Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Քաղաքական ճգնաժամը Գերմանիայում շարունակվում է

Քաղաքական ճգնաժամը Գերմանիայում շարունակվում է
04.12.2017 | 11:28

Մի քանի մարդ տուժել է ոստիկանության և հակաֆաշիստների բախումներում, որ իրենց բողոքն էին արտահայտում Հանովերում ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության համագումարի անցկացման դեմ: Ցուցարարները փորձում էին շրջափակել խորհրդարանական ընտրություններից հետո կուսակցության առաջին համագումարի պատվիրակներին, որ ընտրություններում ստանալով 12,6 % ձայն` առաջին անգամ մտան Բունդեսթագ: Չնայած ցրտին` Հանովերի ոստիկանները օգտագործել են ջրանետներ ու արցունքաբեր գազ, որ բացեն 600 պատվիրակների ճանապարհը: Ցուցարարներից մեկը բախումների ժամանակ կոտրել է ոտքը, մի ոստիկան վիրավորվել է, 10 ցուցարար ձերբակալվել է: Քաղաքում ծրագրված էր 5 ցույց: 6 մարդ քայլերթի է դուրս եկել` ի պաշտպանություն միգրանտների, մի քանի հազարի մասնակցությունն էր սպասվում արհմիությունների կազմակերպած ցույցին:


ՈՒշացումով սկսված համագումարում Յորգ Մոյտենը վերընտրվել է համանախագահ: Մյուս համանախագահը 76-ամյա Ալեքսանդր Գաուլանդն է` նա փոխարինել է Ֆրաուկի Պետրիին, որ հեռացել է կուսակցությունից ընտրություններից հետո: «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը ավանդաբար գլխավորում են երկու համանախագահներ: Թափուր տեղին հավակնում էր և Բեռլինի պատգամավորների պալատի խմբակցության ղեկավար Գեորգ Պազդերսկին: Նրան համարում են համեմատաբար չափավոր քաղաքական գործիչ կուսակիցների պոպուլիստական հակամիգրանտական հռետորաբանության համապատկերում, որի շնորհիվ կուսակցությունը կարողացավ ստանալ ընտրողների ձայները: Գեորգ Պազդերսկիից ավելի շատ ձայներ ստացած Ալեքսանդր Գաուլանդը կուսակցության ազգային-պահպանողական թևից է և կողմ է Ռուսաստանի հետ մերձեցմանը: Երկու համանախագահներին փորձագետներն անվանում են կոշտ գծի կողմնակիցներ և եզրակացնում են, որ կուսակցությունում ուժեղացել է ծայրահեղ աջ քաղաքականությունը:
BBC


Հ.Գ. Նոյեմբերի սկզբին կանցլեր Անգելա Մերկելին չհաջողվեց ընտրություններում հաղթած երեք կուսակցություններից կոալիցիա կազմել: Եթե Մերկելի գլխավորած ՔԴՄ/ՔՍՄ-ն կարողանա պայմանավորվել Մարտին Շուլցի գլխավորած սոցիալ-դեմոկրատների հետ, իշխող կոալիցիա կձևավորվի և Գերմանիան դուրս կգա աննախադեպ քաղաքական ճգնաժամից: Եթե ոչ, 2018-ին Գերմանիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն: «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը Բունդեսթագում ունի 94 մանդատ և բոլոր շանսերը` դառնալու ամենամեծ ընդդիմադիր ուժը: Նոր ընտրությունների պարագայում փորձագետների գնահատականները կտրուկ տարբերվում են` ոմանք կարծում են, որ ընտրողները ուշքի կգան և ազգայնականներին այդքան ձայն չեն տա, ոմանք` հակառակը, նոր ընտրություններում ազգայնականները կարող են ավելի շատ ձայն ստանալ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1981

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ