ՌԴ Դաշնային ժողովում իր ելույթում նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը փորձարկել է ռազմավարական, միջուկային նոր զենքեր, որոնք անհասանելի են հակահրթիռային համակարգերին: Դա տեխնոլոգիական ճեղքում է, որ թույլ է տալիս նշանակալից մեծացնել Ռուսաստանի ռազմական ներուժն ու Կրեմլի դիրքերն աշխարհում: ՌԴ նախագահը հայտարարեց նոր թևավոր հրթիռների, առանց մարդու կառավարման ստորջրյա ապարատների և միջուկային լիցքով գերձայնային հրթիռների մասին:
Նրա խոսքով` նոր զենքերի ստեղծումը «անօգուտ» է դարձրել ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգը և վերջ է դնում Ռուսաստանի զարգացումը զսպելու Արևմուտքի ջանքերին: «Նրանց, ովքեր վերջին 15 տարիներին ձգտում էին զարկ տալ սպառազինության մրցավազքին, Ռուսաստանի նկատմամբ միակողմանի առավելություն ստանալ, միջազգային իրավունքի տեսակետից անօրինական սահմանափակումներ ու պատժամիջոցներ սահմանել, ասեմ` այն ամենը, ինչին փորձում էիք խանգարել, խոչընդոտել ձեր քաղաքականությամբ, արդեն իրականություն է, Ռուսաստանին զսպել չհաջողվեց»` հայտարարեց Պուտինը: Խոսելով նոր զենքի մասին` նա ասաց, որ անցած աշնանը փորձարկված միջուկային լիցքով թևավոր հրթիռը թռիչքի անսահմանափակ հեռահարություն ունի, բարձր արագություն ու մանևրայնություն, որ թույլ է տալիս հաղթահարել ցանկացած հակահրթիռային պաշտպանություն:
Նա նշեց, որ ստորջրյա արագընթաց ապարատն ունի գործողության «միջմայրցամաքային» հեռահարություն, կարող է միջուկային լիցք կրել, ունի միջուկային մարտագլխիկ, որ կարող է հարվածել և ավիակիրներին, և ափամերձ օբյեկտներին: Պուտինն ասաց` «Դա ուղղակի ֆանտաստիկա է»` գործողությունների օպերատիվ խորությունն ու բարձր արագությունը ապարատը դարձնում են անխոցելի: Ծափահարությունների տակ նա նշեց, որ թևավոր հրթիռն ու ստորջրյա դրոնը դեռ անուններ չունեն ու առաջարկեց ՊՆ-ին համազգային մրցույթ անցկացնել` լավագույն անվանման համար: Նախագահը իր ելույթը համադրում էր նոր զենքի տեսահոլովակներով ու համակարգչային պատկերներով, որ ցուցադրվում էին վիթխարի էկրանի վրա: «Աշխարհում ոչ ոք այսպիսի զենք չունի»` ասաց Պուտինն ու հավելեց, որ ինչ-որ պահի կարող է և ունենան, բայց այդ ժամանակ իրենք արդեն նորը ստացած կլինեն: ՌԴ նախագահը նաև հայտարարեց, որ ևս մեկ նոր զենք է «Ավանգարդը»` միջմայրցամաքային գերձայնային հրթիռ, որ դեպի նպատակը շարժվում է ձայնի արագությունը 20 անգամ գերազանցելով և հարվածներ է հասցնում «ինչպես երկնաքար, ինչպես հրե գունդ»:
«Դա նրան դարձնում է բացարձակապես անհաղթ հակաօդային ու հակահրթիռային որևէ պաշտպանության համար»` պարծեցավ Պուտինը` «Ավանգարդն» անվանելով «իդեալական զենք»: ՌԴ նախագահը հայտարարեց, որ Ռուսաստանը փորձարկել է նաև նոր, ծանր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ «Սարմատ» անունով` սովետական շրջանի իր նախորդին, որ Արևմուտքն անվանում էր «Սատանա», գործողության հեռահարությամբ ու մարտագլխիկների քանակով գերազանցող: Նա «մեր ժամանակների հերոսներ» անվանեց երիտասարդ գիտնականներին, որ աշխատում են նոր զինատեսակների ստեղծման վրա: ՌԴ նախագահն ընդգծեց, որ Արևմուտքում համարժեքը չունեցող նոր զինատեսակների մշակումը պատասխանն էր ԱՄՆ-ի դուրս գալու սառը պատերազմի ժամանակվա պայմանագրից` հակահրթիռային պաշտպանության արգելքի ու հակաօդային պաշտպանութան նոր համակարգեր մշակելու ԱՄՆ-ի ջանքերի: «Մեզ ոչ ոք չէր լսում: Լսեք հիմա»` ասաց Պուտինը:
Նրա խոսքով` նոր զենքը կօգնի ապահովել գլոբալ կայունությունը: Բացի այդ` Հարավային ռազմական օկրուգում Ռուսաստանն արդեն տեղակայել է ևս մեկ համակարգ` «Դաշույն»: Նա ասաց, որ գերձայնային հրթիռը զարգացնում է ձայնի արագությունը 10 անգամ գերազանցող արագություն և ունի թռիչքի անկանխատեսելի հետագիծ: Վլադիմիր Պուտինի ելույթը մարտի 1-ի ՌԴ նախագահական ընտրություններին էր հարմարեցված: Նրա վարկանիշը հասնում է 80 %-ի` չնայած տնտեսական աճի դանդաղեցմանը` Արևմուտքի հետ լարվածության և նավթի համաշխարհային գների անկման պատճառով:
Daily Mail, Մեծ Բրիտանիա
Հ.Գ. Դաշնային ժողովին ՌԴ նախագահը ուղերձով դիմում է դեկտեմբերին՝ ամփոփելով ավարտվող տարին և ներկայացնելով նոր տարվա զարգացման հիմնական ծրագրերը: Այս անգամ Պուտինն ուղերձը հղեց ընտրություններից 3 շաբաթ առաջ, և փորձագետները դա ընկալում են նախագահի թեկնածուի նախընտրական ծրագիր։ Պենտագոնին չեն զարմացրել միջուկային նոր հրթիռների մասին ՌԴ նախագահի հայտարարությունները: «Պենտագոնը պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի»,- հայտարարել է ԱՄՆ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Դանա ՈՒայթը՝ հավելելով․ «ԱՄՆ հակահրթիռային համակարգը երբեք ուղղված չի եղել Ռուսաստանի դեմ, և Ռուսաստանը այս մասին քաջ տեղյակ է»: Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը նկատել է, որ Պուտինի հայտարարություններից հետո ամերիկացիները մտադիր չեն որևէ փոփոխություն անել իրենց միջուկային ռազմավարության մեջ: Փետրվարի 2-ին հրապարակված ԱՄՆ միջուկային ռազմավարության նախաբանում Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մաթիսն ընդգծել էր, որ ԱՄՆ-ը չի հրաժարվելու միջուկային ծրագրից՝ հատկապես այն պայմաններում, երբ Ռուսաստանը նորացնում է իր միջուկային ներուժը:
ՌԴ նախագահը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը չի ուզում հարձակվել որևէ երկրի վրա, պատրաստ է հավասարը հավասարի հետ համագործակցության, և ԱՄՆ-ն ու ԵՄ-ն «այսօր էլ Ռուսաստանի գործընկերներ են»: ՌԴ Դաշնային ժողովին ուղերձի առաջին մասում Պուտինը խոսել է սոցիալական խնդիրներից՝ շռայլ խոստումներ տալով ռուսաստանցիներին` առնվազն 2 անգամ նվազեցնել աղքատությունը, որ իր տվյալներով 20 միլիոն է: Նա խոստացել է հիպոթեքային վարկի բազային տոկոսադրույքն իջեցնել 7 տոկոսի, բարձրացնել բժիշկների աշխատավարձը, 2 անգամ ավելացնել առողջապահությանը հատկացվող բյուջեն, ավելի շատ գումար հատկացնել ճանապարհաշինությանը։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ առաջիկա 5-7 տարիներին Ռուսաստանը պետք է ընդգրկվի ամենազարգացած տնտեսությամբ երկրների հնգյակում։ Որ կատարի սոցիալական խոստումները, Պուտինը մտադիր է զարգացնել Ռուսաստանի տնտեսությունը, այդ թվում բիզնեսի ազատականացման շնորհիվ: Նա ասել է․ «Կոռումպացված չինովնիկները չպետք է խանգարեն բիզնեսին, անհրաժեշտ է հնարավորինս ազատականացնել բիզնեսը, իսկ ստուգումները նվազեցնել և դարձնել բացառություն»: Վլադիմիր Պուտինը նաև ժողովրդավարությանն է անդրադարձել՝ ասելով, թե Ռուսաստանը «կայացել է որպես ժողովրդավարական հասարակություն»: Նա, այնուամենայնիվ, ընդունել է, որ Ռուսաստանի հիմնական խնդիրը տեխնոլոգիական հետամնացությունն է:
ՈՒ` ի՞նչ: Իրականում ու՞մ վրա է «կրակում» Պուտինը: Ռազմական տեխնոլոգիաների ճեղքում ու տարրական հետամնացություն: Արդարացնու՞մ է իրեն ֆինանսների այդ բաշխումը: Կդիմանա՞ ռուսական տնտեսությունը ռազմարդյունաբերական համալիրի ծանրության տակ: Կդիմանա՞ շարքային ռուսաստանցին Պուտինի ևս 6 տարվա նախագահությանը երեկ բարձրաձայնված քաղաքականության պայմաններում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ