Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կների՞ Ասադն Էրդողանին

Կների՞ Ասադն Էրդողանին
07.02.2018 | 10:54

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քիլիչդարօղլուն իշխանություններին կոչ է արել «անհապաղ վերականգնել Սիրիայի կառավարության հետ կապերը` այդ երկրում խաղաղության ու կայունության համար, երաշխավորել Սիրիայի տարածքային ամբողջականությունը ու դադարեցնել արյունահեղությունը»: Նա հայտարարել է, որ «այդ խնդրի լուծման տեղը Թուրքիայի խորհրդարանն է»: Մինչ այդ Քիլիչդարօղլուն` աջակցելով Սիրիայի հյուսիսում թուրք զինվորականների «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությանը, հայտարարել էր, որ Անկարան պետք է գործողությունը պաշտնապես վերաորակի` պաշտպանականի փոխարեն ազատագրականի և հրաժարվի Սիրիայի ազատ բանակին աջակցելուց, որ ձգտում է նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկությանը: Նրա կարծիքով` «թուրք զինվորականների հաղթանակները վերագրվում են Սիրիայի ազատ բանակին»: Առաջարկված տրամաբանությամբ` Անկարան, Սիրիայի տարածքային ամբողջականության սկզբունքը պահպանելով, կարող է Դամասկոսի հետ երկխոսություն սկսել: Հարցը, թե այդ դեպքում ումի՞ց է Թուրքիան «ազատագրում» Սիրիան, ունի մեկ պատասխան` ԻՊ-ի մնացած և դեռ զինուժը պահպանած ջոկատներից: Առաջին հայացքից կարող է թվալ, որ Քիլիչդարօղլու տեսակետը որոշ չափով համահունչ է Վաշինգտոնի տեսակետին, որ կոչ է անում Անկարային ուժերը Սիրիայում կենտրոնացնել ԻՊ-ի դեմ պայքարում, ոչ թե սիրիացի քրդերի, որոնց ամերիկացիները աջակցում են, իսկ թուրքերը համարում են գլխավոր սպառնալիք: Բայց միայն առաջին հայացքից: Կա կարևոր նյուանս: Ստեպ-ստեպ թվում էր, որ Թուրքիան սիրիական ուղղությամբ Մոսկվայի ու Թեհրանի հետ ալյանսի մեջ լինելով (որ աջակցում են Դամասկոսին) հակվում է երկխոսության Դամասկոսի հետ այս կամ այն տարբերակով նրա իշխանությունը պահպանելով: Բոլոր դեպքերում, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ «Ձիթենու ճյուղը» սկսելուց առաջ Անկարան գրավոր տեղեկացրել է Դամասկոսին:
Սակայն երբ Վաշինգտոնը հրապարակավ հրաժարվեց աջակցել Ասադի վարչակարգին և մտադրություն հայտնեց այնպիսի քաղաքական համաձայնություն կնքել, որը ենթադրում է Սիրիայի նախագահի հեռանալն ու իրանական ջոկատների Սիրիայից դուրս բերումը, Էրդողանը մերժեց Ասադի հետ որևէ ձևաչափով երկխոսությունը` հայտարարելով, որ չի կարող նրան իբրև քաղաքական գործիչ ընդունել: Ստացվեց հանելուկային բանաձև` Անկարան ու Վաշինգտոնը միասնական են Ասադի հարցում` ունենալով լուրջ հակասություններ Սիրիայի հյուսիսի քրդերի հարցում. ԱՄՆ-ը նրանց համարում է կարևոր դաշնակից ԻՊ-ի դեմ պայքարում, Թուրքիան` ահաբեկիչ: Դրանից հետո Թուրքիան ծրագրում է մնա՞լ Ռուսաստանի ու Իրանի հետ ալյանսում: Նրա նոր դիրքորոշումը բացահայտ օպորտունիզմ է: Ստացված դասավորությունը Մերձավոր Արևելքում լիովին նոր երևույթ է` միանգամայն տարբեր այդ տարածաշրջանի ռազմաքաղաքական դաշինքներից: Դա Անկարայի համար մի կողմից բացում է նոր հնարավորություններ, մյուս կողմից` լուրջ խնդիրներ: Նախ հնարավորությունների մասին` չնայած Վաշինգտոնի հետ փոխհարաբերությունների ճգնաժամին` Թուրքիան դեռ հույս ունի նրա հետ ալյանսի, գտնելով, որ ամերիկացիները վաղ, թե ուշ «հանձնելու են» սիրիացի քրդերին: Այդ դեպքում Անկարան Վաշինգտոնի հետ շանս կստանա թուլացնել Ռուսաստանի ներգործությունը ոչ միայն Սիրիայում, այլև ամբողջ տարածաշրջանում: Պատահական չէ, որ Թուրքիայում ուշադիր հետևում էին Սոչիում Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսի աշխատանքին և ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Սաուդյան Արաբիայի ու Հորդանանի ներկայացուցիչների հանդիպումներին Սիրիայի ընդդիմության ուժերի հետ Վիեննայում (որտեղ քննարկվում էր Ասադի իշխանական լիազորությունների մի մասի փոխանցման ծրագիրը): Դա որոշ չափով նորացված լիբիական սցենարն է, երբ երկրի տարածքի ինչ-որ մասում ստեղծվում է զուգահեռ կառավարություն, որին ընդունում է Արևմուտքը: Այդ դեպքում «Սիրիան բաժանվում է տարածքների և ռազմական տեսակետից փաստացի ենթակա օտարերկրյա պետությունների միջամտություններին»` գրում է Bloomberg-ը: ԱՄՆ-ը և գուցե Թուրքիան պահպանում են իրենց ռազմական ներկայությունը Սիրիայում: ԱՄՆ-ը չի էլ թաքցնում, որ սիրիական պլացդարմն իրեն պետք է Իրանի վրա հարձակվելու համար: Իսկ ի՞նչ է ստանում Թուրքիան, որ հիմա անխնա քննադատում է Վաշինտգոնին: Նախ` ներքաշվում է տարածաշրջանային տևական զինված կոնֆլիկտի մեջ` Ռուսաստանի ու Իրանի հետ ալյանսի փլուզման հեռանկարով: Երկրորդ` ԱՄՆ-ը մի կրակոցով սպանում է մի քանի նապաստակ` հաշվի առնելով, թե ինչ վիճակում է հայտնվում Թուրքիան սիրիական բարդ հավասարման մեջ: Երրորդ` դա չի հանում, այլ ամրապնդում է քրդական պետության ստեղծման նախագիծը, որ վերաբերում է Թուրքիային` մասամբ անմիջապես, հետո ավելի շատ: Վերջապես` պետք չէ բացառել և գլխավոր արտաքին խաղացողների պայմանավորվելու հնարավորությունը և դիրքերը փոխանակելու, ինչպես եղել է Իրաքում ու Լիբիայում: Hürriyet-ը գրում է` «պատրաստ լինելու համար այն օրվան, երբ դա տեղի կունենա, այսօր ինչ-որ քայլեր անելիս մենք պետք է խելամիտ վերլուծություններն ու կառուցողական քննադատությունը լսենք»: Քիլիչդարօղլուի առաջարկած դրույթները խելամիտ են: Reuters-ը կարծում է, որ Անկարան տեսականորեն կարող է Ասադի նկատմամբ դիրքորոշումը մեղմացնել և սրբագրել իր արտաքին քաղաքականությունը: Սիրիայի նախագահի նկատմամբ Թուրքիայի դիրքորոշման մեղմացումը կարող է հարթել չբարձրաձայնվող բարդությունները Ռուսաստանի ու Իրանի հետ երկխոսության մեջ` սիրիացի քրդերին ամերիկացիների շարունակվող աջակցության պայմաններում: Մոսկվա-Դամասկոս-Անկարա-Թեհրան հեռանկարային ալյանսը կարող էր փոխել իրադարձությունների ընթացքը տարածաշրջանում: Ոնց էլ նայում ես` Թուրքիան 2011-ին Մերձավոր Արևելքում արաբական գարնան սկզբից մինչև հիմա գործնականում ոչնչի չի հասել այն ամենից, ինչ ցանկանում էր: Բայց կլսի՞ այդ կոչերն Էրդողանը, որ երկրի ներսում փորձում է նեոօսմանիզմին միախառնված հայրենասիրությունն օգտագործել` ցանկացած գնով իշխանությունը պահելու համար:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Կների՞ Ասադն Էրդողանին, հարց է, որ կարող է պատասխան ստանալ, երբ Էրդողանը փոխի վերաբերմունքը նրա նկատմամբ ու պաշտոնանկության պահանջից հրաժարվի: Գլխավոր հարցը` իսկ կների՞ նրան Պուտինը հերթական անգամ թիկունքից հարվածի համար: Ռոհանին կների՞, երբ Թուրքիան 180 աստիճանով փոխի դիրքորոշումը: «Ձիթենու ճյուղն» Աֆրինում վերածվում է շատ բարդ խաղի, որտեղ ոչ ոք ոչ մեկի դաշնակիցը չէ և բոլորը կռվում են բոլորի դեմ` ինչպես ապացուցեց ռուսական խփված կործանիչը: Երկրորդ անգամ: Խառը իրավիճակում` մի տարածքից, որ վերահսկում են թուրքերը: 2019-ին նախագահական ընտրություններից առաջ Էրդողանի համար ավելի ու ավելի բարդ իրավիճակ է ստեղծվում երկրի ներսում, տարածաշրջանում, նախկին ու ներկա դաշնակիցների հետ հարաբերություններում: Ինչ շրջադարձ էլ անի` դավաճանելու է ոմանց, իսկ ոմանց հետ ստեղծելու է անկայուն հարաբերություններ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2558

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ