Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Ի՞նչ հետևանքներ կունենա Թուրքիայի համար С-400-ներ գնելը

Ի՞նչ հետևանքներ կունենա Թուրքիայի համար С-400-ներ գնելը
05.11.2017 | 11:23

Արևմտյան ճակատում շարունակվում է փնթփնթոցը Ռուսաստանից մեծ հեռահարության հակաօդային պաշտպանության С-400 հրթիռներ գնելու Թուրքիայի որոշման պատճառով: Վերջին հայտարարություններից մեկն արեց ՆԱՏՕ-ի ռազմական խորհրդի ղեկավար, գեներալ Պետր Պավելը:

Նա ասաց. «Երկրները ինքնիշխանության սկզբունքի համաձայն ինքնիշխան են ինչպես պաշտպանության ոլորտում իրենց որոշումներն ընդունելիս, այնպես էլ այդ որոշումների հետևանքների հետ բախվելիս»: Պավելը նշեց, որ «С-400 հրթիռները կարող են խանգարել Անկարային դառնալու ՆԱՏՕ-ի դաշնակիցների հակաօդային պաշտպանության ցանկացած ինտեգրային համակարգի անդամ», ընդգծելով. «С-400-ների առկայությունը նույնիսկ իբրև առանձին սարքավորում` ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգին չինտեգրված, բարդություններ կստեղծի դաշնակիցների միջոցների համար, որ կարող են տեղակայված լինել երկրի տարածքում»:

Հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, երբ հերթական անգամ խնդրեցին մեկնաբանել թեման, կրկնեց. «ՆԱՏՕ-ի անդամները իրենք են որոշում ընդունում` ինչ ռազմական տեխնիկա գնեն: Հակաօդային պաշտպանության ոլորտի նոր հնարավորությունների համար ներդրումներ անելու որոշումը երկիրն է ընդունում»: Երբ Պետր Պավելի հայտարարությունից հետո, որ թուրքական ԶԼՄ-ները ներկայացրին իբրև «բախում հետևանքների հետ», Ստոլտենբերգը տվեց այդքան ներողամիտ պատասխան, իրավիճակը նորություններում լուսաբանվեց ասես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շտկում էր ռազմական խորհրդի ղեկավարին։ Այնուհանդերձ, ավելի վաղ Ենս Ստոլտենբերգը ասում էր, որ «ներկայում ՆԱՏՕ-ի որևէ անդամ չի օգտագործում С-400-ներ, ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգում С-400-ների ինտեգրման խնդիր չի դրվել, ուստի այդ թեման առայժմ չի քննարկվում»: Այլ խոսքով` երբ Պավելը խոսում է խոչընդոտների մասին, որ ՆԱՏՕ-ն կարող է ստեղծել Թուրքիայի առաջ, երբ դրվի ինտեգրման հարցը, Ստոլտենբերգը նախընտրում է այդ հավանականության մասին դիվանագիտորեն լռել։ Թուրքիան իր դեմ ուղղված սպառնալիքների տակ վաղուց էր փորձում մեծ հեռահարության հակահրթիռային համակարգեր ձեռք բերել` տեխնոլոգիաների հետագա փոխանցմամբ, որի շնորհիվ ապագայում ինքը կարող էր այդ տեխնոլոգիաներն օգտագործել: Այդ նպատակով բանակցություններ են եղել տարբեր երկրների հետ: Սկզբում նախնական համաձայնագիր ստորագրվեց Չինաստանի հետ, բայց սպասելիքները չարդարացան և չինական համակարգերից հրաժարվեցին: Տևական բնակցություններից հետո սեպտեմբերի 12-ին համաձայնություն ձեռք բերվեց Ռուսաստանի հետ: Դա հաստատեց և նախագահ Էրդողանը, նշելով, որ արդեն կանխավճար է տվել: Հիմա բոլորը ոչ միայն անհամբերությամբ սպասում են` ինչ քայլեր կլինեն տեխնոլոգիաների փոխանցման հարցում ու երբ առաջին համակարգերը կստացվեն, այլև ուշադիր հետևում են` ինչպե՞ս են ՆԱՏՕ-ի երկրներն արձագանքում այդ իրադարձություններին: Արևմտյան դաշնակիցների հետ Թուրքիայի տարաձայնությունները Անկարային մղեցին իր հրատապ պահանջները բավարարելու համար С-400-ներ գնելու որոշում կայացնել: Բայց ակնհայտ է, որ այդ գնումից քաղաքական տարաձայնությունները ավելի են մեծանալու: Արևմտյան ճակատում դրա առիթը տալիս է անհանգստությունն իր անվտանգության համար։ Եթե Թուրքիան ցանկանա ինտեգրել С-400-ները ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգին, փաստը, որ հրթիռները ռուսական են, ճանապարհի առաջին խոչընդոտը կդառնա: Առաջ ՆԱՏՕ-ն օգտագործում էր ռուսական С-300-ները Սլովակիայում, իսկ Հունաստանը թեստային հրաձգության ժամանակ Կրետեում կիրառել է հրթիռների արձակման ՆԱՏՕ-ական համակարգերը: Բայց եթե նույնիսկ ՆԱՏՕ-ին այդ օրինակները հիշեցնեք ու նույնիսկ եթե ՆԱՏՕ-ն համաձայնի ինտեգրման, կանհանգստանա Ռուսաստանը: Չնայած թուրք-ռուսական վերջին տարիների համագործակցությանը, Թուրքիան դեռ ՆԱՏՕ-ի անդամ է, և Ռուսաստանը տեխնոլոգիաների փոխանցման հարցում տագնապում է, որ հնարավոր արտահոսքի դեպքում С-400-ի տեխնոլոգիաները կհայտնվեն ՆԱՏՕ-ի լրտեսների ձեռքում:
Այդ պատճառով` հազիվ թե Թուրքիան ինտեգրման խնդիր դնի։ С-400-ները, ՆԱՏՕ-ի համակարգում ինտեգրված չլինելով` ՆԱՏՕ-ի ռադարային ցանցում (NADGE) և հակահրթիռային պաշտպանության մեջ, կաշխատեն սեփական ռադարային հզորության հաշվին:

Փորձագետների կարծիքով` С-400-ները բավականին լավ հնարավորություններ ունեցող համակարգ են և կարող են ինքնուրույն աշխատել; Բայց նույնիսկ սեփական ռադարային համակարգն ունենալով` С-400-ները, ՆԱՏՕ-ի համակարգում չինտեգրելու պատճառով, կաշխատեն անկախ բալիստիկ հրթիռների պաշտպանական վահանից։ Այդ պատճառով С-400-ները ձեռք բերելու և մեծ հեռահարության հակաօդային պաշտպանության սեփական համակարգը մշակելու մեր վճռականությամբ հանդերձ` պակաս կարևոր չէ սեփական հակահրթիռային տեխնոլոգիաների մշակումը:


Արևմտյան ճակատում աճող փնթփնթոցը ոչ այն պատճառով է, որ Թուրքիան պահանջելու է С-400-ները ինտեգրել ՆԱՏՕ-ի համակարգում, այլ այն փաստի, որ Թուրքիան գնում է հակաօդային պաշտպանության այլընտրանքային համակարգ և դիտարկում է իբրև անկախ գործող համալիր: Այդ գնումը կարող է խզում առաջացնել ՆԱՏՕ-ի ներսում: Դեռ կտեսնենք, թե ինչ քաղաքական ու ռազմական հետևանքներ կունենա Անկարայի որոշումը արևմտյան ալյանսում և ինչ իրադարձությունների կհանգեցնի` նոր իրադարձությունների համադրությամբ: Մենք վաղուց ենք ասում, որ 2016-ի հուլիսի 15-ի պետական հեղաշրջման փորձը, ի տարբերություն Թուրքիայում տեղի ունեցած այլ հեղաշրջումների, որոնց հետևում Արևմուտքն էր, դեռ կհարուցի վեճեր ՆԱՏՕ-ի ներսում, իսկ երկարաժամկետ հեռանկարում` գլոբալ փոփոխություններ: Մյուս կողմից` արդեն կան միջնաժամկետ հեռանկարում նոր լարման առաջին ազդանշանները: Օրինակ` Սենատի հավանությանը սպասող որոշումը` սև ցուցակ մտցնելու С-400 համակարգեր արտադրող ընկերություններին, կարող է բացասական հետևանքներ ունենալ Թուրքիայի համար, թեպետ չի ազդի գնման գործընթացի վրա: ԱՄՆ-ի Սենատի ընդունած այդ որոշումը, ԱՄՆ-ից բացի, այլ երկրների համար պարտադիր ուժ չունի: Այդպիսին դառնալու համար որոշումը պիտի ընդունվի ՄԱԿ-ի մակարդակով: Սակայն երբ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ասաց.ՙՊատժամիջոցների ցանկի ուշացումը պայմանավորված է անհանգստությամբ, որ պատժամիջոցները կարող են ներգործել ԱՄՆ-ի դաշնակիցների վրա, որ համագործակցում են Ռուսաստանի հետ պաշտպանական ու հետախուզական ոլորտներում՚, չես կարող չհիշել ԱՄՆ-ում շարունակվող հետաքննությունները` կապված Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների չկատարման հետ։ Հետաքրքիր է` С-400-ների խնդիրը ԱՄՆ-ը կհասցնի՞ այդ մասշտաբներին։
Մերվե ՇԵԲՆԵՄ ՕՐՈՒՉ, Yeni Safak


Հ.Գ.Անկարայում ոչ մի կերպ չեն հաշտվում փաստի հետ, որ որոշել են Ռուսաստանից С-400-ներ գնել: Մամուլում անընդհատ արծարծելով այդ թեման` ստեղծվում է տպավորություն, որ զենիթահրթիռային համակարգերը ձեռք են բերվում ոչ թե ռազմական, այլ քաղաքական խնդիրներ լուծելու համար։ Եվ այդ քաղաքական խնդիրները թե Ռուսաստանի հետ են, թե ԱՄՆ-ի, թե հարևանների, թե երկրի ներսում են ծառայեցվում որոշակի հարցերի լուծման: Մասնավորապես` պետական հեղաշրջման փորձին առնչվող: Բայց հարցերի հարցը տեխնոլոգիաներն են, որ Թուրքիան ցանկանում է ստանալ` սեփական արտադրություն սկսելու համար, և այդ հարցում պատրաստ է դաշնակցել բոլորի հետ: Առայժմ` ապարդյուն: Բացի այդ` Թուրքիան կարծես ինքն է հրահրում, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ կիրառի իր նկատմամբ` ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վատացման համար ԱՄՆ-ին մեղադրելու համար: Իսկապես` խառն է Թուրքիայի վիճակը, ամեն ինչի մեջ դժվար է ուրիշներին անվերջ մեղադրելը։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4249

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ