Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թրամփի դարաշրջանում աշխարհը, ինչպես երբեք, ՄԱԿ-ի կարիքն ունի

Թրամփի դարաշրջանում աշխարհը, ինչպես երբեք, ՄԱԿ-ի կարիքն ունի
24.09.2017 | 03:18

ՄԱԿ-ի համընդհանուր խաղաղության ու գլոբալ աջակցության տպավորիչ կոչերի հիմքում գաղափարն է, որ բոլոր երկրների անվտանգությունն ու բարգավաճումը հնարավոր են միայն խաղաղ պայմաններում: ՄԱԿ-ը բնավ էլ լավագույն հեղինակությունը չունի ճգնաժամերի կանխարգելման հարցում, բայց նրա ներդրումը առողջապահության ու կրթության հարցում էականորեն օգնում է միջազգային զարգացմանը, իսկ նրա գերատեսչությունները շարունակում են կրճատել մարդկային կորուստները կոնֆլիկտների ընթացքում: Նախագահ Դոնալդ Թրամփը այդ ամենի վերաբերյալ քիչ այլ տեսակետ ունի: Երեքշաբթի օրն իր առաջին ելույթն ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, նա արժանին մատուցեց կազմակերպության «հրաշալի հայեցակարգին»: Բայց հազիվ թե հիմքեր կան ասելու, որ նա փոխել է իր հայացքներն այդ ինստիտուտի վերաբերյալ, որ ժամանակին ծաղրում էր` անվանելով ակումբ, ուր «մարդիկ հավաքվում են, զրուցում են ու լավ ժամանակ են անցկացնում»: Թրամփը հասկանալ տվեց, որ ամբողջ աշխարհի խաղաղության ու զարգացման համար արվող ներդրումները չի համարում իր երկիրն ավելի անվտանգ ու հարուստ դարձնող գործ:

Նշելով, որ ԱՄՆ-ը ՄԱԿ-ի բյուջեում ունի առյուծի բաժին (22 %)` նա հայտարարեց. «Աշխարհի ոչ մի երկիր իր ուսերին չպետք է կրի ֆինանսական ու ռազմական ծանրաբեռնվածության անհամաչափ բեռ»: Նա դեմ չէ ՄԱԿ-ի օգտակար գործունեությանը, ինչպես դեմ չէ ՆԱՏՕ-ի օգտակար գործունեությանը: Նա պարզապես մտածում է, որ ԱՄՆ-ի վճարները չեն փոխհատուցվում և ցանկանում է, որ մյուս երկրներն ավելի շատ վճարեն: Բայց կլիմայական փոփոխությունների խնդրի լուծման համար, կիբեռանվտանգության, առողջապահության և համաշխարհային նշանակության այլ հարցերի լուծման համար պետք է հարթակ, որտեղ հավաքվում են աշխարհի հզորները որոշումներ ընդունելու համար: Թրամփը չի հավատում բազմակողմ հարաբերությունների սկզբունքին և շահագրգռված չէ բազմակողմ պատասխանատվությամբ: ԵՄ-ն միայնակ չի հաղթահարի, իսկ Չինաստանին դեռ պակասում է միջազգային կշիռը: Այդ և այլ երկրներին պետք է ՄԱԿ-ը, որ ի զորու է նման առաքելություն կատարելու: Այս տարվա հունվարից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն այն մարդն է, որ կարող է դա անել: Նա Թրամփի լիակատար հակապատկերն է: Նա ունի վերլուծաբանի, ոչ թե ուժայինի խելք, խուսափում է քաղաքական գոռոզամտությունից, որի պատճառով մարդը երկար ժամանակով շահում է ոչ միայն բարեկամներ, այլև թշնամիներ: Լինելով սոցիալիստ և Պորտուգալիայի նախկին վարչապետը` նա աջակցում է որոշումների կոլեկտիվ ընդունման եվրոպական արժեքներին: Իբրև փախստականների հարցով ՄԱԿ-ի նախկին գլխավոր հանձնակատար` նա հասկանում է` ինչ բարձր գին է մարդկությունը վճարում կոնֆլիկտների համար: Գուտերեշը լավ հարաբերություններ ունի թե ԱՄՆ-ի, թե Չինաստանի հետ: Նոր ու հատուկ նշանակություն է տալիս թափանցիկությանը, որ այդքան անհրաժեշտ է ՄԱԿ-ի ու իր բյուրոկրատական ապարատի գործունեությանը:

Դա բավարար չէ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման համար, որ չի կարողանում իր պարտականությունները բավարար կատարել, որտեղ վետո ունեցող անդամները ձախողում են ամենաբարդ խնդիրների լուծումները: Միայն Կիմ Չեն Ինը, ոչ թե Անտոնիո Գուտերեշը կարող է ԱՄՆ-ին ու Չինաստանին մղել Հյուսիսային Կորեայի խնդրի լուծման համատեղ աշխատանքի: Բայց կարևոր այլ հարցերում ՄԱԿ-ը ամենալավ ու հուսալի մեխանիզմն է գլոբալ ճգնաժամերը Թրամփի դարաշրջանում կարգավորելու համար:
Իեն ԲՐԵՄԵՐ, Time, ԱՄՆ


Հ.Գ. Իսկ գուցե Դոնալդ Թրամփը իրոք ճիշտ է` ՄԱԿ-ը ակումբ է, որտեղ լավ ժամանակ են անցկացնում: Օրինակ` Իլհամ Ալիևի ընտանիքը, ելույթներ են ունենում, սպառնալիքներ տեղում, հագուստներ ցուցադրում, ինքնալուսանկարվում, ուրախանում են: Եվ` ոչինչ չի հաջորդում: Քանի՞ պետության ներկայացուցիչ Իլհամ Ալիևի ելույթից հետո գոնե ռեպլիկով անդրադարձավ նրա հայտարարությանը, որ պատրաստ է նորից «պատժել» Հայաստանին: Փաստացի` դա ռազմական ագրեսիայի հայտարարություն էր ՄԱԿ-ի ամբիոնից: Կամ` որ Ադրբեջանը ժողովրդավարական երկիր է, որտեղ գործում են մարդու իրավունքների պաշտպանության բոլոր ինստիտուտները: Բլոգեր Ալեքսանդր Լապշինն էլ` վկա: ՈՒ ի՞նչ: Ընդունվեց ի գիտությու՞ն: Արձանագրվեց գրանցամատյաններու՞մ: Իսկապես ժամանակն է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2044

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ