Ռուսաստանն այլևս չի ցանկանում Եվրոպայի մաս լինել։ Հիմնավորել կարելի է բազմաթիվ պատմական գործընթացներով։ Հիմա Արևմուտքը պետք է գտնի Ռուսաստանի հետ հարաբերվելու ճիշտ ձևաչափ։ Պերմանենտ մեկուսացումն ու պատժամիջոցները նոր երկբևեռության ծագման վտանգ ունեն։ Որ Ռուսաստանն այլևս չի ցանկանում Եվրոպայի մաս լինել, փաստ է: Գործերի այդ ընթացքին նախորդել են բանակցությունները տնտեսական բարիքների դասակարգման և Շենգենի երկրներ առանց վիզա այցելելու շուրջ, որ տևել են տասնամյակներ ու ձախողվել են։ Նախագահական առաջին ժամկետում Վլադիմիր Պուտինը բարձրացնում էր ՆԱՏՕ-ին անդամակցության թեման, լուրջ արձագանք չհետևեց։ Փոխարենը Ռուսաստանին դրեցին տհաճ իրավիճակում` ԱՄՆ-ը միակողմանի դուրս եկավ հակահրթիռային պաշտպանության համակարգերի սահմանափակման համաձայնագրից, հետևեցին ՆԱՏՕ-ի ընդլայնման երկու ալիքները և երրորդի փորձը` Վրաստանի ու ՈՒկրաինայի հաշվին։ Դա հակիրճ բացատրությունն է։ Ամբողջական պատասխան տալու համար` Ռուսաստանը Եվրոպայի մա՞ս է հարցին, պետք է խոր խնդիրներ ուսումնասիրել` իրենց արտաքին ազդեցություններով։ Առաջինը Ռուսաստանի ընդարձակ տարածքն է` բաժանված 11 ժամային գոտիների, նրա սահմանները եվրոպական պետությունների հետ շատ ավելի կարճ են, քան իսլամական պետությունների հետ։ Չինաստանի հետ սահմանը 4200 կիլոմետր է, Հյուսիսային Կորեայի հետ` 17 կիլոմետր։ Խաղաղօվկիանոսյան Ռուսաստանը իրականություն է, որ ջանքեր ու ռեսուրսներ է պահանջում։ Երկրորդ` հարյուրամյակներ Ռուսաստանը ստիպված էր դիմակայել ու ոչնչացնել բազում կայսերական հավակնություններ` մոնղոլների, լեհերի, շվեդների, ֆրանսիացիների, գերմանացիների։ Դա հանգեցրել է վտանգի ընկալման սուր զգացողության զարգացման։ Մենք դեռ ճշգրիտ չգիտենք Երկրորդ աշխարհամարտում մեր մարդկային զոհերի թիվը: Այս տարվա փետրվարին խորհրդարանում լսումներում նշվել է 42 միլիոն թիվը։ Երրորդ` զարգացման հետագծից կախվածության տեսությունը սոցիոլոգների հնարանքը չէ: Ռուսաստանը երկիր է առանց ժողովրդավարական ավանդույթների ու փորձի, ապրել է իր քաղաքական համակարգի ցավոտ փոփոխություններ ու կայսրության փլուզում։ Այդ իրադարձությունները մեծ հիասթափություն են առաջացրել։
1993-1994-ին ինձ, իբրև Գիտությունների ակադեմիայի անդամի, ներառեցին ՌԴ կառավարության խորհրդականների թիմում, որ գլխավորում էր պրոֆեսոր Ջեֆրի Սաքսը։ Նա նոր էր եկել Վարշավայից և ոգևորված էր, որովհետև այնտեղ իր խնդիրը հաջողությամբ էր լուծել։ Բայց ամեն անգամ Վաշինգտոնից վերադառնալիս` նա դժբախտ էր զգում իրեն։ «Երբ ես գնում էի Վարշավայից,- բացատրում էր նա,- ես հետաքրքրվում էի պարտքերը դուրս գրելով, շահավետ վարկերով, թրենինգներով և այլն, ես միշտ լիակատար աջակցություն էի ստանում: Երբ ես գնում էի Մոսկվայից, ինձ հիշեցնում էին, ասես գլխիս սառը ջուր լցնեին, որ ռուսները տանուլ են տվել սառը պատերազմում։ Մենք նրանց չենք խանգարի, բայց և չենք օգնի»։ Սառը պատերազմում հաղթելու ոգին ու պատմության ավարտի պատկերացումը խարխլում էր ցանկացած ռազմավարական հեռատեսություն։
Իհարկե, մշակութային ու պատմական ժառանգությունը, աշխարհագրական մոտիկությունը, ակտիվ տնտեսական գործունեությունը և եվրոպական հատվածում բնակչության խտությունը, խողովակաշարերը և այլ լոգիստիկ նախագծեր, որ գնում են դեպի Արևմուտք, դեռ ինչ-որ ժամանակ Ռուսաստանին կպահեն Եվրոպայի մշակութային ու տնտեսական գրավիտացիոն դաշտում։ Սակայն իմ ընկալումով` այսօր աշխարհակարգը հետեվրոպական է: Եվրոպական մոդելի գրավչությունը զգալիորեն կորցնում է ուժը ռուսական հասարակության մեջ։ Սպառվել է հասարակական պայմանագիրը, որ յուրաքանչյուր նոր սերունդ ավելի լավ պայմաններում պետք է լինի նախորդից։ Տեխնոլոգիաները սղոցում են միջին դասը` ժողովրդավարության հենարանը։ ՙՄեծ Մերձավոր Արևելք» աղետալից նախագիծը արաբական գարնան ու ԻՊ-ի համադրությամբ հանգեցնում է ահաբեկչությունների եվրոպական քաղաքներում և փախստականների աննախադեպ ալիքի։ Հավելեք «վիրավորանքների առևտուրը» ԱՄՆ-ում, ինչպես գրում էր Financial Times-ը, և բրեկզիտը:
Ստալին-Խրուշչովի սահմանների ժառանգությունը, որ գծված էր Խորհրդային Միությունում, դարձավ տարածքային «ականապատված դաշտ»: Պուտինը քանիցս զգուշացրել է Արևմուտքին, որ անցել են ռուսական զսպվածության ժամանակները, երբ Արևմուտքը կարող էր օգտագործել հետկոմունիստական փոփոխությունների հետ կապված անկարգությունները, որ մեկուսացնի ու ստորացնի Ռուսաստանը։ Արևմուտքում չկար երևակայության բավարար ուժով որևէ քաղաքական գործիչ, որ կարողանար շեղվել ավանդական մտածելակերպից։ Հենրի Քիսինջերը վերջերս հետաքրքիր հարց բարձրացրեց. «Ամենախելամի՞տն է ճանապարհը, որ ենթադրում է Ռուսաստանի վրա ճնշում գործադրել և անհրաժեշտության դեպքում նույնիսկ պատժել, քանի դեռ չի համաձայնել իր ներքին ու գլոբալ աշխարհակարգի արևմտյան տեսակետին»։ Պատասխանը պարզ է` դա կհանգեցնի նոր երկբևեռության։ Մի կողմում` Ռուսաստանը, Չինաստանը, ՀԱՊԿ-ի անդամները, նաև Իրանը, Հյուսիսային Կորեան, գուցե Թուրքիան, Եգիպտոսը, Կատարը և Հարավային Աֆրիկան: Մյուս կողմում` ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն, Ճապոնիան, Սաուդյան Արաբիան և այլն։ Վերջերս սահմանված ԱՄՆ պատժամիջոցները երեք շատ տարբեր երկրների` ԿԺԴՀ-ի, Իրանի ու Ռուսաստանի նկատմամբ, աննկարագրելիորեն հրում են աշխարհը այդ սարսափ ներշնչող սցենարի ուղղությամբ։ Ինչպիսի՞ն կլինի 21-րդ դարի հետեվրոպական կարգը բազմակենտրոն ու բազմամշակութային աշխարհում։ Հարցը բաց է։ Ճիշտ պատասխանի ընտրության համար ժամանակային պատուհանը ոչ երկար բաց կլինի։
Ալեքսանդր ԴԻՆԿԻՆ, Der Tagesspiegel
Հ.Գ. 21-րդ դարի հետեվրոպական կարգը միայն երկբևեռությամբ չի բնորոշվում, բայց նախ պետք է ընկալվի պատմության ավարտը` նոր պատմություն սկսելու համար։ Եվ շատ կարևոր է հասկանալ, թե որտե՞ղ է լինելու Հայաստանը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ