Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նազարբաևը ձեռնարկում է Ղազախստանը Ռուսաստանից անկախացնելու քայլեր

Նազարբաևը ձեռնարկում է Ղազախստանը Ռուսաստանից անկախացնելու քայլեր
08.10.2017 | 11:33

16-րդ դարի կեսից Ռուսաստանը գերիշխանության է ձգտում հարևանների նկատմամբ` ջանալով ստանալ եվրասիական գերտերության կարգավիճակ: 2 տարի առաջ ԵԱՏՄ-ի ստեղծումը ղազախ շատ ազգայնականներ ընկալեցին իբրև Մոսկվայի վաղեմի աշխարհաքաղաքական նպատակին հասնելու նոր փորձ: Այնուամենայնիվ, Ղազախստանը Ռուսաստանի մերձավոր դաշնակիցներից մեկն է: Ի տարբերություն նախկին խորհրդային մյուս հանրապետությունների` Ղազախստանն աջակցեց Մոսկվային և ԱՊՀ երկրների միջև ազատ առևտրի հարցում, և ՀԱՊԿ-ի ստեղծման` ջանալով կամուրջ դառնալ Ռուսաստանից Կենտրոնական Ասիա: 2015-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պետությունների ղեկավարներից առաջիններից մեկը (Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ) մտավ Եվրասիական տնտեսական միություն, որ Արևմուտքում անվանվեց «երեք բռնապետների միություն»։ Ռուսաստանը ԵԱՏՄ-ն անվանում է տարածաշրջանում կայունության երաշխավոր, սակայն Ղազախստանը տուժեց տնտեսական առումով Ռուսաստանի հետ այդքան սերտ կապերի պատճառով` երկիր, որ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ հայտնվեց Ղրիմի անեքսիայից հետո:


Վերջին մեկ տարում Ղազախստանի եկամուտները ԵՄ-ի հետ առևտրից կիսով չափ կրճատվել են, Նազարբաևը նույնիսկ կասկածի տակ դրեց ԵՄ-ին անդամակցության պլյուսները: 2016-ին նա հնարավոր էր համարում Ռուսաստանի հետ սահմանի ժամանակավոր փակումը, որ կանխի ղազախական շուկայի հեղեղումը ռուսական էժան ապրանքներով: Այդ քայլը կխախտեր ԵԱՏՄ-ի կանոնները: Ղազախստանում աճում է դժգոհությունը Ռուսաստանի հետ փոխինտեգրումից, իսկ Նուրսուլթան Նազարբաևը դժվարությամբ է պահում քաղաքական ու առևտրական հավասարակշռությունը իր երկրի, Ռուսաստանի ու Արևմուտքի միջև: Էթնիկ ղազախները սկսել են վախենալ, որ Պուտինի ՙեվրասիականությունը՚ ռուսական գաղութացման նոր ձև է: Ղազախստանի հետ դրական հարաբերություններ պահպանելու Ռուսաստանի ձգտումը պայմանավորված է էներգետիկ գերտերություն լինելու ցանկությամբ: Երկու երկրները հին ու մերձ հարաբերություններ ունեն այդ առումով: Ղազախական նավթի արտահանման հիմնական մասը հոսում է ռուսական խողովակաշարով, որը տնօրինում է «Տրանսնեվթ» պետական կորպորացիան: Ղազախստանը տարանցիկ պետություն է Թուրքմենստանից Ռուսաստան գազի մատակարարման համար ՙՄիջին Ասիա-Կենտրոն՚ գազատարով, որ «Գազպրոմի» վերահսկողության տակ է: Ռուսական ընկերությունները մասնակցում են Ղազախստանում մի քանի գազային ու նավթային հանքավայրերի շահագործմանը:


Աստանայի համար ԵԱՏՄ-ին անդամակցության պրոբլեմներից մեկը զուգահեռ հարաբերություններն են Չինաստանի հետ, որ հիմա Ղազախստանի առևտրային գործընկերն ու ամենամեծ ներդրողն է: Պեկինը առաջ է մղում իր «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» վիթխարի առևտրային նախագիծը, որ նախատեսում է Չինաստան նավթի ու գազի մատակարարումը` Թուրքմենստանից ՈՒզբեկստանի ու Ղազախստանի տարածքով: Ղազախստանի համար դա Ռուսաստանից կախումը նվազեցնելու միջոց է: Ռուսաստանը անհանգստությամբ է հետևում Աստանայի ու Պեկինի հարաբերություններին` Չինաստանի ներթափանցումը Ղազախստան սպառնում է ազդել Կենտրոնական Ասիայում ուժերի հավասարակշռության վրա: Ոչ վաղ անցյալում Նուրսուլթան Նազարբաևը փորձում էր հավասարակշռություն պահպանել` մուլտիվեկտորային հարաբերություններ կառուցելով Ռուսաստանի, Չինաստանի ու ԱՄՆ-ի հետ: Պարադոքսալ է, բայց ԵԱՏՄ-ին անդամակցության և անորոշ երկարաժամկետ հեռանկարների պարագայում Ղազախստանի էլիտան հակառուսական տրամադրությունները օգտագործեց բնակչությանը իշխանության շուրջ համախմբելու համար:


Ղրիմի ռուսական անեքսիայից հետո Ղազախստանի ինքնանույնականացումը անկախ արտաքին քաղաքականության միջոցով առավել վառ արտահայտված է դառնում` կասկածից, որ Ռուսաստանը, ինչպես Վրաստանի ու ՈՒկրաինայի դեպքում, կարող է ռազմական միջամտության դիմել` Ղազախստանի հյուսիսում էթնիկ ռուսների ՙպաշտպանության՚ պատրվակով:


Մեկնաբաններից քչերն են սպասում, որ 77 տարեկան Նուրսուլթան Նազարբաևը 2020-ին ավարտվող ժամկետից ավելի կմնա իշխանություն: Ղազախստանի հաջորդ նախագահը, ավելի շուտ, նվազ ռուսամետ կլինի և ավելի բաց` Չինաստանի հետ հարաբերություններում: Իրավահաջորդը կարող է Եվրոպայի հետ կապերն ամրապնդելու փորձեր անել, որ մղձավանջ է Ռուսաստանի համար։


Քաղաքական կուրսի վերաբերյալ տարաձայնություններ կան և Նազարբաևի կլանի ներսում: Նրա փեսա Թիմուր Կուլիբաևը սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ, նա «Գազպրոմի» տնօրենների խորհրդի անդամ է: Վերջին տարիներին ընկերությունը ջանում էր, որ ղազախական գազը չհայտնվի դեպի եվրոպական գլխավոր շուկաներ գնացող գազատարներում: Էլիտայի մյուս անդամները իրենց գաղափարներն ունեն Ղազախստանի տնտեսական զարգացման և Ռուսաստանի, Չինաստանի ու Արևմուտքի հետ կապերի վերաբերյալ: Ոչ Նազարբաևի դուստրը` Դարիգան, ոչ նախկին վարչապետ, հատուկ ծառայությունների ներկա ղեկավար ու Չինաստանի հետ Ղազախստանի կապերի ճարտարապետ Քարիմ Մասիմովը հուսալին չեն թվում Կրեմլին:


Այն պահից, երբ Մասիմովին վարչապետի պաշտոնում փոխարինեց Բակիտջան Սագինտաևը, նա միջազգային նոր կապեր հաստատելու քայլեր ձեռնարկեց, բայց զգուշորեն, որ չմեկուսանա Մոսկվայից ու հրահրի մրցակից կլանների պայքարը: Մի կողմից, խոսքը հին գվարդիայի մասին է` պահպանողական, հիմնականում ռուսամետ չեզոքների, որ Կուլիբաևի հետ են մերձ հարաբերությունների մեջ, մյուս կողմից` նախագահին մերձ մի քանի օլիգարխների, ներառյալ Դարիգա Նազարբաևային ու ինքնուրույն բիզնեսմեն Բուլատ ՈՒտեմուրատովին:
Երրորդ խումբը, որին ոչպաշտոնապես անվանում են ՙհարավցիներ՚, հայտնվել է վերջին ամիսներին ու հակազդում է երկուսին էլ` բարդացնելով Նազարբաևի կյանքը, որ փորձում է հավասարակշռել մրցակիցների շահերը իր շրջապատի ներսում: Այնուամենայնիվ, կառավարությունում փոփոխությունները հանգեցրել են տեղաշարժի էլիտայի ներսում, որ նվազեցրել է Ռուսաստանի հետ սերտ կապված մարդկանց ազդեցությունը` պնդում է նախկին նախարարներից մեկը: Նա հղում է անում վերջին մի քանի ամիսներին Ղազախստանի վերին էշելոններում ձերբակալությունների ալիքին: Հունվարին, օրինակ, էկոնոմիկայի նախկին նախարար Կուլանիկ Բիշիմբաևը ձերբակալվեց կոռուպցիայի մեղադրանքով և մեղադրվեց Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ: Օգոստոսին Ակմոլայի ռազմական դատարանը 8 տարվա ազատազրկման դատապարտեց Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար Նարտայ Դուտբաևին` Մոսկվային պետական գաղտնիքներ փոխանցելու համար: Հուլիսին նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Բագլան Մայլիբաևը 5 տարվա ազատազրկման դատապարտվեց նույն մեղադրանքով: Նախկին փոխվարչապետ Իմանգալի Թասմագամբետովը, ում հին գվարդիայի շատ անդամներ տեսնում էին Նազարբաևի իրավահաջորդ, բարեհաջող աքսորվեց Ղազախստանի դեսպան Մոսկվայում: Իսկ Ռուսաստանի նկատմամբ քննադատաբար տրամադրված նախկին դեսպան Մարատ Տաժինը վերադարձավ Աստանա, որ դառնա նախագահի աշխատակազմի ղեկավար:
Աստանայի ու Մոսկվայի ներկա տարաձայնությունների որոշ կողմեր հիշեցնում են Ղազախստանում խորհրդային դարաշրջանի վերջին տարիները, որ մթագնած են էթնիկ կոնֆլիկտներով ու ազգայնականությամբ, դիսկրիմինացիոն օրենքներով, կառավարման մարմիններում անհավասար ներկայացվածությամբ, ստալինյան ռուսիֆիկացման վերադարձով: Այն ժամանակ ազգայնական քաղաքականության նպատակը Ղազախստանի անկախությունն էր, ղազախական հողերի վերադարձը ղազախներին, ղազախական կրոնական ու լեզվական իրավունքների վերականգնումը:


30 տարի անց ռուսերենը մնում է Ղազախստանում գերակայող լեզու: Նազարբաևը և նրա սերնդի մարդիկ նախընտրում են ռուսերեն խոսել: Միևնույն ժամանակ, ցանկանալով նվազեցնել Ռուսաստանի մշակութային ու սոցիալական ազդեցությունը, կառավարությունը հայտարարել է, որ տարեվերջին կներկայացնի նոր այբուբենը: 2025-ին երկիրը կիրիլիցայից անցնելու է լատինատառի:


Հուլիսին ելույթ ունենալով` նախագահը ջատագովում էր այդ նախաձեռնությունը իբրև վաղուց անհրաժեշտ ներդրում ղազախական մշակույթի ու նույնականության մեջ: Իրականության մեջ դա ընկալվեց իբրև Ղազախստանը Ռուսաստանից անջատելու քաղաքական քայլ:
Հյու ԲԱՐՆՍ, ВВС


Հ.Գ. ԵԱՏՄ-ն, ինչպես հայտնի է, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի գաղափարն էր ու սա այն դեպքն է, երբ բումերանգը վերադառնում է: Եվ` շատ անհարմար պահի` ուժերն այն չեն, իրավիճակն այն չէ: Համեմատության համար` նույն «Գազպրոմը» արգելակում է Հայաստանում իրանական գազի մուտքը և Հայաստանի սերտ հարաբերությունները Իրանի հետ` ինչպես Չինաստան-Ղազախստան հարաբերությունների ճանապարհը: Գործում են նույն սխեմաները` ամբողջ ԵԱՏՄ-ում: Նուրսուլթան Նազարբաևն ընտրել է ամենագործուն ճանապարհը` անկախանալու. լեզուն ու մշակույթը: Մտածողության փոփոխությունը: Նա փորձում է վերադարձնել բումերանգը: Հայաստանում անում են հակառակը` ռուսերենի խորացված ուսուցման հայեցակարգ են մշակում: Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, երբ ԵԱՏՄ-ն ինքնալիկվիդանա, որ տնտեսության այս ընթացքով տասնամյակներ չի պահանջի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3600

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ