Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թրամփի պաշտոնավարման մեկ տարին` Shut down

Թրամփի պաշտոնավարման մեկ տարին` Shut down
22.01.2018 | 12:13

Ֆրանսիայի թերթերը ամփոփել են Դոնալդ Թրամփի կառավարման առաջին տարին: Նախագահը ծրագրում էր տարեդարձը տոնել Ֆլորիդայի իր շքեղ նստավայրում, սակայն տոնը վերածվեց Shut down-ի` դադարեց գործել կառավարությունը: ԱՄՆ պետական հաստատությունների 850000 աշխատակիցներ չգնացին աշխատանքի, որովհետև հանրապետականներն ու դեմոկրատները չընդունեցին դաշնային բյուջեն:
«Կաթվածահարության ու տարաձայնությունների տարի էր»` գրում է Le Monde-ը: Չնայած Սենատում հանրապետականները մեծամասնություն են, կառավարության ֆինանսավորման երկարացման օրինագիծը չկարողացան ընդունել դեմոկրատների հետ տարաձայնությունների պատճառով, որ պահանջում են անլեգալ ներգաղթյալներին պաշտպանել արտաքսումից: ԱՄՆ ոչ մի նախագահ նախկինում չի հայտնվել այդպիսի բարդ իրավիճակում` մեծամասնություն ունենալով Կոնգրեսի երկու պալատներում: 2013-ին, երբ կառավարությունը կասեցրեց գործունեությունը դեմոկրատ Բարաք Օբամայի օրոք, շարքային քաղաքացի Դոնալդ Թրամփը մեղադրեց նախագահին: Այս անգամ նրա ներկայացուցիչ Սառա Սանդերսը բանակցությունների ձախողման համար մեղադրել է դեմոկրատներին:

Թեպետ Դոնալդ Թրամփը հունվարի 9-ին կոնգրեսականներին պայմանավորվելու կոչ արեց անլեգալների հարցում, սակայն 2 օր անց ինքը մերժեց նրանց փոխզիջումը: Le Monde-ի կարծիքով` ԱՄՆ-ի քաղաքական շրջանակներում վստահության ճգնաժամը խորացրեց և Աֆրիկայի երկրների ու Հաիթիի հասցեին Թրամփի կոպիտ արտահայտությունների հրահրած բանավեճը: ԱՄՆ նախագահը նրանց անվանեց «կեղտոտ հետնախորշեր»` միգրանտների հարցի քննարկման ժամանակ: Սպիտակ տունը չշտապեց անմիջապես հերքել ԶԼՄ-ների հրապարակումները Թրամփի արտահայտության մասին, իսկ ՄԱԿ-ը նրան կոչ արեց ներողություն խնդրել: Հանրապետականների ճամբարում չեն թաքցնում իրենց դժգոհությունը միգրացիայի հարցում Սպիտակ տնից եկող հակասական ազդանշաններից: The Washington Post-ի հրապարակած սոցհարցման տվյալներով` հարցվածների մեծ մասը փակուղու համար մեղադրում է հանրապետականներին ու Թրամփին, բայց կարծում է, որ դեմոկրատները ևս մեղքի իրենց մասն ունեն: Le Figaro-ն գրում է, որ թվացյալ քաոսին հակառակ` արդեն մեկ տարի ԱՄՆ պոպուլիստ նախագահը խորքային փոփոխություններ է կատարում վարչակազմում, տնտեսության ու միջազգային քաղաքականության մեջ: Կարո՞ղ է նախկին ռիելտորը գլուխ հանել երկրում ամենակարևոր գործառնությունից` դեռ վիճելի հարց է: Դոնալդ Թրամփը ինքնառաջադրվել է, անձնական վիրավորանքներ է թույլ տվել իրեն, աղավաղել փաստերը: The Washington Post-ը մեկ տարում հաշվել է Թրամփի 2000 սուտ հայտարարություն: Այդ քաոտիկ ցուցափեղկի հետևում Le Figaro-ն կոչ է անում տեսնել մեթոդիկ փոփոխությունները և փորձում է բացատրել` ինչու՞ բնակչության մեջ ռեկորդային ցածր վարկանիշով (32 %) նախագահը ունի հանրապետականների 80 %-ի աջակցությունը: Այդ կուսակցության կողմնակիցները միշտ կողմ են եղել պետական հաստատությունների ու դաշնային ծախսերի կրճատմանը: Բյուջեի նախագծում Թրամփը առաջարկում է էական կրճատումներ համարյա բոլոր ոլորտներում` սկսած դիվանագիտությունից մինչև շրջակա միջավայր: Տնտեսումը չի վերաբերի 3 ոլորտների` պաշտպանություն, ազգային անվտանգություն ու վետերանների ծախսեր: Իշխանությունները ծրագրում են փակել 19 դաշնային գործակալություն, 70 000 աշխատատեղ պետական հաստատություններում արդեն կրճատվել են, որ 50 %-ով ավելի է, քան Օբամայի նախագահության առաջին տարում:
RFI


Հ.Գ. Ոչ ոք չի կարող ժխտել, որ մեկ տարի ամեն օր Դոնալդ Թրամփը եղել է ուշադրության կենտրոն: Մեկ տարում նրան հաջողվել է ստեղծել 2 միլիոն նոր աշխատատեղ, մեծացնել ՀՆԱ-ի ցուցանիշները: Ամերիկան մեծ դարձնելու համար նախագահ դարձած միլիարդատերը առաջադրվելու է նաև երկրորդ ժամկետով` Ամերիկան մեծ պահպանելու համար` սա առաջին տարվա գլխավոր եզրակացությունն է: Shut down-ը ժամանակավոր է: Ինչպես ամեն ինչ աշխարհում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1717

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ