Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Անբառության ու լռության սահմանագծին

Անբառության ու լռության սահմանագծին
09.02.2018 | 02:05

Ընտրության հարց է` ոմանց համար լռությունը դրախտ է, ոմանց համար` դժոխք: Ավելի ճիշտ` ըստ հանգամանքների` կանխատեսելի ու անկանխատեսելի: Լռությունը դառնում է պարգև ու պատիժ, երբեմն նույն մարդու համար: Կյանք է` ինչ ասես լինում է: Լռությունը բնավ էլ անբառության հոմանիշը չէ: Բառեր չունենալն ու չգտնելը բոլորովին այլ հոգեվիճակ է, երբ ոչ միայն ոչինչ չես կարողանում, այլև չես ուզում բացատրել: Երջանկությունից: Ցավից: Երբ բառեր չկան, հոգին ապրում է բուռն կյանք` ընդունում ու թելադրում որոշումներ, որ հետո պիտի բառավորվեն կամ ընդմիշտ մոռացվեն` մնալով ենթագիտակցության մեջ: Գիտակցությունը իրեն գտնում է բառերի մեջ ու խելամտորեն լռելու: Աշխարհում գերիշխում են բառերը: Անկապ ու չհասկացված: Խորիմաստ ու տաք: Թևավորող ու ընդարմացնող: Խոսքը նյութական է. ձեր բառերի մեջ ապրող իմաստը բարձրաձայնվելով` վերադարձնում է ձեզ` ձեր ուրիշներին ուղղված ցանկությունները: Բումերանգի էֆեկտով: Բոլորը գիտեն, բայց ոչ ոք խոսելիս չի մտածում, որ իր ճակատագիրն է կանխորոշում:


Այս շաբաթ Իլհամ Ալիևը խոսեց: Գրավոր: Ստորագրեց ապրիլի 11-ին արտահերթ ընտրությունների հրամանագիր: Հոկտեմբերի 17-ին նշանակված ընտրությունները կես տարով առաջ բերելն անակնկալ էր: Երբ անցած շաբաթ «Ենի Ազերբայջանը» Իլհամ Ալիևին առաջադրեց նախագահի թեկնածու, հազիվ թե որևէ մեկը կասկածեց, որ արտահերթ ընտրություններ են լինելու: ԿԸՀ-ում ևս ասել են, որ որոշումն իրենց համար նորություն էր: Փորձագետների կարծիքով` նա կրճատում է մրցակիցների նախընտրական ժամանակը և փորձում խուսափել տնտեսական իրավիճակի վատացման պիկի ու նախագահական ընտրությունների համընկնումից: Փաստորեն, երբ Ստրասբուրգում հունվարի 24-ին նախագահ Սերժ Սարգսյանը հռետորական հարց էր տալիս, թե ինչու է Ադրբեջանն ուզում ունենալ այն ամենը, ինչ Հայաստանն ունի, մարգարեանում էր ևս մեկ հարցում` Ալիևն ուզեց, որ Ադրբեջանն էլ ապրիլին նոր նախագահ ունենա: Մնում էր` ընտրությունները նշանակել ոչ թե ապրիլի 11-ին, այլ 9-ին: Ի՞նչ կարող է կատարվել կես տարում, որ Ալիևը ուզում է անցանկալի իրադարձություններից առաջ անցնել: Տարբեր տեսակետներ կան, բայց իրական քաղաքականության մեջ եթե Ալիևը ընտրությունները ոչ թե կես տարով առաջ բերեր, այլ հետաձգեր, որևէ թեկնածուի շանս չէր ավելանալու տոտալիտար երկրում: Սոցիալ-տնտեսական հարցերով ընդվզումը նա ցանկացած պահի կարող է բռնություններով ու ձերբակալություններով ճնշել և հայտարարել, որ Ադրբեջանը տարածաշրջանի ամենաժողովրդավարական երկիրն է: Նավթային դրախտի դարաշրջանն ավարտվել է, նավթն այլևս դոլար չի դառնում` Ալիևի ցանկացած ծավալներով: 2003-ից հետո առաջին անգամ նախագահական ընտրությունները համակարգային ու տնտեսական ճգնաժամի շրջանում են: Ժողովրդին ոչ ոք խաղացող չի համարում և նրա կարծիքը հաշվի չի առնում: Դժգոհությունն Ալիևից էլիտայի ներսում է: Նրանք փող են կորցնում, ազդեցություն ու իշխանություն:

Ընդդիմադիր Ալի Քերիմլին մեծարում է ընդդիմությանը, երբ ասում է, որ 45 տարի իշխող դինաստիայի ներկայացուցիչը վախենում է արդար և թափանցիկ ընտրություններ պահանջող ընդդիմությունից, որ իբր մինչև հոկտեմբեր ընտրությունների կեղծման դեմ պայքարի մարտավարություն է հայտնագործելու: Ոչինչ էլ չի հայտնագործելու: Նրանք խաղից դուրս են: Խնդիրը իրար հետևից սնանկացող բանկերն են, որի հետևանքով Ադրբեջանը հայտնվում է այլ պետությունների ազդեցության տակ: Ալիևին պետք է օր առաջ իր էլիտային հանգստացնել, որ իշխանությունը ամուր է ու իր ձեռքում է լինելու ևս 7 տարի, իսկ հետո էլի 7 ու էլի, մինչև… Անքննելի է ալլահի կամքը: Բաքվի համար արդեն հակառակ նշանով է գործում Թուրքիայի «փոքր եղբոր» ռազմավարությունը: Թուրքիան ԵՄ-ից հետո հարաբերությունները լարում է ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ: Աֆրինի հարձակումից ու ռուսական ինքնաթիռի կործանումից հետո` չի բացառվում նաև Ռուսաստանի: Զուգահեռ` Իրանի, երբ կողմ է ԱՄՆ-ի դիրքորոշմանը, որ Թեհրանն իր զինուժը պետք է դուրս բերի Սիրիայից ու Բաշար Ասադը հեռանա:

Մեղքերի թողության համար Հռոմի պապին հանդիպած Էրդողանի առաջ դռները հերթով փակվում են` պատերազմի հրեշն ու խաղաղության հրեշտակի մեդալիոնն ամենախոսուն ընծան էր, որ Էրդողանը ստացել է երբևէ` իբրև նախագահ: Դռները ինքնաբերաբար փակվում են և Բաքվի առաջ: Մերձավոր Արևելքի իրավիճակը չի կարող չազդել Հարավային Կովկասի վրա. Ալիևը հասկանում է, որ օր առաջ պետք է վերահաստատի նախագահի կարգավիճակը` ոչ իբրև նախագահի թեկնածու, այլ գործող նախագահ դիմակայելով բացասական զարգացումներին: Փորձագետները չեն բացառում, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումից Անկարայի հրաժարվելը կարող է հանգեցնել ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Դա թուլացնում է Բաքվի դիրքերը: Վատ են հարաբերությունները և Եվրոպայի հետ` Ադրբեջանը կարող է հեռացվել ԵԽԽՎ-ից` ՄԻԵԴ-ի որոշումները չկատարելու պատճառով: Ապրիլին նախագահ ընտրվելուց հետո Ալիևը կարող է մեծահոգաբար ազատ արձակել Իլգար Մամեդովին` կատարելով ՄԻԵԴԻ-ի որոշումը և կանխելով ԵԽԽՎ-ից հեռացումը: Ի վերջո նա իրեն ապահովում է Ալիևներ-Փաշաևներ միջկլանային գզվռտոցից ու ֆորս մաժորներից: Նվազագույնը 4 տարի (Ալիևը վերընտրվելու է 7 տարով, Հայաստանում ԱԺ ընտրությունները 2022-ին են) ԼՂ հարցի շուրջ բանակցությունները վարելու են Իլհամ Ալիևն ու Սերժ Սարգսյանը, և պետք չէ Ալիևի որոշումը կապել Լեռնային Ղարաբաղի հարցի հետ` նա փրկում է ոչ թե Ադրբեջանը, այլ իր իշխանությունը:


Նախագահական ընտրությունների ժամկետի փոփոխության դիմեց և Միխեիլ Սաակաշվիլին ու հաղթեց իր երկրորդ ժամկետը ստանալով, բայց դա չօգնեց իր կուսակցության ձեռքում պահել իշխանությունը: Վրաստանն ու Ադրբեջանը համեմատելը ժողովրդավարության մակարդակում ճիշտ չէ, բայց նախագահների որոշումների հիմքում նույն հաշվարկներն են` օր առաջ ամրացնել իշխանությունը, երբ հողը ոտքի տակ սկսում է երերալ: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը, Ալիևի լռության ֆոնին, փորձել է ինչ-որ բացատրություն տալ որոշմանը և ասել է, որ ընտրությունները կես տարի շուտ անցկացնելու հիմքում ներքին և արտաքին հանգամանքներ են: Բայց ոչ մինչև հոկտեմբեր անխուսափելի զանգվածային ընդվզումները՝ սոցիալ-տնտեսական վիճակի վատացման, մարդու իրավունքների չդադարող ոտնահարումների պատճառով: Մամեդովը Գինեսի գրքին արժանի գյուտ է արել` համեմատելով նախագահի ընտրությունը «Ֆորմուլա 1» մրցաշարի, պետության, բանակի, դրոշի 100-ամյակին նվիրված տոների հետ: «Ընտրությունները մինչև այդ կարևոր միջոցառումները ավարտելն ավելի նպատակահարմար է»,- ասել է նա: Նաև հիշատակել է «Հարավային Կովկասի և հարևան տարածաշրջաններում ընթացող բացասական գործընթացները», որ կարող են սրվել ու ազդել Ադրբեջանի վրա: Իսկ դա պահանջում է պատրաստվածության և ճկունության դրսևորման մակարդակի բարձրացում:


Ավելի ինտրիգային հայտարարություն է արել ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Իլհամ Ալիևի հանդիպման մասին նա ասել է. «Կրակովի հանդիպմանը առաջ քաշված կարծիքների հիման վրա համանախագահների հետ կոնկրետ քննարկումներ են եղել հակամարտության կարգավորման համար», «պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ադրբեջանում և Հայաստանում նախագահական ընտրություններից հետո, առկա առաջարկների և կարծիքների հիման վրա, ինտենսիվ բանակցությունները կշարունակվեն»: Ինչու՞ է նա մեկ հարթության մեջ դրել երկու ընտրությունները, որ բնավ համարժեք չեն, պարզ չէ:


Հայաստանի նախագահի ընտրություններում ինտրիգներ չկան: Կա մեկ թեկնածու` անայլընտրանք: Նրան ընտրելու է ԱԺ-ն, որ չցանկացավ երկրորդ թեկնածու ունենալ: Միակ թեկնածուն` արագ ավարտելով հայաստանյան հանդիպումները, մեկնեց արտասահման` Մոսկվայից ու Միլանից հետո վերադառնալով… Լոնդոն: Թվում էր` ուր-ուր, բայց Լոնդոն գնալու կարիք Մեծ Բրիտանիայում ՀՀ դեռ գործող դեսպանը չունի` ժամանակն այլ երկրների հատկացնելու և ավելի շատ ճանաչողական հանդիպումներ անցկացնելու համար: Ոչ: Լոնդոնի հայկական Սուրբ Եղիշե եկեղեցում նա հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ, և նրան ասացին, որ «մարդկային ու մասնագիտական առումներով դեսպանը լիովին կարող է այդ պաշտոնում լավագույնս դրսևորել իրեն»: «Բրիտանական հողում բնակվող հայկական մեծ ընտանիքն իր զորակցությունը հայտնեց Արմեն Սարգսյանին և կոչ արեց նրան ի գործ անցնել և միասնական ուժերով առաջ տանել հանուն Հայրենիքի բարօրության տարվող անչափ ծանր, բայց և պատվելի աշխատանքը»` ըստ պաշտոնական տեղեկության: ՈՒ՞մ մտքով կանցներ: Փաստորեն` Արմեն Սարգսյանն այնքա՞ն էլ վստահ չէ իր ուժերին, որ զորակցության խոսքերի կարիք է զգում: Իրական զորակցությունը, սակայն, Հայաստանում պիտի գտնի: ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի: Ինչպես պարզվում է` նաև ՀՅԴ-ի, որ հիմա առաջ է քաշում Ընտրական օրենսգրքի ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ քննարկումներ…

լրատվամիջոցներով, թեև կոալիցիոն գործընկերությունը այլ աշխատակարգ է ենթադրում:

ՀՅԴ-ն պնդում է, որ գործող կարգը հակաժողովրդավարական է, և ռեյտինգային կարգի փոփոխությունն իրենց համար սկզբունքային հարց է, պետք է հասնեն լուծմանը։ Իսկ եթե չհասնե՞ն: Կոալիցիայից դուրս կգա՞ն: Ոչ: Կփորձեն համոզել: Առավել ևս, որ «Ծառուկյան» խմբակցությունն էլ շրջանառության մեջ է դրել ռեյտինգային ընտրակարգը վերացնելու, ամբողջությամբ համամասնական ընտրակարգի անցնելու նախագիծ: ՀՀԿ-ն քննարկումներից չի խուսափի` ասել է խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Բնական է, որ ՀՀԿ-ն ձգելու է ժամանակը` մինչև 2022-ը 4 տարի կա, և դա գիտեն ՀՅԴ-ում, բայց ԸՕ-ն լավագույն «սկզբունքային» տարբերակն է, որով կարող են պահանջները ներկայացնել ՀՀԿ-ին հրապարակավ ու «խորհրդակցություններում» պայմանավորվել մյուս խնդիրների վերաբերյալ: Վահրամ Բաղդասարյանը չի խուսափել քննարկումից. «Քննարկում անպայման պետք է լինի մեր կոալիցիոն գործընկերների առաջարկի վերաբերյալ, երբ կավարտենք Սահմանադրական բարեփոխումների եզրափակիչ այս փուլը, շտապելու բան չունենք, 2022-ի ընտրությունների համար է»: Մյուս ՀՀԿ-ականներն ավելի կտրուկ են` նրանք համոզված են, որ գործող ԸՕ-ն ամենաժողովրդավարականն է: Ինչու՞ ոչ, եթե համամասնականի անվան տակ հնարավոր է մեծամասնական ընտրություն կատարել` իրավականորեն: Հայաստանի բոլոր գումարման խորհրդարանները վերանայել են Ընտրական օրենսգրքերը` ընտրություններից մեկ տարի առաջ: ՀՅԴ-ի նախաձեռնությունը կարող էր շատ սկզբունքային ու ճիշտ լինել, եթե չհամընկներ ապրիլին նոր կառավարության կազմավորման և այդ ընթացքում նախարարական ու իշխանական բուրգում այլ պաշտոններ ստանալու ձգտումի հետ, որ կուսակցության տեսակետից, իհարկե, արդարացի է, բայց պետք է հաշվի առնել ընտրությունների արդյունքները հավակնություններից առաջ:


Խաղեր տալիս է նաև Ռուսաստանը: Գարեգին Նժդեհի արձանի հաշվին: Հարբեցող ու ադրբեջանամետ հայտարարված Մարկովից հետո թեման արծարծել է Պետդումայի Դաշնությունների խորհրդի սենատոր, լիբերալ-դեմոկրատ Լյուդմիլա Կոզլովան «Նեզավիսիմայա գազետայում»` ֆաշիզմի «հերոսացման» ալիքի վրա տեսնելով Երևանում Նժդեհի արձանն ու ահազանգելով, որ Նժդեհի արձան են ուզում դնել Բուլղարիայում: Ռուսական պետական քարոզչության այլասացության ավանդույթից ելնելով` Մոսկվան դժգոհ է Երևանի քայլերից: Վերջին շրջանի հրապարակային քաղաքականության մեջ միակ քայլը Արմեն Սարգսյանի առաջադրումն է նախագահի թեկնածու: Մոսկվա այցը նպատակին չի՞ հասել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Կան իրավիճակներ, երբ լռությունը դավաճանություն է: Ինչպես` դավաճանություն է խոսելը: Կյանք է` ինչ ասես լինում է: Զգուշացեք անբառությունից` ամեն մեկի ուժը չի պատում խոսել, երբ բառեր չկան, առավել ևս` ապրել: Աշխարհում գերիշխում են բառերը, բայց որոշումներն ընդունվում են անբառության պահին: Միշտ:

Դիտվել է՝ 2229

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ