Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ռուսաստանն անմեղ գառնուկ չէ, բայց պետք չէ քավության նոխազ դարձնել

Ռուսաստանն անմեղ գառնուկ չէ, բայց պետք չէ քավության նոխազ դարձնել
05.04.2018 | 10:26

Արևմուտքի երկրները իրենց պահում են պարանոիկների պես, երբ հավատում են, որ Ռուսաստանն է իրենց ներկա քաղաքական մեծ դժբախտությունների ակունքում, իրականում Ռուսաստանը միայն ցավոտ տեղերն է սեղմում` Le Figaro-ում գրում է Ռենո Ժիրարը: Եթե այսօր ԵՄ-ում ամեն ինչ հրաշալի չէ, պատճառը «չար» ռուսները չեն: Մեղավորը եվրոպացիներն են:

Ասում են, որ Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն մտնելու մեղավորը նույնպես Պուտինի Ռուսաստանն է: Բայց իրերն ու երևույթները պետք է տեսնել` ինչպես կան. Թրամփի մասնագիտական վերելքը, փառքը, քաղաքական թռիչքը բացառապես ամերիկյան երևույթներ են: Նրա հանրաճանաչության փաստը հանրապետական ընտրախավի շրջանում ընդհանուր ոչինչ չունի Մոսկվայի հետ: Ռուսաստանն անմեղ գառնուկ չէ, բայց պետք չէ քավության նոխազ դարձնել: Ռուսաստանը Արևմուտքի վրա ազդեցության ռազմավարությունը զարգացնում է այնպես, ինչպես Արևմուտքը միշտ վարվել է Արևելքի հետ: Դա ակնհայտ է: Թույլ տնտեսություն ունենալով, շատ ավելի նվազ, քան ԽՍՀՄ-ի ժամանակներում, Ռուսաստանը փորձում է պահպանել աշխարհում իր տեղը բոլոր միջոցներով, որ ունի` միջուկային զենք, զորքերը արտասահմանում օգտագործելու կարողություն, կիբեռազդեցություն տեղեկատվական զենքի օգտագործմամբ: Գլոբալացման ու մոլորակային մասշտաբով սոցցանցերի դարաշրջանում բարդ է խուսափել մեկ հասարակության մյուսի վրա ազդելու ճակատամարտերից: Ռուսաստանի պես «դեմոկրատուրայի» նկատմամբ պետք է պահպանել խելամտությունը: Ռուսաստանը հեռու է կատարելությունից, բայց պետք չէ նրան հրել Չինաստանի գիրկը և պետք է օգնել միանալ «եվրոպական ընդհանուր տանը» (ինչպես Գորբաչովն էր ասում): Հրաման տվե՞լ է Կրեմլը վերացնել նախկին հետախույզին, որ հանուն փողի ծախել է տասնյակ ընկերների, դա ցուցադրական դարձնելու մտադրությամբ: Լիովին հնարավոր է: Կոռուպցիան Ռուսաստանում հասել է այն մակարդակի, որ ցարը կարող էր ցանկանալ հստակ մեսիջ ուղարկել` դավաճաններին ամենադաժան պատիժ է սպասում, որտեղ էլ լինեն: Բայց այդ միջադեպը պետք է մնար հատուկ ծառայությունների մակարդակում: Ցավալի է, որ վերածվեց երկարատև դիվանագիտական ճգնաժամի:

Արևմուտքի երկրների ու Ռուսաստանի չդադարող խաչաձև հարձակումները վտանգավոր են պարանոյայի մռայլ դրոշի տակ: Պուտինը պարանոիկ է, երբ պնդում է, որ Արևմուտքը դիտմամբ գունավոր հեղափոխություններ է նախապատրաստում խորհրդային նախկին պետություններում: Այդ հեղափոխությունները տարերային են սկսվում: Որ արևմտյան քաղաքական կառույցները աջակցության են գալիս, այլ պատմություն է: Արևմուտքի երկրները պարանոիկ են, երբ հավատում են, որ Ռուսաստանն է իրենց այսօրվա դժբախտությունների աղբյուրը: Այդ երկկողմանի պարանոյան վերացնելը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պատմական առաքելությունն է, և Մակրոնը այդ առաքելությունը պետք է կատարի իր երկու կարևորագույն այցերով` ապրիլին Վաշինգտոն, մայիսին` Սանկտ Պետերբուրգ:
Le Figaro


Հ.Գ. Կկատարի՞ Մակրոնն իր առաքելությունը: Ընդհանրապես` ունի՞ նման խնդիր, մեծ հարց է: Պարանոյան երկկողմանի է ու հաջողությամբ խորանում է: Սկրիպալները պատրվակ էին, որ Արևմուտքը Պուտինին պատասխաներ բոլոր վիրավորանքների համար` կուտակելով նոր վիրավորանքների ռեսուրս, որ Պուտինն իր պարտքն է համարելու հասցնել Արևմուտքին: Նրա հայելային պատասխանը դիվանագետների արտաքսումներին ընդամենը մակերեսային մասն է, իրական պատասխանը Պուտինը տալիս է ոչ համարժեք` հարվածելով անսպասելի ու ցավոտ կետում: Որպեսզի Մակրոնը կարողանա պարանոյան վերացնելու քայլեր անել, հարաբերությունները նոր էջից սկսել է պետք: Դա բարդ է ու ոչ միշտ հնարավոր: Վստահության վերականգնումը պետք է լինի համակողմանի ցանկություն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2074

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ