Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինչո՞ւ Ալիևը հոկտեմբերը դարձրեց ապրիլ

Ինչո՞ւ Ալիևը հոկտեմբերը դարձրեց ապրիլ
06.02.2018 | 13:29

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախագահական արտահերթ ընտրություններ է նշանակել` հոկտեմբերից ապրիլ տեղափոխելով քվեարկության օրը: Փորձագետների կարծիքով` նա կրճատում է մրցակիցների նախընտրական ժամանակը: Ալիևն իրավունք ունի արտահերթ ընտրություններ նշանակել 2016-ի հանրաքվեից հետո, որ Ադրբեջանի ընդդիմությունը գնահատեց ավտորիտար վարչակարգն ամրացնելու փորձ: Հանրաքվեի արդյունքներով նաև երկարացվեց նախագահի պաշտոնավարման ժամկետը` 5-ի փոխարեն 7 տարի: 14 տարի նախագահած Իլհամ Ալիևը նորից է մասնակցելու ընտրություններին: Անցած շաբաթ իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը նրան առաջադրեց նախագահի թեկնածու: Նախագահական հավակնություններ ունեն «Մուսավաթի» նախկին նախագահ Իսա Ղամբարն ու Ադրբեջանի ժողովրդական ճակատի նախագահ Ալի Քերիմլին: Իսա Ղամբարն ընտրությունների օրվա տեղափոխումը կապում է վատացող տնտեսական իրավիճակի հետ, որ սկսվեց նավթի գնանկումից 3 տարի առաջ: «Իշխանությունները հասկանում են, որ ճգնաժամը ուժեղանում է և տարեվերջին հասարակության դժգոհությունը կմեծանա, միաժամանակ` ընտրախավի բողոքական տրամադրությունը»` ասել է Իսա Ղամբարը: Ալի Քերիմլին կարծում է, որ Ալիևը ցանկանում է կրճատել իր մրցակիցների ընտրություններին պատրաստվելու ժամկետը: Պատգամավոր Զահիդ Օրուջն ընդդիմադիրների կասկածները ցրում է: Նա կարծում է, որ տնտեսությունը կապ չունի: «Վերջին հանրաքվեն փոփոխություններ կատարեց Սահմանադրության մեջ և 2025-ին խորհրդարանական ու նախագահական ընտրությունների ժամկետը համընկնում էր: Ես կարծում եմ, որ որոշումը ճիշտ է»` ասում է Օրուջը։ Նրա խոսքով` որոշումը չի ազդի մյուս թեկնածուների շանսերի վրա. «Եթե ինչ-որ ուժեր 25 տարում չեն կարողացել պատրաստվել, մի քանի ամիսը ոչինչ չի փոխի»: Նրա հետ համաձայն չէ Ընտրությունների մշտադիտարկման և ժողովրդավարության ուսուցման կենտրոնի տնօրեն Անար Մամեդլին. «Մեր հասարակությունը պատրաստ չէ այդպիսի ընտրությունների և հնարավոր է` իշխանությունները հենց դա են հաշվի առնում արագ ընտրություններ անցկացնելով: Մենք շատ ենք զբաղվել ընտրությունների մշտադիտարկումով, մեկ տարի առաջ բոլորն իմանում են` լավ, թե վատ են քաղաքական կուսակցությունները նախապատրաստվել մայրաքաղաքում, շրջաններում, իսկ հիմա երկու ամսում դա ֆիզիկապես անհնար է»: Նա կարծում է, որ ժամանակի կտրուկ կրճատումը կարող է դժվարացնել միջազգային դիտորդական խմբերի աշխատանքը` նրանք կարող են չհասցնել մանդատ ստանալ: ԿԸՀ-ում ասել են, որ որոշումն իրենց համար նորություն էր:

BBC

Հ.Գ. Փաստորեն, երբ Ստրասբուրգում հունվարի 24-ին նախագահ Սերժ Սարգսյանը հռետորական հարց էր տալիս, թե ինչու՞ է Ադրբեջանն ուզում ունենալ այն ամենը, ինչ Հայաստանն ունի, մարգարեանում էր ևս մեկ հարցում` Ալիևն ուզեց, որ Ադրբեջանն էլ ապրիլին նոր նախագահ ունենա: Մնում էր միայն` ընտրությունները նշանակել ոչ թե ապրիլի 11-ին, այլ 9-ին` հանուն հավասարության: Որքան անայլընտրանքային է ՌԴ նախագահի մարտի 18-ի ընտրությունը, նույնքան` Ալիևի վերընտրությունը:

Ի՞նչ կարող է կատարվել այդ կես տարում, որ Ալիևը փորձում է իրադարձություններից առաջ անցնել: Տարբեր ընդդիմադիրներ տարբեր հայտարարություններ կարող են անել, բայց իրական քաղաքականության մեջ եթե Ալիևն ընտրությունները ոչ թե կես տարով առաջ բերեր, այլ` հետաձգեր, որևէ թեկնածուի շանս չէր ավելանալու տոտալիտար երկրում: Սոցիալ-տնտեսական հարցերով ընդվզումը նա ցանկացած պահի կարող է ճնշել և հպարտ հայտարարել, որ Ադրբեջանը տարածաշրջանի ամենաժողովրդավարական երկիրն է: Բացահայտորեն նավթային դրախտի դարաշրջանն ավարտվել է, նավթն այլևս դոլար չի դառնում` Ալիևի ցանկացած ծավալներով: 2003-ից հետո առաջին անգամ ընտրությունները համակարգային ու տնտեսական ճգնաժամի շրջանում են: Ժողովրդին ոչ ոք խաղացող չի համարում և նրա կարծիքը հաշվի չի առնում: Դժգոհությունն Ալիևից էլիտայի ներսում է: Նրանք փող են կորցնում, ազդեցություն ու իշխանություն: Ալի Քերիմլին չափազանց մեծարում է ընդդիմությանը, երբ ասում է, որ 45 տարի իշխող դինաստիայի գործող ներկայացուցիչը վախենում է արդար և թափանցիկ ընտրություններ պահանջող ընդդիմությունից, որ իբր մինչև հոկտեմբեր ընտրությունների կեղծման դեմ պայքարի մարտավարություն է հայտնագործելու: Ոչինչ էլ չի հայտնագործելու: Նրանք խաղից դուրս են: Խնդիրը իրար հետևից սնանկացող բանկերն են, ինչի պատճառով Ադրբեջանը հայտնվում է այլ պետությունների ազդեցության տակ: Ալիևին պետք է օր առաջ իր էլիտային հանգստացնել, որ իշխանությունը ամուր է ու իր ձեռքում է լինելու ևս 7 տարի: Բաքվի համար արդեն հակառակ նշանով է գործով Թուրքիայի «փոքր եղբայր» լինելու ռազմավարությունը: Թուրքիան ԵՄ-ից հետո հարաբերությունները լարում է ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ` մեղքերի թողության համար Հռոմի պապին հանդիպած Էրդողանի առաջ դռները հերթով փակվում են: Ինքնաբերաբար փակվելով և Բաքվի առաջ: Կես տարին չափազանց մեծ ժամանակ է, որ ակնառու է դարձնելու այդ վիճակը: Մերձավոր Արևելքի իրադարձությունների ընթացքը չի կարող չազդել Հարավային Կովկասի վրա` Ալիևը հասկանում է, որ օր առաջ պետք է վերահաստատի նախագահի կարգավիճակը` ոչ իբրև նախագահի թեկնածու, այլ գործող նախագահ դիմակայելով հնարավոր բացասական զարգացումներին: Հայտնի չէ` ինչ պայմաններով կավարտվի Թուրքիայի հարձակումը Աֆրինի վրա, մինչև ու՞ր կվատանան թուրք-ամերիկյան հարաբերությունները, ի՞նչ կկատարվի ռուս-թուրքական հարաբերությունների հետ:

Փորձագետները չեն բացառում, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումից Անկարայի հրաժարվելը կարող է հանգեցնել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Իսկ դա թուլացնում է Բաքվի դիրքերը: Վատ են հարաբերությունները և Եվրոպայի հետ` Ադրբեջանը կարող է հեռացվել ԵԽԽՎ-ից` ՄԻԵԴ որոշումները չկատարելու պատճառով: Նախագահ ընտրվելուց հետո Ալիևը կարող է մեծահոգաբար ազատ արձակել Իլգար Մամեդովին, ում համարում են նրա իրական մրցակիցը: Ալիևն իրեն ապահովում է միջկլանային գզվռտոցից ու ֆորս մաժորներից:

Պարզ է նաև, որ նվազագույնը 4 տարի ղարաբաղյան հիմնահարցի շուրջ բանակցությունները վարելու են Իլհամ Ալիևն ու Սերժ Սարգսյանը, և պետք չէ Ալիևի որոշումը կապել Լեռնային Ղարաբաղի հարցի հետ` նա փրկում է ոչ թե Ադրբեջանը, այլ իր իշխանությունը:

Նախագահական ընտրությունների ժամկետի փոփոխությանը դիմեց և Միխեիլ Սաակաշվիլին ու հաղթեց իր երկրորդ ժամկետը ստանալով, բայց դա նրան չօգնեց իր կուսակցության ձեռքում պահել իշխանությունը: Վրաստանն ու Ադրբեջանը համեմատելը ճիշտ չէ` ժողովրդավարության մակարդակում, բայց նախագահների որոշումների հիմքում նույն հաշվարկներն են` օր առաջ ամրացնել իշխանությունը, երբ հողը ոտքի տակ սկսում է երերալ:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2499

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ