Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՈՒժերի նոր դասավորություն Մերձավոր Արևելքում

ՈՒժերի նոր դասավորություն Մերձավոր Արևելքում
04.04.2018 | 09:35

Մերձավորարևելյան աշխարհաքաղաքական անկանխատեսելի լանդշաֆտում ուրվագծվում է ուժերի նոր դասավորություն, որտեղ Սաուդյան Արաբիան բախվելու է թուրք-իրանական առանցքին` գրում է Խալիդ իբն Մունիրը Asia Times-ում: 2017-ի ապրիլի հանրաքվեով նախագահական իշխանությունը Էրդողանի ձեռքում կենտրոնացվելուց հետո` Թուրքիան նորից պատրաստվում է Մերձավոր Արևելքում Օսմանյան կայսրության վերածննդին: Արաբների ու թուրքերի առճակատման պատմությունը միշտ խանգարել է Անկարայի ու Էր Ռիադի մերձեցմանը: Կատարի դիվանագիտական ճգնաժամը նորից ակնհայտ դարձրեց վահաբիտական Էր Ռիադի ու սալաֆիտական Անկարայի դիմակայությունը: Երկու պետությունների կտրուկ հայտարարությունները և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդի` Թուրքիայի ու Իրանի վերաբերյալ վերջին հայտարարությունը հստակ հասկացնում են, որ Անկարայի ու Էր Ռիադի մերձեցումը պատրանք է: Օսմանյան կայսրության վերականգնման Անկարայի հույսը ուղղակի մարտահրավեր է Սաուդյան թագավորությանը, որի հիմնադիրը ապստամբել է օսմանների դեմ` իր թագավորությունը ստեղծելու համար:


Իսլամի երկու արմատական ուղղությունները` վահաբիզմն ու սալաֆիզմը, միշտ ձգտել են ստվերել միմյանց և ուժեղացնել իրենց ազդեցությունը մուսուլմանական աշխարհում: Վահաբիտների աղանդն առավել էքստրեմիստական տեսակետներ ունի, դավանում է անհանդուրժողականություն ու աղանդավորական ատելություն: Վահաբիտների դիմակայությունը շիական Իրանի հետ լավ հայտի է: Սալաֆիտական տեսակետն առավել ճկուն է և հարմար Իրանի հետ փոխգործակցության համար: Երկու ուղղությունները գերակայում են հիմնականում սուննի երկրներում: Սաուդյան Արաբիան վահաբիզմը տարածում է ոչկառավարական կազմակերպություններին նվիրատվությունների, ուսանողների ուսուցման աջակցության և էքստրեմիստական կազմակերպություններին օգնելու միջոցով, սալաֆիտների գաղափարախոսությունը հիմնականում տարածում են «Մուսուլման եղբայրները»: Այս շարժումը մասնաճյուղեր ունի ամբողջ արաբական աշխարհում: Համախոհ կազմակերպություններ կան Բանգլադեշում ու Պակիստանում` մուսուլման բնակչության թվով երկրորդ ու երրորդ պետություններում: Վահաբիտներն ու սալաֆիտները ջանում են իրենց ազդեցությունն ամրապնդել մուսուլմանական երկրներում` պահպանելու իրենց գերակայությունը: Այդ բոլոր գործողությունները կատարվում են արևմտյան դաշնակիցների լուռ համաձայնությամբ:


Սաուդյան Արաբիայի ազդեցությունը մուսուլմանական աշխարհի վրա նվազել է 2001-ի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի վրա հարձակումների հետ կապի պատճառով: Սաուդյան Արաբիայի թողած վակուումը լրացրել են կամ Թուրքիան, կամ Իրանը: Իրանի ազդեցությունը տարածվում է հիմնականում շիաների վրա: Սաուդյան Արաբիայի դիրքերը սուննի մուսուլմանների նկատմամբ խլեցին Թուրքիայի ու Կատարի աջակցությունն ունեցող «Մուսուլման եղբայրները»: 2011-ին արաբական գարունը Եգիպտոսում հանգեցրեց Սաուդյան Արաբիայի դաշնակից Հոսնի Մուբարաքի գահընկեցությանը: Ընտրությունների արդյունքում իշխանության եկավ «Ազատություն ու արդարություն» կուսակցությունը` «Մուսուլման եղբայրների» քաղաքական թևը: Եգիպտոսի իրադարձությունները Սաուդյան Արաբիան ընդունեց իբրև հարված տարածաշրջանային ստատուս քվոյին: Եգիպտոսն ընկավ Թուրքիայի ազդեցության ոլորտ: 2013-ին պետական հեղաշրջման հետևանքով Եգիպտոսում իշխանության եկավ ներկա նախագահ Աբդել Ֆատահ աս Սիսին և կատարամետ ԶԼՄ-ները Եգիպտոսի նոր նախագահի դեմ տեղեկատվական պատերազմ սկսեցին` նրան մեղադրելով այլախոհության դաժան ճնշումների մեջ: Անկարային ու Թեհրանին կապում է նաև քրդերի հարցը: Թուրքիան ու Իրանը քրդերին համարում են իրենց ինքնիշխանության սպառնալիք, Սաուդյան Արաբիան քրդերին դիտարկում է Մերձավոր Արևելքի ոչ արաբ բնակչության մեջ իր ազդեցության տարածման առանցքային միջոց: Քանի որ Իրաքի կառավարությունը հիմա գտնվում է Իրանի ազդեցության տակ, քրդերը կարող են միջոց դառնալ Իրանի ազդեցության տարածման դեմ, որից կարող է օգտվել Սաուդյան Արաբիան: Քրդերին զսպելն անհրաժեշտ է և Թուրքիային, և Իրանին` իրենց տարածքային ամբողջականության պահպանման համար: Այդ տեսակետից չի բացառվում թուրք-իրանական դաշինքը` զսպելու քրդերի անկախության ձգտումները: Շիաների նկատմամբ ռազմավարական գերակայությունը պահպանելու համար Իրանը պատրաստակամությամբ Թուրքիային կզիջի սուննիական աշխարհի վերահսկողությունը, իհարկե, իր գլխավոր մրցակից Սաուդյան Արաբիայի հաշվին:

Մյուս կողմից` Թուրքիայի ռազմավարական նպատակն է Սաուդյան Արաբիային օղակել շիական կիսալուսնով: Կատարը, որ Դոհայի սահմանած տնտեսական շրջափակման հետևանքով հիմա թուրք-իրանական համատեղ ուղեծրում է, հզոր մեդիառեսուրսներ ունի, որ առավել ու առավել հաճախ են քննադատում Սաուդյան Արաբիայի քաղաքականությունը Եմենում: Իհարկե դա ձեռնտու է Իրանին: Սաուդյան Արաբիայի` իր գերակայությունը վերականգնելու վճռականությունը հիմա բախվում է Թուրքիա-Իրան նոր դաշինքին, որն ամրապնդում է Կատարի վիթխարի մեդիամեքենան:
Asia Times


Հ.Գ. Այսօր Թուրքիայում հանդիպելու են Էրդողանն ու Պուտինը, իսկ վաղը նրանց միանալու է Ռոհանին: Պաշտոնական օրակարգում երկկողմ հարաբերություններն են ու Սիրիայի հարցը: Բայց դա բոլորովին չի նշանակում, որ երեք նախագահների բանակցությունները չունեն չհրապարակվող օրակարգ: Ի՞նչ կփոխվի այդ հանդիպումից հետո Մերձավոր Արևելքում: Մեկուսացման մեջ գտնվող երեք երկրների նախագահները ի՞նչ հակաքայլեր են գտնելու` իրենց շահերը պաշտպանելու, իրավիճակ փոխելու համար: Ի՞նչը կընտրեն նրանք` առճակատու՞մը բոլորին ու ամեն ինչին, թե՞ լարվածության թուլացումն ու երկխոսությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3273

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ