Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թիլերսոնը Մերձավոր Արևելքում` առանց Արիադնայի կծիկի ու Գրաալի գավաթի

Թիլերսոնը Մերձավոր Արևելքում` առանց Արիադնայի կծիկի ու Գրաալի գավաթի
12.02.2018 | 09:20

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մեկշաբաթա ուղևորության է մեկնելու Մերձավոր Արևելքի երկրներ: Նա կլինի Հորդանանում, Լիբանանում, Թուրքիայում, Եգիպտոսում, Քուվեյթում: Եթե պետքարտուղարի «փաթեթային այցը» գնահատենք Սպիտակ տան ռազմավարական աշխարհագրության տեսակետից, հարց է ծագում` ի՞նչ ուղերձով է նա տարածաշրջան գալիս: ՈՒնի՞ Արիադնայի կծիկը, որ դուրս կբերի մահացու որոգայթներով բարդ լաբիրինթոսից: Կամ Թիլերսոնը փրկարար կծիկի փոխարեն կմատուցի հերթական Գորդյան հանգույցը, որ հետո ավելի ու ավելի է խառնվելու: Դատելով Վաշինգտոնի հայտարարություններից` նա մերձավորարևելյան այցի ընթացքում ձգտելու է միավորել այդ երկրների ջանքերը սիրիական ու իրաքյան ուղղություններով:

Թիլերսոնի այցելած երկրներից յուրաքանչյուրն ունի յուրահատուկ հարաբերություններ ԱՄՆ-ի հետ, իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի գործընկեր է: «Ամերիկայի ձայնը» կազմել է Թիլերսոնի բանակցային թեմատիկան:

Հորդանանի մայրաքաղաք Ամանում նա կքննարկի երկկողմ աջակցության փոխըմբռնման հուշագրի կնքումը, Սիրիայի շարունակվող ճգնաժամը և իսրայելապաղեստինյան կարգավորումը:

Թուրքիայում նրան բարդ բանակցություններ են սպասում ՆԱՏՕ-ի երկու անդամների միջև աճող լարվածության պայմաններում, որոնց պատճառը բազում տարաձայնություններն են, այդ թվում` մարդու իրավունքների, Սիրիայի ճգնաժամի հարցերում:

Բեյրութում Թիլերսոնը կհանդիպի Լիբանանի նախագահ Միշել Աունին, վարչապետ Սաադ Հարիրիին, խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիին և աջակցություն կհայտնի Լիբանանի ժողովրդին ու զինված ուժերին:

Կահիրեում ԱՄՆ պետքարտուղարին կընդունեն Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆատահ ալ Սիսին և ԱԳ նախարար Սամեխ Շուքրին: Նրանք կքննարկեն տարածաշրջանային անվտանգության, իսրայելապաղեստինյան հարաբերությունների հարցերը:

Իսկ վերջում Ռեքս Թիլերսոնը կգնա Քուվեյթ և կմասնակցի ԻՊ-ի դեմ պայքարի ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի 74 երկրների ԱԳ նախարարների և Իրաքի վերականգնման հարցերով միջազգային կոնֆերանսին: Փաստորեն, Թիլերսոնը իջեցնում է Թուրքիայի հետ շփման կարգավիճակը: Գուցե Վաշինգտոնը կփորձի այդ ճեղքը լցնել` Թիլերսոնից հետո Թուրքիա է մեկնելու ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Հերբերտ Մակմաստերը: Բայց Անկարան մինչև հիմա Վաշինգտոնից սիրիացի քրդերի վերաբերյալ իր դիրքորոշման փոփոխության որևէ ազդանշան չի ստացել: ԱՄՆ բանակի գեներալ Ջոզեֆ Վոտելը հայտարարել է, որ չի դիտարկում ԱՄՆ զորքերը Մանբիջից դուրս բերելու հնարավորությունը: Նրա խոսքով` «մենք այդ մասին լրջորեն չենք մտածում»: Այդ առումով Թուրքիան վտանգ է զգում, որ ԱՄՆ-ը կարող է տարածաշրջանում նոր աշխարհակարգ ձևավորել առանց իր ազգային շահերը հաշվի առնելու, թեպետ դեռ վերջերս ինքն ակտիվ մասնակցում էր արաբական գարնան հարուցած ցնցումներին: ԱՄՆ հայտարարություններում ակնհայտ հակասություններ կան: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Իրանի վերաբերյալ բացահայտորեն հստակ են: Բայց Իրաքում Մոսուլի գրոհի ժամանակ Իրանն ու ԱՄՆ-ը համագործակցել են: Թվում է` ԱՄՆ-ը մշակում է տարածաշրջանում քաղաքական կլիմայի փոփոխության սցենար, փորձելով արաբական աշխարհը ներմուծել «ուժերի կենտրոնների» նոր դասավորության մեջ` հաշվի առնելով, որ Թուրքիան փորձում է ինքնուրույն գործել, թեպետ Ռուսաստանի ու Իրանի հետ ալյանսի մեջ է Սիրիայի հարցում: Բացահայտ է` կոնֆլիկտը` կոնֆլիկտի ներսում սխեման: Այսօր Սիրիան կորցրել է իր նախկին առանցքային խաղացողի դերը արաբաիսրայելյան դիմակայության մեջ: Նրա տեղը զբաղեցրել է Իրանը, որ սկսել է լրջորեն ազդել Մերձավոր Արևելքի իրադարձությունների ընթացքի վրա, հատկապես Լիբանանում, Իրաքում ու Եմենում: ԻՊ-ի դեմ հայտարարված հաղթանակը չպարզեցրեց, այլ բարդացրեց իրավիճակը, երբ Reuters-ի կարծիքով` «ԱՄՆ-ը չի թաքցնում, որ Սիրիայի բաժանումն է պատրաստում»: «Չնայած ԻՊ-ը ջախջախված է, ԱՄՆ-ը մտադիր չէ դուրս գալ արևելյան Սիրիայից, որտեղ ամրապնդվել է այդ պատրվակով,- գրում է Birgün-ը:-Քաոսի կարելի է հասնել միայն ճգնաժամային դինամիկայի ակտիվացումով` այս կամ այն պահին ներգրավելով տարբեր խաղացողների: Վաշինգտոնը հենց դա է անում: Սեփական զենքը մատակարարելով ինչպես դաշնակիցներին, այնպես էլ հակառակորդներին, ԱՄՆ-ը շարունակում է Սիրիայի ապակայունացման քաղաքականությունը»: Թուրքիայի ու ԱՄՆ-ի ռազմական բախումների հավանականություն կա, եթե թուրքերը Մանբիջ շարժվեն: Արտաքին շատ դիտորդներ կարծում են, որ ԱՄՆ-ը հեռանում է Մերձավոր Արևելքից, բայց իր հետևից թողնում քաոս, որտեղ ներքաշվում են հնարավորինս շատ երկրներ: Կա վարկած, որ Վաշինգտոնը այդկերպ խնդիրներ է ստեղծում Չինաստանի համար, որ հեղուկ ածխաջրածինների 70 %-ը ստանում է Պարսից ծոցի երկրներից: Հազիվ թե ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Մերձավոր Արևելքում բանակցությունների ժամանակ գործընկերներին առաջարկի` ինչպես The National Interest-ն է գրում, «Գրաալի գավաթը»` սցենարը, որով հարաբերությունների պարզաբանման ռազմական ճանապարհից անցնում են ոչ ռազմականին: Ավելի շուտ` կարող է ի հայտ գալ հերթական մեծ կոնֆլիկտը Մերձավոր Արևելքում` ի հավելումն Սիրիայում, Եմենում, Լիբիայում ու Իրաքում եղածներին: Տարածաշրջանի բարդությունը ենթադրում է, որ նախագահ Թրամփին պետք է մարդ, որ ունի ոչ միայն ազդեցություն Սպիտակ տանը, այլև դիվանագիտական փորձ և հատուկ գիտելիքներ: Այդ մարդը Թիլերսո՞նն է:

Առաջիկայում Ստամբուլում կարող է տեղի ունենալ Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի նախագահների հանդիպում: Նրանք կքննարկեն զինված ուժերի ու հատուկ ծառայությունների գործողությունների համակարգման հնարավորությունների ուժեղացումը նոր իրավիճակում: Ինչպես իրադարձությունները կզարգանան, հարցը բաց է:

REGNUM

Հ.Գ. Ի՞նչ է պետք, որ Ռեքս Թիլերսոնը գա Հարավային Կովկաս: ԱՄՆ պետքարտուղարները գնում են միայն պատերազմի՞ հետևից, թե՞ նաև` խաղաղության: Բարաք Օբամայի նախագահության օրոք մի քանի անգամ շրջանառվեց Հայաստան պետքարտուղար Ջոն Քերիի գալու լուրը, բայց նա գնաց միայն Վրաստան` մեկ օրով: Իսկ նրա նախորդը` Հիլարի Քլինթոնը եկավ և դա ԱՄՆ ամենաբարձրաստիճան ներկայացուցչի այցն էր Հայաստան: Թիլերսոնը չունի նրանց դիվանագիտական հմտությունը, բայց դրանից ԱՄՆ-ի ազդեցությունն ու այցի կարևորությունը չեն նվազում:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2738

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ