հետ, որ համամիտ են կառույցի տեսակետներին: «ՆԱՏՕ-ն քաղաքական կառույց է, որ ունի ռազմական բաղադրիչ»՝ գնահատականը, ըստ դեսպանի, չափազանց լավատեսական էր: ՈՒկրաինական իրադարձությունները ցույց տվեցին, որ այդ փուլն ավարտվել է: Վարշավայի գագաթնաժողովը կարևոր էր՝ ՆԱՏՕ-ն վերադարձավ իր նախկին պաշտպանական բաղադրիչին, ավանդական ՆԱՏՕ-ին, որ ուղղված է զսպմանը և պաշտպանությանը:
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության երեք կարևոր գործոն առանձնացրեց: Առաջինը փորձի փոխանակումն է:

«Երբ նայում ենք Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին՝ առաջինը փորձի փոխանակումն է, Հայաստանի ունակությունը՝ պատրաստվել գալիք սպառնալիքներին ու մարտահրավերներին։ Կարևոր են հայկական զինված ուժերի արդիականացումը և պրոֆեսիոնալացումը։ Ի տարբերություն իր հարևանների՝ Հայաստանն առաջարկում է ավելի կանխատեսելի, կայուն և պրոֆեսիոնալ զինուժ»,- նշեց նա։ Երկրորդ գործոնը նոր հնարավորություններին է վերաբերում: Հայաստանի առջև բացվող առաջին հնարավորությունը քաղաքացիական վերահսկողության կարևորությունն է խորհրդարանական կառավարման համակարգի անցնող Հայաստանի համար։ «Ի տարբերություն հետխորհրդային շատ պետությունների՝ Հայաստանը տպավորիչ և կայուն հարաբերություններ ունի քաղաքականության և զինուժի միջև, զինուժը չի խառնվում քաղաքականությանը։ Այս իմաստով մեծ առավելություններ ունենք մեր հարևանների նկատմամբ։ Երկրորդ կարևորությունն ինստիտուցիոնալ պատասխանատվությունները զարգացնելու հնարավորությունն է: Եվ վերջապես, նոր հնարավորություններ են բացվում Հայաստանի առջև, ինչը թույլ է տալիս նվազեցնել մեկ գործընկերոջից գերկախվածության մեջ լինելու ռիսկերը»,- ասաց փորձագետը։


Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների երրորդ գործոնը Հայաստանի զարգացումն է՝ «Հայաստանն անվտանգության սպառող չէ, այլ դարձել է նպաստ բերող տարածաշրջանային և համաշխարհային անվտանգությանը։ Դա են վկայում տարբեր երկրներում տեղակայված մեր խաղաղապահ ուժերը։ Հայաստանը՝ որպես ՆԱՏՕ-ի վստահելի գործընկեր, նշանակալի հնարավորություններ է ընձեռում ՆԱՏՕ-ի մանդատն ու առաքելությունն ամրացնելու հարցում։ Այս իմաստով՝ մենք պետք է խորացնենք գիտելիքները ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների մասին, և իրատեսական ակնկալիքներ ունենանք ՆԱՏՕ-ից։ Առաջին հերթին՝ մենք ՆԱՏՕ-ի գործընկերն ենք, ոչ թե անդամը»,- ընդգծեց Ռիչարդ Կիրակոսյանը։


Նա ևս անդրադարձավ ՀՀ-ՆԱՏՕ-ՌԴ եռանկյունուն, նշելով, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների խորացումը Հայաստանում հակառուսական ջանքեր չեն: Հայաստանը ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամ լինելով՝ եզակի օրինակ է, որ ՆԱՏՕ-Ռուսաստան մրցակցությունը չի կարող Հայաստանը մեկուսացնել: «Մենք մեր սպառազինությունը ստանում ենք Ռուսաստանից, իսկ արժեքներն ու փորձառությունը՝ ՆԱՏՕ-ից, մենք երկուսի կարիքն էլ ունենք»,- եզրափակեց Ռիչարդ Կիրակոսյանը:
Հայկական ատլանտյան ասոցիացիայի գործադիր նախագահ Թևան Պողոսյանը անդրադարձավ 68 տարեկան ՆԱՏՕ-ի տրանսֆորմացիաներին և փորձեց գտնել Հայաստանի տեղը: Նա շեշտեց, որ ցանկացած կազմակերպություն պարբերաբար պետք է իր ներքին կազմակերպական խնդիրները վերանայի: Մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ունի իր յուրահատուկ հարաբերությունները ՆԱՏՕ-ի գործընկեր մի քանի երկրների հետ: Թևան Պողոսյանը հիշեցրեց, որ Թուրքիան վետո դրեց Ավստրիային վերաբերող մի հարցի վրա, որից տուժեցին մյուս երկրները, նաև՝ Հայաստանը՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի կրթական ծրագրերին: «Սա գլոբալ և տարածաշրջանային մարտահրավեր չէ՞»,- հարցրեց Թևան Պողոսյանը: Նա հիշեցրեց և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը Ադրբեջանի ձեռքով, և ԵԽԽՎ վերջին սկանդալը, երբ մի երկրի վարքագծի պատճառով, կոռուպցիոն գայթակղությունների հետևանքով ամբողջ կազմակերպության արժեքային համակարգն է հայտնվում կասկածի տակ և կազմակերպությունը ստիպված է լինում իր կանոնակարգը փոխել՝ վարկաբեկված նախագահին հեռացնելու: Թևան Պողոսյանը շեշտեց, որ մարտահրավերները կան և կա համատեղ աշխատելու ցանկություն, բայց կարողանո՞ւմ ենք դիմակայել մարտահրավերներին զարգացման համար: Նա կոչ արեց ՆԱՏՕ-ին ուշադրություն դարձնել՝ ինչ է կատարվում իր ներսում՝ կկարողանա՞ ՆԱՏՕ-ն սանձել Թուրքիայի բռնապետություն դառնալու ձգտումը: «Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության դաշտում արժեքների խնդիրը պետք է կարողանանք առաջ բերել»,- եզրափակեց խոսքը Թևան Պողոսյանը և հիշեցրեց, որ ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի առաջին տեքստում կար մի նախադասություն, որ հետո հանվեց. «ՆԱՏՕ-ի անդամ երկրները ճանաչում են Հայաստանի եվրոպական հավակնությունները դառնալ ԵՄ անդամ»: Մենք ունեցել ենք մեր պատմության մեջ այդ նախադասությունը՝ հաստատված ու կնքված, իսկ եթե համեմատենք ՆԱՏՕ-ի ու ԵՄ անդամների ցանկը, տարբերություն չենք գտնի և անհասկանալի է, թե ինչու էին հետո նրանք Հայաստանի եվրոպական հավակնություններին վերջակետ ուզում դնել»:


Նիստի երկրորդ մասում՝ «Մարդկային անվտանգություն և անվտանգության ոլորտի բարեփոխումները Հայաստանում՝ ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության համատեքստում» ելույթ ունեցան Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, ԱԺ պատգամավոր Արտակ Զեյնալյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի համակարգող Զարուհի Հովհաննիսյանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Կոնֆերանսը երկարատև էր ու բազմաթեմա, եղավ և հարց ու պատասխան, որ վարեց ՀԱԿ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Կարապետյանը: Միով բանիվ՝ ՆԱՏՕ-ի նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում փաստ է, որ միայն լրագրողները չեն արձանագրում: Անվտանգության դիվերսիֆիկացիան լրջագույն խնդիր է, որտեղ բոլոր հնարավորությունները պետք է օգտագործել: Արևմտյան վեկտորը Հայաստանի համար մնում է հիմնաթեմա: «ԵՄ դռները Հայաստանի առջև բաց են, ԵՄ-ն պատրաստ է Հայաստանի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը»,- ասաց Լեհաստանի դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին: «Մենք սպասում ենք համաձայնագրի ստորագրմանը և, ինչպես ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, մենք հայ գործընկերների կողմից հստակ քայլեր ենք ակնկալում: Մենք ոչ թե խոստումներ, այլ հստակ քայլեր ենք ակնկալում»: Հարցին՝ ի՞նչ կլինի, եթե համաձայնագիրը չստորագրվի, դեսպանը պատասխանեց. «Իհարկե, կշարունակենք Հայաստանի հետ երկխոսությունը, սակայն երկխոսության տարբեր մակարդակներ կան: Կա բարեկամական երկխոսություն, սովորական երկխոսություն, սառը երկխոսություն: Մենք հայ-եվրոպական լուրջ երկխոսության շատ մեծ հույսեր ունենք: Դա կախված է երկու կողմերից` ներառյալ մեր համաձայնությունների լիակատար իրականացումը»:
Սառը երկխոսությունը անցել ենք, սովորականից վերաճել ենք, մնում է լուրջ երկխոսությունը: Նոյեմբերը սարերի հետևում չէ:

Դիտվել է՝ 18033

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ