Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԻՀԿ-ի սամմիթը Ստամբուլում` Էրդողանի բենեֆիսը

ԻՀԿ-ի սամմիթը Ստամբուլում` Էրդողանի բենեֆիսը
20.05.2018 | 11:18

Ստամբուլում կայացել է Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ յոթերորդ սամմիթը, որին մասնակցել են Աֆղանստանի, Գվինեայի, Իրանի, Կատարի, Քուվեյթի, Մավրիտանիայի, Սուդանի, Հորդանանի և Կիպրոսի թուրքական հանրապետության ղեկավարները: Ինդոնեզիան ու Գամբիան ներկայացրել են փոխնախագահները:

Պաղեստինը, Ղրղզստանը, Պակիստանը` վարչապետները, ՈՒզբեկստանը, Ալժիրը, Սուդանը` խորհրդարանների նախագահները: ԱԳ նախարարների սամմիթ են ուղարկել 15 պետություններ` Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Ադրբեջանը, Բահրեյնը, Լիբանանը, Իրաքը, Թունիսը, Օմանը, Լիբիան, Բանգլադեշը, Բուրկինա Ֆասոն, Չադը, Ղազախստանը, Կոմորյան կղզիները, Մալդիվները և Տաջիկստանը: ԱՄԷ-ն և Մարոկկոն ներկայացված էին պետական նախարարների մակարդակով, Վենեսուելան ու Իտալիան մասնակցել են իբրև հյուրեր: Ռուսաստանն ուղարկել է ԻՀԿ-ի մշտական ներկայացուցչին: Բացի այդ` ներկա էին նախարարներ ու դեսպաններ այլ երկրներից: Ինչպես և սպասվում էր, սամմիթում տարբեր կատարումներով ահեղ հայտարարություններ հնչեցին Իսրայելի հասցեին: Սամմիթի արդյունքներով ընդունվեց հռչակագիր, որն անհանգստություն է արտահայտում ՙՊաղեստինի օկուպացված հողերում» լարվածության աճից: ԻՀԿ երկրները վճռականորեն դատապարտեցին ՙԻսրայելի բանակի հանցավոր գործողությունները անզեն պաղեստինցիների դեմ», որ բողոքի ակցիաներ էին անցկացնում ՙհարազատ հողերի օկուպացիայի դեմ», գլխավորապես Գազայի հատվածում: Հռչակագրում ընդգծվում է, որ Իսրայելի ՙգազանություններն ու հանցագործությունները» հնարավոր են դարձել ԱՄՆ-ի աջակցության շնորհիվ: ՈՒշադրություն է դարձվում Վաշինգտոնի կողմից Իսրայելի շահերի պաշտպանությանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Կոչ է արվել միջազգային հանրությանը, գլխավորապես ՄԱԿ-ի ԱԽ անդամներին, Պաղեստինի հարցով միջազգային իրավունքի նորմերի պաշտպանության պարտականությունները կատարելու: Ենթադրվում է հրատապ քայլեր ձեռնարկել միջազգային անկախ փորձագիտական հանձնաժողովի ձևավորման ուղղությամբ «հետաքննելու իսրայելցի զինվորականների հանցագործություններն ու զանգվածային սպանությունները»` հետաքննության արդյունքները միջազգային ատյաններ փոխանցելու համար:

Բայց, թերևս, քայլ առաջ էր սամմիթի մասնակիցների կոչը միջազգային հանրությանը` ապահովել Պաղեստինի ժողովրդին միջազգային պաշտպանություն, այդ թվում` այդ երկիր ուղարկել խաղաղարար ուժեր: Մասնակից երկրները աշխարհի բոլոր երկրներին կոչ արեցին ջանքեր գործադրել Պաղեստինի իրավիճակի հարցը անհապաղ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի, ԱԽ-ի ու մարդու իրավունքների խորհրդում քննարկելու: Նրանք հայտարարեցին, որ միաձայն մերժում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Երուսաղեմը օկուպանտ-պետության` Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը, նաև դատապարտում են ԱՄՆ դեսպանատան Երուսաղեմ տեղափոխելը: Հռչակագիրն ընդգծում է քաղաքական ու տնտեսական միջոցներ ձեռնարկելու վճռականությունը այն երկրների նկատմամբ, որ Երուսաղեմը ճանաչել են Իսրայելի մայրաքաղաք և փոխադրել այնտեղ իրենց դեսպանատունը:


Իրանի նախագահ Հասան Ռոհանիի` ԱՄՆ-ի ու Իսրայելի նկատմամբ քաղաքական ու առևտրական սահմանափակումներ մտցնելու կոչերը աջակցություն չգտան: Դա նշանակում է, որ Մերձավոր Արևելքում, չնայած բոլոր բողոքներին Երուսաղեմի կարգավիճակի դեմ, ամրապնդվում են հարաբերությունների նոր կառույցներ և ազդեցությունների ոլորտներ: ԱՄՆ-ը չի վախենում, որ իրենից կօտարվեն իսլամական աշխարհի պետությունները, որ, բացի Իրանից, հիմնականում միայն քննադատում են Վաշինգտոնին` հրաժարվելով վճռական գործողություններից: ԻՀԿ սամմիթը, ինչ էլ մտածեն Անկարայում կամ իսլամական աշխարհի մյուս մայրաքաղաքներում, ոչ մի կերպ ՙպատմական» չես անվանի: Բայց կան որոշակի արդյունքներ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ավելի հստակ սկսեց ուրվագծել իր առաջնորդությունը տարածաշրջանում: Հենց նա, սամմիթի նախօրեին հեռախոսազրույցներ ունեցավ 12 երկրների ղեկավարների հետ, այդ թվում` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Հռոմի Ֆրանցիսկոս պապի: Ավելին` Die Welt-ը գրել է, որ Էրդողանը ԱՄՆ-ի ու Իսրայելի դեմ համախմբվելու, Պաղեստինն ինքնիշխան պետություն համարելու իսլամական աշխարհին իր կոչերով և միջազգային հանրությանը Արևելյան Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչելու կոչերով «առավել մերկացրեց ճեղքերը իսլամական աշխարհում», եթե ուշադրություն դարձնենք իսլամական աշխարհի պետությունների ներկայացվածության մակարդակին ԻՀԿ-ի Ստամբուլի սամմիթում:


Անկարայի հետ համագործակցության ցուցադրական ամրապնդման համար մեծ պատվիրակություն էր ուղարկել Բահրեյնը: Սակայն Եգիպտոսից ներկա էր միայն մեկ փոխնախարար: Արաբական սուննի երկրների մեծ մասից նույնպես նվազ ազդեցիկ պաշտոնյաներ էին մասնակցում: Սաուդյան Արաբիայի թագավորը իր ներկայությունը սամմիթին կարևոր չի համարել: Եվս մեկ կարևոր փաստ, որին ուշադրություն էր դարձրել Hürriyet-ը` Էրդողանի թիկունքում Ռուսաստանն ու Իրանն են, որ միասին են գործում սիրիական կոնֆլիկտում: Այդ պատճառով` «Էրդողանն ԱՄՆ-ի մասին խոսում է այնպիսի տոնով, որ մինչ այդ լսվում էր միայն Իրանից»: Նա սկսել է ռեալ զգալ ԱՄՆ-ի դիրքերի թուլացումը տարածաշրջանում, կարող է Մոսկվայի հետ դառնալ միջնորդներից մեկը Պաղեստինի կոնֆլիկտի կարգավորման մեջ ՖԱՏՀ-ի ու ՀԱՄԱՍ-ի խմբավորումների միջև` ջանալով հաշտեցման հասնել: Այդ պատճառով մարտավարական առումով Թուրքիան, ինչպես և Ռուսաստանը սկսել են շրջանցել ԱՄՆ-ին տարածաշրջանում: Իսկ Էրդողանն ասում է. «Մենք բոլորս հիանալի հասկանում ենք, որ դատապարտումն ու կոչերը չեն կանգնեցնի բռնությունը ու չեն դադարեցնի շրջափակումը: Դա կշարունակվի այնքան, քանի մուսուլմանները իրենք չեն պահանջի իրենց իրավունքները և դրսից օգնություն կսպասեն»: Սակայն դրան դեռ երկար պետք է սպասել:

Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Թուրքիայի բազմակի ստանդարտները արդեն վաղուց ոչ մեկին չեն զարմացնում: Էրդողանը բարձր նոտայի վրա է ուզում գնալ ընտրությունների, և Ռուսաստանը աջակցում է բոլոր առումներով` առանց մտածելու, որ նախագահի թեկնածու ու նախագահ Էրդողանը տարբեր մարդիկ են: Եվ ոչ ոք չի կարող ասել, թե ինչ պետք է սպասել նոր Սահմանադրությամբ նոր նախագահ Էրդողանից Թուրքիայում, տարածաշրջանում ու աշխարհում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2406

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ