Իսպանիայի թագավոր Ֆելիպե 6-րդը Սուրբծննդյան ուղերձով դիմեց ազգին և խնդրեց Կատալոնիայի անկախության կողմնակիցներին շարժվել նորմալ համակեցության ճանապարհով ու առճակատումից խուսափել։ Ֆելիպե 6-րդը խոսում էր Իսպանիայի միասնության մասին, բայց առավել զգույշ ու հաշտարար տոնով, քան առաջ։
Դեկտեմբերի 21-ին Կատալոնիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին, երբ ինքնավարության խորհրդարանը լուծարվեց անկախության հռչակումից հետո` հիմք ընդունելով հոկտեմբերի 1-ի հանրաքվեն, որի արդյունքները չընդունեցին ոչ Մադրիդը, ոչ Բրյուսելը։ Ընտրություններից հետո առաջին տեղում կենտրոնամետ «Քաղաքացիներ» կուսակցությունն է, որ Իսպանիայի տարածքային ամբողջականության կողմնակից է, բայց անկախության կողմնակից քաղաքական երեք ուժեր կարողացան բացարձակ մեծամասնություն ստանալ խորհրդարանում` 135 մանդատներից 70-ը։ Պաշտոնանկված Կառլես Պուչդեմոնը դեռ Բրյուսելում է, նա առաջարկել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյին բանակցել Բրյուսելում կամ ցանկացած այլ երկրում` բացի Իսպանիայից, որտեղ նրան կարող են ձերբակալել։ Ռախոյը մերժել է հանդիպումը ու հայտարարել, որ պատրաստ է բանակցել նրանց հետո, ովքեր կընտրվեն Կատալոնիայի նոր կառավարության կազմում։ «Կատալոնիայի խորհրդարանը պետք է լուծի խնդիրներ, որ վերաբերում են բոլոր կատալոնացիներին` հարգելով բազմազանությունը և պատասխանատվությամբ մտածելով ամբողջ հասարակության բարեկեցության մասին։ Այդ ճանապարհը չի կարող նորից առճակատման ու բացառման բերել, որ մենք արդեն գիտենք, տարաձայնություններից, անորոշությունից ու հիասթափությունից բացի ոչինչ չի բերում»` հայտարարեց Ֆելիպե 6-րդը։ Նա անդրադարձավ և օգոստոսին Կատալոնիայում տեղի ունեցած ահաբեկչություններին ու ասաց, որ միայն «ժողովրդավարական միասնությունը, իրավական պետության ուժն ու միջազգային համագործակցության արդյունավետությունը» կարող են հաղթել ահաբեկչությանը։ ՈՒղերձը թագավորն ավանդաբար եզրափակեց Սուրբծննդյան շնորհավորանքներով կաստիլերեն, բասկերեն, կատալաներեն, գալիսերեն, և, իհարկե, իսպաներեն։
ВВС
Հ.Գ. Համաեվրոպական քաղաքական կանխատեսումները ձախողվեցին դեկտեմբերի 21-ին` Կատալոնիայի խորհրդարանական ընտրությունները` կազմակերպված Մադրիդի նախաձեռնությամբ, ակնկալվածին հակառակ արդյունքը տվեցին։ Փաստացի` Բրյուսելն ու Մադրիդը համատեղ չկարողացան լուծել Կատալոնիայում «լուռ մեծամասնության»` իսպանացիների հաղթանակի հարցը ընտրություններում, «Քաղաքացիների»` միասնության կողմնակից 1 կուսակցության ձայները չեն բավարարում անկախության կողմնակիցների 3 կուսակցություններից առաջ անցնելուն։ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը համառում է ընդունել սխալները` թե առաջին հանրաքվեի ընթացքում, թե արտահերթ ընտրությունների դեպքում։ Գուցե խնդիրը հենց նա ու իր գլխավորած Ժողովրդական կուսակցությունն են։ Հոկտեմբերից դեկտեմբեր` Կատալոնիայից հեռացան բանկերն ու արդյունաբերական մեծ ձեռնարկությունները։ Ռախոյին թվում էր, որ տնտեսական ճնշումները սթափեցնող փաստարկ են, բայց անկախականները դա էլ անտեսեցին։ Ինչպես էլ իրադարձությունները Կատալոնիայում զարգանան, ակնհայտ է միջազգային իրավունքի փոփոխության անհրաժեշտությունը: Պետության տարածքային անձեռնմխելիության և ազգի ինքնորոշման իրավունքի անհամատեղելիությունը 20-րդ դարից ժառանգած հակասություն է, որ 21-րդ դարը պարտավոր է լուծել` վերացնելով այդ սկզբունքների հավասարությունը և գերակայություն տալով ինքնորոշման իրավունքին: Քաղաքական ու իրավական դաշտում առաջացած կոնֆլիկտները տեղափոխվում են մարտի դաշտ` ըստ պետությունների ու ժողովուրդների քաղաքակրթության աստիճանի և աշխարհաքաղաքական նկատառումների։ Հեռու Կատալոնիայի հարցը մեզ համար առավել քան արդիական է` միջազգային ասպարեզում իրավական փոփոխությունների արագացման ու ժամանակի պահանջներին համապատասխանեցման համար։ Յուրաքանչյուր նախադեպ մեզ համար կարճացնում է Արցախի Հանրապետության ճանաչման ճանապարհը։
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ