Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հաննիբալն ու Մակեդոնացին, Քենեդին և Շառլ դը Գոլը Հայաստանում

Հաննիբալն ու Մակեդոնացին, Քենեդին և Շառլ դը Գոլը Հայաստանում
13.04.2018 | 09:27

Գերմանիայի Դաշնային և Իրանի Իսլամական Հանրապետությունների քաղաքացի, 1997-ից ՀՀ-ում մշտապես բնակվող ՎՐԵԺ ԱԲՐԱՄՅԱՆԸ ծանոթ է մեր թերթի ընթերցողներին բավականին ինքնատիպ, թերևս, նաև հանդուգն նախագծերով: 2015-ին նա հանրությանը ներկայացրեց «Նոյյան տապան քաղաքը Հայաստանում» (խաղաղության և ռասաների ու կրոնների համերաշխության քաղաք) նախագիծը, հրատարակեց այն ներկայացնող պատկերագիրքը և տարածեց ՀՀ պետական և հանրային շրջանակներում: Այնուհետև նա հանդես եկավ մի քանի այլ նախաձեռնություններով, առաջարկելով շահագրգիռ մարդկանց և կազմակերպություններին սատարել կառուցելու մեր հանրապետությունում «Աշխարհի պատմության տունը Հայաստանում» և «Աշխարհի թագավորների կիրճը Հայաստանում» զբոսաշրջային, գիտամշակութային կենտրոնները: Այս աննախադեպ նախագծերից մեկնարկի փուլում է «Աշխարհի թագավորների կիրճը Հայաստանում» նախագիծը: Սակայն նրան հետևելու են վերոնշյալ երկու նախագծերը, որոնց իրականացման նպատակով էլ հեղինակը վերջերս ստեղծեց Վրեժի «Նոյյան տապան» քաղաքը Հայաստանում» կառուցման հիմնադրամը: Սա էլ առիթ դարձավ հանդիպելու նրան:

«ԳԵՐԱԴԱՍՈՒՄ ԵՄ ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ՍԵՓԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ
ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԱՎԵԼԱՑՆԵԼ»


-Պարոն Աբրամյան, Դուք հետևողականորեն զարգացնում եք Հայաստանում զբոսաշրջության ոլորտի միջազգայնացման, պաթետիկ լեզվով ասած, Հայաստանը զբոսաշրջային Երուսաղեմ դարձնելու միտքը և անցել եք գործընթացների, ստեղծելով յուրօրինակ մի հիմնադրամ: Այս ամենի դրդապատճառները ներկայացրեք:
-Ինչպես արդեն նշել եմ, Հայաստանը և Երևանը գրեթե անճանաչելի են աշխարհում, քանի որ բավականաչափ լիարժեք չեն ներկայացվում, դուրս են մնում համաշխարհային զբոսաշրջության ճանապարհային քարտեզներից: Բայց չէ՞ որ մեր երկրի պատմությունն ու մշակույթը իրենց հարստությամբ և բազմազանությամբ, հավատացեք, չեն զիջում այն երկրներին, որոնք հսկայական քանակով զբոսաշրջիկների են հյուրընկալում և մեծ գումարներ վաստակում: Չնայած մեր կառավարությունը ջանք չի խնայում զբոսաշրջության զարգացումը խթանելու համար, այնուամենայնիվ, 2017-ին Հայաստան է ժամանել ընդամենը 1,5 մլն զբոսաշրջիկ: Սա ամոթալի թիվ է: Հատկապես եթե հաշվի առնենք, որ 1,5 մլն մարդկանց թվում շատ են մեր հայրենակիցները, ապա ասածս հաստատվում է ամբողջովին: Տեսեք, հարևան Վրաստանը մի քանի անգամ ավելի զբոսաշրջիկ է ընդունում, շահում են և՛ երկրի բյուջեն, և՛ նրա քաղաքացիները: Տարեկան 12 մլն հյուր է ընդունում Ստամբուլը: Եթե նրանցից յուրաքանչյուրը անգամ 1000 դոլար թողնի, ապա պատկերացրեք, թե ինչ մեծ օգուտ են նրանք տալիս այդ երկրին: Եվ ահա ես կամենում եմ գաղափարներս իրագործել և օտար մարդկանց հրապուրել դեպի Հայաստան ձեզ ծանոթ նախագծերի իրականացմամբ:
-Նախքան Ձեր մտահղացումներին անդրադառնալը թերևս նշենք այն հիմնական բացթողումները, որոնք խոչընդոտում են զբոսաշրջության հարաճուն աճին:
-Անկեղծ ասած, գերադասել և գերադասում եմ քննադատելու փոխարեն սեփական նախաձեռնությամբ ինչ-որ բան ավելացնել եղածի վրա, շտկել ինչ-որ կարևոր բաներ: Սակայն Ձեր հարցից չեմ խուսափում և ասեմ, որ զբոսաշրջության զարգացման խանգարիչ հանգամանքները և՛ բազմաթիվ են, և՛ հանրահայտ:
-Այնուամենայնիվ, նշենք մի քանիսը:
-Ըստ էության, Հայաստանը աշխարհին նույնքան ծանոթ չէ, որքան որ ծանոթ են թեկուզ մեր հարևան երկրները՝ Իրանը, Թուրքիան և Վրաստանը: Այն, որ Հայաստանը շատ նշանավոր անհատների հայրենիքն է և գտնվում է Արարատ լեռան դեմ հանդիման, առաջինն է աշխարհում քրիստոնեությունը ընդունել որպես պետական կրոն, և Վատիկանում էլ տեղադրվեց Նարեկացու արձանը, դեռևս բավարար հանգամանքներ չեն: Բացի դրանից ՀՀ-ում բավականին թանկ են հյուրանոցները, այնքան թանկ են, որ թվում է, թե Հայաստան են ժամանում միայն մեծահարուստներ: Իսկ ճանապարհների և ենթակառուցվածքների մասին անգամ չարժե խոսել. նկատի ունեմ հետևյալը. քիչ թե շատ որակյալ մայրուղուց թեքվելով, դիցուք, զբոսաշրջիկների խումբը փորձում է մոտենալ այս կամ այն նշանավոր հուշարձանին և վախեցած հետ է դառնում, քանի որ ճանապարհը քարուքանդ է: Այսինքն աշխարհի ծայրից քաղաքակիրթ ձևով զբոսաշրջիկները հասնում են Երևան, ճանապարհ են բռնում դեպի վանք կամ լիճ, սակայն վերջին մի քանի հարյուր մետր ճանապարհը անզոր են հաղթահարելու: Ասենք, միջհանրապետական որոշ ճանապարհներ ևս դեռ հեռու են բարվոք վիճակից: Օրինակ, դեպի Գառնի և Գեղարդ տանող նեղլիկ ու անտերության մատնված ճանապարհը առհասարակ շատ հեռու է քաղաքակրթությունից:

«ՆԱԽԱԳԻԾՆ ԱՄԵՆԵՎԻՆ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԷ»


-Առաջնահերթություն եք տվել «Աշխարհի թագավորների կիրճը Հայաստանում» նախագծին: Ներկայացրեք այն իր նպատակներով և զբոսաշրջային հետաքրքրության տեսանկյունից: Սակայն նախ ճշտենք կիրճ ասվածը. չէ՞ որ Հայաստանում բազմաթիվ կիրճեր կան, մեկը մյուսից գեղատեսիլ և հրապուրիչ:
-Կիրճի ընտրությունը պատահական չէ: Նախընտրել ենք Հրազդանի կիրճը: Սակայն այն բավականին խիտ է կառուցապատված, հատկապես երևանամերձ շրջանում: Այժմ Հրազդան գետի երկայնքով, Կոտայքի մարզում, տեղազննություն ենք իրականացնում: Ապագա այս կենտրոնը բավականաչափ ընդգրկուն է, ենթադրում է 1,5-2 կմ երկարություն և շուրջ 250 մետր լայնություն ունեցող մի վայր, որը բաժանվում է Հրազդան գետով: Կիրճը պետք է հայկական բնաշխարհի արտահայտիչ մի մասը լինի, ժայռեղեն լանջերով, գետը ոլորավայրէջք և այլն: Կարծում եմ, որ մոտ ժամանակներս հարմար մի վայր կգտնենք և կսկսենք բանակցել պետական կամ մասնավոր հատվածի հետ այն տարբեր պայմաններով ձեռք բերելու համար:
-Ժամանակն է, որ անդրադառնանք գաղափարական շարժառիթին:
-Խնդրեմ: Նախ, փորձենք հասկանալ և մեզ համար ականջի օղ դարձնել, թե ինչն է զբոսաշրջիկին որևէ անծանոթ երկիր հրապուրում: Հնագույն հուշարձաններ կան շատ վայրերում: Դրանցով այսօր, շատ կներեք, դժվար է աշխարհին զարմացնել: Ազգային խոհանոցի առումով վերջին տեղում չենք, բայց ողջ աշխարհն է իր յուրօրինակ խոհանոցը հրամցնում իր հյուրերին: Ծով չունենք, բայց ունենք Սևանա լիճ: Այս ամենը չեմ նշում որպես թերություն. հուշարձանները, խոհանոցը, ազգային ծեսերը, Արարատ լեռն ու Մատենադարանը, Խոր վիրապն ու Զվարթնոցը և շատ այլ բաներ մեր պատմության և մշակույթի գանձերն են, և դրանք կարող ենք ներկայացնել աշխարհին: Բայց ներկայացվող նախագիծն ունի իր գաղափարական առանձնահատկությունը, որը գուցե նաև նշանաբան է՝ «Աշխարհի թագավորների կիրճը Հայաստանում այն եզակի կենտրոնն է, որը նախադեպ չունի աշխարհում»:
-Ինձ ծանոթ է նախագիծը մեր նախորդ հանդիպումից: Բայց այն ժամանակ դեռ հիմնադրամը չէր ստեղծվել, այսօր նախագիծը կյանքի է կոչվում: Ըստ որի, պետք է գետի մի ափին կառուցվի պուրակը, մյուսին՝ կիրճը:
-Պուրակի մուտքը նշանավորվում է Հաղթական կամարով, բայց սա Փարիզի և այլ քաղաքների հաղթական կամարը չէ: Այն խորհրդանշելու է հայոց թագավորական հարստությունները, նրանց զինանշաններով, մարտակառքերով, կառուցած քաղաքների խորաքանդակներով և այլն: Այսինքն, Հաղթական կամարը տպավորվելու է այցելուների մեջ և նախապատրաստելու է նրանց մուտքը դեպի պուրակ:
-Ի՞նչ սկզբունքով են ընտրվելու հայոց արքաների արձանները:
-Կառուցելու ենք հայկական պետականության հիմնադիր թագավորների և թագուհիների, ինչպես նաև նշանավոր զորավարների և գործիչների արձանները, հուշարձանները, արձանախմբերը և այլն: Եկեք չմոռանանք, որ մեր պետությունները ստեղծած և դրանք պահպանած թագավորների և գործիչների արձաններ ստեղծելու տեսանկյունից բավականին ծույլ և անտարբեր ենք գտնվել: Պուրակի կենտրոնում հրապարակն է, իսկ հրապարակի կենտրոնում վեր կխոյանա Արտաշես Աշխարհակալի արձանը: Պուրակում կտեղադրվեն Արա Գեղեցիկի և Աբգար արքայի, Տիգրան Մեծի և Պապ թագավորի, Արգիշտիի և Գագիկ արքայի, Դավիթ Բեկի ու Կիլիկյան արքաների, Զաբել թագուհու և այլոց արձանները: Չեն անտեսվի վերջին շրջանի գործիչներն ու կառավարիչները՝ Գարեգին Նժդեհ, Ալեքսանդր Մյասնիկյան, Աղասի Խանջյան, Յակով Զարոբյան, հայ զորավարներ և այլք: Խնդիրն այն է, որ և՛ օտարները, և՛ հայերս այստեղ կարող ենք հիանալ հայոց պատմությամբ, հայկական պետությունների բարգավաճմամբ և այլն: Հասկանալի է, որ արձանները, քանդակներն ու հուշարձանները պետք է բարձրարվեստ լինեն, կերտված պետք է լինեն լավագույն նյութից, պետք է ստեղծեն մի աննախադեպ պատմամշակութային միջավայր, որտեղ կարելի է և՛ գիտելիք ձեռք բերել, և՛ հանգստանալ:
-Դուք, ըստ էության, երազում եք ստեղծել թանգարան բաց երկնքի տակ:
-Իսկ ինչու ոչ: Ի վերջո, այս նախագիծը ամենևին էլ ինքնանպատակ չէ: Կասկած չունեմ, որ աշխարհի շատ երկրներում ցանկություն կառաջանա ծանոթանալու հայկական հինավուրց քաղաքակրթությանը նման մի կենտրոնում, որտեղ հանգստի հիանալի պայմաններ կլինեն բնության գրկում, զուլալ օդի և անմահական ջրի ներկայությամբ: Պուրակում հյուրերը ձանձրանալու կամ հոգնելու ժամանակ չեն ունենա, հրաշալի միջավայրում նրանք լիարժեք կհանգստանան, կսնվեն հարակից գյուղերից բերված և տեղում պատրաստվող ամենաբազմազան ազգային ուտեստներով, որպես նվեր կստանան պուրակի ուղեցույցը, տարբեր պատկերագրքեր, կլուսանկարվեն նախընտրած հուշարձանի մոտ: Շուրջ 10 հա մակերեսով այս կենտրոնին մեկ օրում դժվար կլինի ծանոթանալ: Հայկական պատմական հյուրատների օրինակով կառուցված շենքերում նրանք կհանգստանան, կգիշերեն և կշարունակեն իրենց շրջայցը: Այսինքն, այս և շատ այլ իմաստավորված լուծումները կամբողջացնեն մեր գաղափարը:

«ԱՅՍՏԵՂ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾՆԵՐ ԵՎ ԴԵԿՈՐԱՏԻՎ-ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՎԱՐՊԵՏՆԵՐ ԿԱՇԽԱՏԵՆ»


-Եթե չեմ մոռացել, Կիրճում տեղադրվելու են աշխարհի թագավորների և նշանավոր դեմքերի արձանները:
-Պուրակից դեպի կիրճ անցումը կկատարվի կամուրջների միջոցով: Այստեղ կտեղադրվեն վերջին 10 հազար տարիների նշանավոր արքաների և գործիչների արձանները, սկսած շումերական թագավորներից, Ալեքսանդր Մակեդոնացուց և Հաննիբալից մինչև Իոսիֆ Ստալին, Ջոն Քենեդի, Վլադիմիր Պուտին և այլք: Ընդ որում, արդեն նամակներ եմ հղում տարբեր երկրներ, որպեսզի նրանց կառավարություններն ապահովեն իրենց արքաների արձանների պատրաստումը և տեղադրումը կիրճում: Այսպես, Իրանը կպատրաստի իր բազմադարյան պատմության նշանավոր շահերի և գործիչների արձանները: Իսկ անհետացած պետությունների (Ասորեստանի, Շումերի, Աքքադի և այլն) խնդիրը կհոգանք ինքներս: Հավելեմ, որ պատմական շատ նշանավոր իրադարձություններ թե՛ պուրակում, թե՛ կիրճում կներկայացվեն առանձին արձանախմբերով: Օրինակ, Թեհրանի կոնֆերանսը Ստալինի, Չերչիլի և Ռուզվելտի մասնակցությամբ:
-Ծախսերը, ըստ երևույթին, հսկայական են, չե՞ք վախենում:
-Ոչ: Ծախսերն իսկապես մեծ են, սակայն չէ՞ որ մեծ է նպատակը, այսպես ասած, մեծ նավին՝ մեծ նավարկություն: Այս և մյուս նախագծերը մեր պետության շենացմանն են ուղղված, և համոզված եմ, որ և՛ Հայաստանում, և՛ սփյուռքում կգտնվեն մարդիկ, ովքեր կկամենան ներդրումներ կատարել: Այս նախագիծը մի քանի հարյուր աշխատատեղ կստեղծի թե՛ շինարարության, թե՛ կենտրոնը սպասարկելու տեսանկյունից: Մշտապես կսպառվի շրջակա գյուղերի հաճախ գետնի վրա մնացող բնամթերքը, բազմաթիվ քանդակագործներ և դեկորատիվ-կիրառական արվեստի տաղանդավոր վարպետներ կաշխատեն այստեղ: Ես երկար տարիներ ապրել և աշխատել եմ Գերմանիայում, շրջագայել եմ Եվրոպայով մեկ, ծանոթ եմ Ամերիկային և վստահեցնում եմ՝ քաջատեղյակ եմ, թե ինչն է գրավում մարդուն օտար երկրում: Պուրակում և կիրճում տեղադրված արձանախմբերը և քանդակները իրենց հատուկ պատմական միջավայրում կներկայացնեն տարբեր ժամանակաշրջանների կերպարվեստը, մշակույթն ու քաղաքակրթական մակարդակը: Ազգային խոհանոցները կգերազանցեն բոլոր սպասելիքները: Մասնավորապես պուրակում կմատուցվեն և՛ հայ արքունիքի, և՛ հայ գեղջուկների նախընտրած ուտեստները և խմիչքը: Ավելորդ եմ համարում նշել, որ սպասարկումը կլինի միանգամայն պատշաճ, Երևան-Սևան մայրուղուց մինչև կենտրոն հասնող ճանապարհը՝ բարեկարգված, կենտրոնը՝ ծառապատված լիուլի և այսպես շարունակ:
-Շնորհակալություն զրույցի համար:

Զրույցը վարեց
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 3278

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ