Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Մեր բարեփոխումներն ավելի շատ դեգերումներ, քան նպատակային զարգացում ապահովող գործողություններ են»

«Մեր բարեփոխումներն ավելի շատ դեգերումներ, քան նպատակային զարգացում ապահովող գործողություններ են»
24.10.2017 | 08:56

«Իրատեսի» հարցերին պատասխանում է կրթության և գիտության փոխնախարար ՄԱՆՈՒԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ:

-Անկախ Հայաստանի պատմությունը բարեփոխումների պատմություն է։ Ձեր կարծիքով` այդ բարեփոխումները նպատակ, խնդիր ունե՞ն, թե՞ իրավիճակային հարցեր են լուծում։ Ինչու՞ մենք անընդհատ բարեփոխումների մեջ ենք։
-Շատ անարդար ու սխալ կլինի, եթե ասեմ, որ 25 տարվա բարեփոխումները տարբեր ոլորտներում, առավել ևս` կրթության, դրական արդյունք չեն տալիս: Ամբողջ հարցը օգտակար գործողության գործակիցն է: Ի՞նչ արդյունավետություն ունեն բարեփոխումները, կանխորոշու՞մ են մեր առաջընթացը, ապագան, բավարարու՞մ են հանրության պահանջները: Այդ իմաստով մեր բարեփոխումներն ավելի շատ նմանվում են դեգերումների, քան նպատակային զարգացում ապահովող գործողության:
-Բարեփոխում ասելով` պատկերացնում ենք մակարդակնե՞ր, որ պետք է հերթով` առաջինից երկրորդը, երկրորդից` երրորդը, բարձրանալ, թե՞ ինքնանպատակ գնում ենք այնտեղ, ուր տաք է, լուսավոր ու, ասում են` ամեն ինչ լավ է:
-Ոչ այնքան կարևոր է պատկերացնել այդ մակարդակները, որ մարդկությունը դեռ հստակ չի կարողանում բնութագրել, որքան ուղղությունը։ Միշտ էլ կարելի է նպատակը բանաձևել, օրինակ, ապահովում ենք անվտանգությունը, բարձրացնում ենք բարեկեցությունը:
-Դա նպատակ չէ, դա կարգախոս է։ Նպատակը իրականացման որոշակի մեխանիզմներ է պահանջում։
-Երբ քո ամեն մի բարեփոխում հիմնավորում ես, արդեն նպատակ է: Հասարակության զարգացումը չի կարող նպատակներով իրականացվել: Զարգացումը ուղղվածություն պետք է ունենա, ուստի ոչ այնքան կարևոր է նպատակը, որքան` ի՞նչ գաղափար ենք իրականացնում: Ես կարծում եմ` մեր բարեփոխումներն ավելի շատ ուղղված են ինչ-որ խնդիրների լուծման, քան գաղափար են արտահայտում ու պաշտպանում։
-Այսինքն` իրադարձայի՞ն են, ու մենք իդեալ չունե՞նք։ Քառորդ դա՞ր: Արմատների՞ց ենք կտրվել, կառչում ենք օտարների փորձի՞ց: Ի՞նչ է մեզ հետ կատարվում։
-Իդեալն արժեքային համակարգով չի տրվում, արժեքային համակարգը դրական որակների սանդղակ է, որի անունը իդեալ ենք դնում կամ ձևավորում ենք իդեալական պատկերացում մեր ապագայի իրողությունների մասին: Ոչ թե ինչն է լավ, ինչը` վատ, այլ` 100 տարի հետո ի՞նչ է լինելու:
-100 տարի՞, ժամանակի կորուստ չէ՞։
-ՈՒրիշ ինչո՞վ առաջնորդվենք։ Կա՞ն այլ համակարգեր:
-Շահը։
-Շահով առաջնորդվելը կործանում է մեզ: Ինքնախաբեությունը, որ շուկայական հարաբերությունները զարգացման ամենալավ միջոցն են, շահը շեշտադրում է բոլորովին այլ կտրվածքով` անձնական հարաբերություններին բնորոշ:
-Ելքը ո՞րն է:
-Ելքը մրցակցային հարաբերություններով կյանքը կազմակերպելով հաջողության հասնելու հույսից հրաժարվելն է։ Դա ամենամեծ խոչընդոտն է, որ խանգարում է մեր աշխարհընկալման մեջ դուրս գալ նոր գաղափարների դաշտ: Աշխարհընկալման մեջ մենք չպետք է կաղապարվենք, պետք է հասկանանք, որ մեր կյանքի, նիստուկացի կազմակերպման մեջ չի կարող ու չպետք է լինի, վնասակար է մրցակցային գաղափարախոսությունը: Ամենադաժան մրցակցությունը թվացյալ բարեկեցության ոլորտում է։ Հարևանից հետ չընկնելու: Ենթագիտակցական մակարդակով, արյան մեջ մտած մտայնություն է: Առավել ևս կրթության ու մշակույթի ասպարեզում մրցակցությունը ավելորդ է:
-Կա տեսակետ, որ մրցակցությունը շարժիչ ուժ է։ Եթե ոչ մրցակցություն, ի՞նչ:
-Մենք արդեն 26 տարվա պետություն ենք` բազում բարեփոխումներ արած։ Կարո՞ղ ենք մենք մի ասպարեզ նշել, որտեղ հաջողություն ունենք բնականոն մրցակցության շնորհիվ։ Կարո՞ղ ենք կրթության ոլորտում հաջողություն անվանել աշակերտի թվով ֆինանսավորումը, ցանկացած դպրոցում աշակերտի սովորելը` անկախ որտեղ է ապրում, կարո՞ղ ենք ասել, որ այդ քայլերի շնորհիվ կրթության ոլորտում կտրուկ աճ է եղել։ Կամ` գոնե մի քիչ: Սահմանեցինք դասագրքերի մրցակցային գործընթացներ: Արդար ու հիմնավոր կազմակերպվում են: Դասագրքերից բողոքներ չկա՞ն։
-Կան, բովանդակային ու որակական անկում կա։
-Կարո՞ղ ենք ոչ թե որպես գիտելիք, արժեք դարձող, այլ կյանքի որևէ ոլորտում հաջողության բերած օրինակ նշել: Չենք կարող, ուրեմն նշանակում է` մրցակցության վրա հույս դնելն ուտոպիա է։ Մինչդեռ համագործակցության հաշվին ունենում ենք դրական արդյունքներ: Մեկը ռազմական է` ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ պատերազմական իրավիճակում չկա մրցակցություն: Զինվորը զինվորի հետ չի մրցում, կողքի զինվորի հաջողությունը իր հաջողությունն է, մի վաշտը այլ տարածքի վաշտի հաջողությունից միայն ուրախ է: Պատկերացրեք` պատերազմը այնպես կազմակերպվի, որ զինվորը զինվորի հետ մրցի։
-Ձեր սխեմայում չկա թշնամին, պատերազմի ու խաղաղության օրենքները տարբեր են, պատերազմի օրենքով` եթե «մրցակցում ես» ոչ թե թշնամուդ, այլ կողքինիդ հետ, ապրելուդ հավանականությունը փոքրացնում ես։ Խաղաղությունը արտաքին թշնամի չի նախատեսում։
-Խաղաղ պայմաններում մենք չենք տեսնում մրցակցային պայմաններում ձեռք բերված որևէ հաջողություն: Գաղափարախոսական իմաստով մեր բարեփոխումների հիմքն ու ուղղությունը պետք է մեզ տանեն գոնե ներքին կյանքի կազմակերպման համագործակցային հիմքի հաստատմանը:
-Ինչու՞ չեն տանում, մեր բոլոր բարեփոխումները իրադարձային լուծումներ են առաջարկում: Ընդհանրապես` ունե՞նք այդ գիտակցությունը, թե՞ ոչ:
-Չունենք։ Չի էլ ընդունվում: Երբ մենք տեսնում ենք, որ մրցակցությունը ցանկալի արդյունքը չի տալիս, սկսում ենք մեկնաբանել, որ դա մրցակցություն չէ, պայմանները պայմաններ չեն, կամ այն մրցակցությունը չէ, որը ենթադրվում է որպես զարգացման սկզբնաղբյուր: Հետաքրքիր ինքնախաբեություն է: Մրցակցությունը ինչպես էլ կազմակերպվի, մրցակցություն է, անհաջողության որևէ բացատրություն արդարացնելու համար է։ Արտասահմանում էլ բարձր մակարդակներում մրցակցություն չկա: Ամբողջ Իտալիան մաֆիոզ խմբերի պայքար էր, ԱՄՆ-ը մինչև իր ներկա մակարդակին հասնելը գանգստերների պայքար է անցել` դա 1000 տարվա պատմություն չէ, անցյալ դարում էր:
-ՈՒտոպիա չէ՞ Ձեր գաղափարը, որ հնարավոր է համագործակցություն հաստատել կյանքի կազմակերպման մակարդակում:
-Ես չեմ ասում, որ վաղն այդպես է լինելու, ասում եմ` ուղղությունը պետք է դա լինի: Մենք ամեն բարեփոխում անելիս պետք է համագործակցային խնդիր լուծենք։ Եթե ունենք տարբերակներ, որոնցից մեկում մրցակցությունն է, մյուսում` համագործակցությունը, պետք է երկրորդը ընտրենք: Ե՞րբ է մեր նիստուկացը համագործակցային դառնալու, գուցե 100 տարի հետո, բայց այդ ուղղությամբ պետք է գնաս, որ 100 տարի հետո հասնես:
-Կրթության ոլորտում դա ինչպե՞ս պետք է արտահայտվի:
-Դա նշանակում է, որ մրցակցային հարաբերությունները կրթության ոլորտում պետք է լինեն ըստ անհրաժեշտության օժանդակ ձև, այլ ոչ թե հիմք: Օրինակ` աշակերտները կամ ուսանողները չպետք է դրվեն մրցակցային հարաբերություններում իրենց աշխարհընկալման ձևավորման ու անհատականության կազմավորման ամենավճռորոշ տարիներին` 1-ին դասարանից մինչև 12-րդը` օրական 6 ժամ: Կրթության ոլորտում այդ գործընթացն իր բնույթով արդեն վնասակար է: Դա միայն հայերիս բնորոշ առանձնահատուկ ընկալում չէ, ամբողջ աշխարհում փորձում են մրցակցությունից ազատվել և հնարավորության դեպքում համագործակցային հիմքերով կազմակերպել կրթությունը։ Տեսությունն էլ կա, պրակտիկան էլ։ Ես չեմ ուզում դա գովազդել հիմա, ուզում եմ կարևոր նշանակությունը հասանելի դարձնել: Հասարակության փոփոխությունն առաջին հերթին սկսվում է կրթության ոլորտից, աշակերտը, ուսանողը` մարդը իր կյանքով պետք է ընդունի համագործակցային ապրելակերպի արդյունավետությունը, որ կարողանա կյանքի այլ ոլորտներում տարածել:
-Դուք ճիշտ եք, բայց կառավարումը ենթադրում է որոշումներ, հրամանագրեր, կատարում, վերահսկողություն, ինչ-որ տեղերում աբսուրդի մեջ գործող մեխանիզմներ, որտեղ կորչում են օգտակար գործողության գործակիցը ու նրա անհրաժեշտության ընկալումը: Մենք խոսում ենք տեսականում ճիշտ խնդիրների մասին, որոնց իրականացումը գործնականում ես չեմ տեսնում: Եթե գիտեք, լուսավորեք խավար միտքս։
-Ես շատ լավ եմ պատկերացնում կրթության ոլորտը: Կրթության ոլորտում կարող եմ շատ կոնկրետ առաջարկներ անել, մնացած ոլորտներում` ոլորտին լուրջ տիրապետող անձը պետք է առաջարկներ անի։ Բայց անհրաժեշտ է, որ նա էլ իր աշխարհընկալումը փոխի:
-Մարդը որևէ որոշում ընդունելիս ելակետ պետք է ունենա: Կան ելակետերի տարբերություններ, ու` ի՞նչ:
-Մարդիկ կարող են թշնամական հարաբերություններում լինել, մրցակցային կամ համագործակցային: Թշնամականը վատ է։ Մրցակցայինը ոչինչ չի տալիս: Մնաց համագործակցությունը:
-Այո և նորից այո, բայց ինչպե՞ս։
-Առաջինը` պետք է տրամաբանորեն ընդունել, որ մրցակցությունը վատ է, համագործակցությունը` լավ: Սեփական պատկերացումները գիտակցականորեն փոխել է պետք, որից հետո գիտակցությունը դա կդարձնի սկզբունք: Օրինակ` դասագրքերին վերադառնանք: Մենք պետք է աշխատենք, որ դասագրքեր ստեղծելիս մրցակցություն չլինի, այլ համագործակցություն: Եթե այդքանը հասկանում ես, մեխանիզմ էլ ես գտնում: Ի՞նչ անենք մյուս ոլորտներում: Վարչապետից սկսած բոլոր պատասխանատու պաշտոնյաները պետք է հրաժարվեն իրենց կաղապարված մտածողությունից, որ մրցակցությունը զարգացում է տալիս և մոռանան այն հեքիաթը, որ այդպես է ապրում աշխարհը: Այո, աշխարհը գնում է կործանման, մենք էլ գնա՞նք: Ի՞նչ վիճակում են մեր բանկերը: Մեր մի բանկը մրցակցության մեջ է մյուս բանկերի հետ: Որպեսզի հաղթի, պետք է խոշորանա և հարկադրված` արտասահմանյան հայտնի բանկերի հետ համագործակցության է գնում, ու այդ բանկերը ներդրում են անում մեր բանկերում և դառնում են բաժնետեր: Ես ուզում եմ հիշեցնել Չարենցին` «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնության մեջ է»։ Մրցակցային հիմքով կազմակերպված կյանքը միմյանցից բաժանում է. մարդուն` մարդուց, ընկերությունը` ընկերությունից, բիզնեսմենին` բիզնեսմենից: Եթե բիզնեսմենը գոնե ներքին ռեսուրսները օգտագործեր, այդքան վտանգավոր չէր լինի` արտաքին աշխարհի հետ է համագործակցում ներսում հաղթելու համար: Այդ դեպքում մեր ազգը ինչպե՞ս է մրցունակ դառնալու դրսում։
-Ամբողջ աշխարհը ապրում է ու մրցակցում։
-Այո, բայց մենք չենք կարող ընտրել զարգացման այդ մոդելը։
-Ինչու՞:
-Ես բերեցի օրինակներ։
-Ձեր օրինակները ինձ չհամոզեցին։
-Ես համոզելու համար չեմ օրինակները բերում, այլ ցույց տալու, որ պետք է իրողությունների հետ հաշվի նստել ու բացատրություններ ունենալ` ի՞նչ է կատարվում, ու՞ր է հասցնելու:
-Մենք ունե՞նք պատկերացում արդյունքների մասին, որոնց ձգտում ենք բարեփոխումներով։
-Մեր զարգացումը պետք է ապահովվի ոչ թե հաջողված արտաքին տեսակետների ներդրմամբ, այլ ներքին տրամաբանության, ներքին իրողություններին համահունչ։ Դա շատ ծանր է: Մենք սերնդեսերունդ ապրելակերպ ենք ժառանգել։ Այդ պատկերացումը մեր ներքին համոզմունքների հիման վրա պետք է զարգանա, ոչ թե արտաքին տեսակետների ներդրման հաշվին: Արտաքին աշխարհն ընտրում է իր իրողությունները` իր նախադրյալների հաշվին, մենք մեր նախադրյալներից պիտի ելնենք։
-Չե՞ք կարծում, որ Հայաստանում խզում կա ռեալ իրավիճակի ու առաջարկվող լուծումների միջև։
-Մենք ունենք շատ լավ հնարավորություն, որ խորհրդային տարիներին չունեինք. ցանկացած մարդ ցանկացած պահի կարող է գնալ արտասահման ու ծանոթանալ տեղի կյանքին։ Գիտատեխնիկական առաջընթացը թույլ է տալիս նաև առանց տեղից շարժվելու` իմանալ ինչ է կատարվում աշխարհում: Դա մեզ հնարավորություն է տալիս չկտրվել համաշխարհային իրողություններից, բայց երիտասարդներն ու միջին տարիքի մասնագետները, որ առանձնապես հաշվի չեն նստում մեր ընդհանուր զարգացման հետագծի հետ, կարծում են, թե որտեղ ինչ լավ երևույթ կա, հնարավոր է մեխանիկորեն բերել Հայաստան ու զարգացնել։
-Եթե լավագույն նկատառումներով` ամենաբերքատու ծառի շիվը պատվաստում ես կոճղին, իմաստը ո՞րն է։
-Ցանկացած խնդիր, հակասական իրավիճակ, պատկերացում, նվաճում ունեն իրենց կայացման պատմությունը։ Պատմական ընթացքով են դարձել այդպիսին: Երբ դու ուզում ես խնդիրը լուծել, պետք է շատ լավ տեղյակ լինես պատմությանը, միայն ստեղծված իրավիճակով չես կարող օգտակար փոփոխության ելք գտնել: Մի կողմից՝ պիտի լավագույնս տեղյակ լինես` ինչպես է ձևավորվել այդ իրավիճակը, մյուս կողմից` լավագույնս պատկերացնես` ուր ես ուզում հասնել: Եթե ընդամենը ուզում ես պահը փոխել, դա դեգերում է։
-ՈՒ երկա՞ր ենք դեգերելու։
-Ես կարծում եմ` բոլորս էլ ուզում ենք լավն անել, չարամիտ մարդիկ չկան պատասխանատու պաշտոններում, եթե սխալվում են, պատճառը սխալ ուղղություն վերցնելն է: Կան սկզբունքներ, որ երաշխիք են երկար չդեգերելու: Մենք չենք կարող ամեն տեղ մրցակցությունը փոխարինել համագործակցությամբ, պետք է աշխատենք հրաժարվել որտեղ հնարավոր է ու փոխել մեր մենթալիտետը: Մտածելակերպը։ Ապրելու սկզբունքները: Գիտակցաբար:
-Սերնդի փոփոխությա՞ն հարց եք դնում։
-Այո, որ մեր թոռան թոռներն ապրեն աշխարհի առաջավոր երկրներից մեկը դարձած Հայաստանի Հանրապետությունում։


Զրույցը՝ Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 8553

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ