Վլադիմիր Պուտինի իշխանությունը գոյատևում է կայունության ու բռնաճնշումների, նավթի արտահանման և ընդդեմ «դեկադենտական» Արևմուտքի ռազմահայրենասիրական մոբիլիզացիայի հաշվին: Պուտինը ճակատագրի հեգնանքով կորցնում է երիտասարդ սերնդին, որ ազգային առաջնորդի դերում ճանաչում է միայն նրան` գրում է Շտեֆան Մայստերը Neue Zürcher Zeitung-ում: Պուտինի սերնդի համար որոշիչը միջազգային հեղինակության հարցերն են, ոչ թե այդ սերնդի ապագան Ռուսաստանում: Ալեքսեյ Նավալնին միակ թեկնածուն է (նրան թույլ չտվեցին ընտրություններին մասնակցել), որ իրական ընտրական ծրագրով դիմում է հենց այդ սերնդին:
Պուտինի ընտրարշավը կողմնորոշվում է բացասական ներկայի վրա, առայժմ Պուտինը Ռուսաստանում պայքարում է ներքին ու արտաքին թշնամիների դեմ և վախ է տարածում ծերացող հասարակության վրա: Նավալնին դրական հույզերով դիմում է նախ և առաջ երիտասարդներին: Պուտինը խոսում է անցյալի մասին, Նավալնին` ապագայի: Քաղաքական ղեկավարությունը չի կարող թույլ տալ այդ «անկանխատեսելիության տարրի» գոյությունը, որ խաթարում է իր հեղինակությունը: Այս ընտրություններն առաջին հերթին հանրաքվե են Վլադիմիր Պուտինի համար, թեկնածուներով, որ միայն պասիվ խաղացողներ են: Այդ պատճառով թեկնածուն, որին հնարավոր չէ ղեկավարել, նյարդայնացնում է:
Քսենիա Սոբչակը Կրեմլի համար իդեալական թեկնածու է` նա համապատասխանում է բոլոր բացասական կարծրատիպերին, որ հաստատում են կառավարվող լրատվամիջոցները դեկադենտական Արևմուտքի մասին: Սոբչակը պաշտպանում է ԼԳԲՏ համայնքի իրավունքները, թմրամիջոցների լեգալացումը և եվրոպական արժեքները` այդպիսով ամրացնելով Պուտինի դիրքերը պահպանողական հասարակության մեջ:
Հաջորդ 6 տարիները Պուտինի ղեկավարությամբ դառնալու են քաղաքական ու տնտեսական ստագնացիայի ժամանակ: Բացակայող ներդրումները կրթության, գիտության, առողջապահության մեջ ու ինֆրակառույցներում, անփոփոխ մնալով` հակադրվում են բանակի մոդեռնացման, Սիրիայում ու ՈՒկրաինայում գործողությունների մեծ ծախսերին, պետական ձեռնարկությունների միջոցներից կոռուպցիոն մեծ արտահոսքերին` իշխանական էլիտայի կառավարելիության համար:
Տնտեսական ու քաղաքական լճացմանը հակադրվում են հասարակական փոփոխությունները, որ Պուտինը չի կարող զսպել: 30 տարի Ռուսաստանի բացությունը, թվային տեխնոլոգիաների զարգացումը և գլոբալացումը նպաստել են ռուսական հասարակության մեջ բազմակարծությանը: Երիտասարդներն ակտիվ օգտագործում են ինտերնետը, ուզում են ապրել ինչպես Արևմուտքում, մեծ նշանակություն են տալիս ազատություններին ու անհատական զարգացմանը: ԵՄ-ի տեսակետից դա նշանակում է, որ Պուտինն անցյալի մարդ է: Նա չի կարող կասեցնել հասարակական վերափոխումները, որ շարունակում են «եռալ» ճնշումների ու վերահսկողության կափարիչի տակ: Այս պահին չկա նշանակալից ընդդիմություն, որ վտանգավոր կլիներ Պուտինի համար: Սակայն ինքնաբուխ ցույցերի թվի աճը երկրի տարբեր մասերում` սոցիալական անարդարության, վարչական սխալ որոշումների ու կոռուպցիայի դեմ, վկայում է, որ հաջորդ 6 տարիները Պուտինից պահանջելու է ներքին քաղաքականության մեծ ռեսուրսներ:
Շտեֆան ՄԱՅՍՏԵՐ, Neue Zürcher Zeitung
Հ.Գ. Փաստորեն` 21-րդ դարը Ռուսաստանում սկսվելու է միայն 6 տարի անց: 2024-ին կամ ավելի շուտ ու ուշ, բայց` սկսվելու է: Հայաստանում ևս 21-րդ դարը հետաձգվելու է, նվազագույնը մինչև 2022-ի ընտրությունները, իսկ այդ 4 տարիներին կարևորագույն խնդիրը եղել ու մնում է ինքնանույնականացումը` ժամանակի ու տարածության մեջ, աշխարհաքաղաքական փոփոխվող իրավիճակներում, հնարավորությունների ու մարտահրավերների համադրումով: Վաղուց ժամանակն է հասկանալու, որ Հայաստանի ազգային անվտանգության միակ երաշխավորը, տնտեսական զարգացման միակ շահագրգիռն ու միակ դաշնակիցը Հայաստանն ինքն է: Եվ այդ ելակետից պետք է եզրակացություններ անել` բոլոր մյուս հարցերի լուծման մեջ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ