Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հակառակորդը հարմար առիթը բաց չթողնելու մեծագույն վարպետ է

Հակառակորդը հարմար առիթը բաց չթողնելու մեծագույն վարպետ է
08.06.2018 | 00:31

Արցախի արդեն նախկին պետական նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին հայտարարությունն անակնկալ էր ոչ միայն արցախցիների, այլև ամբողջ հայության համար: Հայկական երկրորդ հանրապետության կարևորագույն պաշտոններից մեկից հրաժարական տվեց մի պաշտոնյա, որն իր պաշտոնավարման տարիներին ջանացել էր անել հնարավորն ու անհնարինը՝ պատերազմող երկրում տնտեսական բարձր ցուցանիշներ ապահովելու համար:


Հարցերը, թե ինչու է հեռանում Հարությունյանը, բազմաթիվ էին, քանի որ հրաժարականին նախորդած միջադեպերն այլ տրամաբանություն ունեին: Կենցաղային հողի վրա ԱԱԾ աշխատակիցների ու մի քանի քաղաքացիների միջև Ստեփանակերտում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո արցախաբնակները ոչ թե իշխանությունների, այլ ուժայինների հրաժարականն էին պահանջում: Եվ, հետևաբար, ինչու՞ Արայիկ Հարությունյանը... Ճիշտ է, վերջինիս հրաժարականին հետևեցին նաև ԱԱԾ տնօրենի ու ոստիկանապետի հրաժարականները, բայց, դատելով արցախցիների արտահայտած վերաբերմունքից, նրանք Արայիկ Հարությունյանին հրաժեշտ տալ չէին ցանկանում:


Մարդկանց մեջ առաջացած հարցերը փարատելու համար նախկին պետնախարարն օրերս մամուլի ասուլիս էր հրավիրել և լրատվամիջոցների ներկայացուցիչներին որոշ մանրամասներ ներկայացրեց զբաղեցրած պաշտոնը թողնելու մասին:
«Գլխավոր պատճառը, որ լքում եմ պաշտոնը, երկրում բարեփոխումների անհրաժեշտությունն է: Մեր կառավարման 10 տարիների ընթացքում կարողացել ենք ապահովել 10 տոկոսից ավելի տնտեսական աճ, բայց, պարզվեց, դա բավարար չէ հանրության սպասելիքներն արդարացնելու համար: Մարդկանց այսօրվա տրամադրությունները գոնե դա են հուշում:
Բարեփոխումները, որ պետք է մեկնարկեն, հիմնականում ուղղված են լինելու քաղաքացիական հասարակության ու ժողովրդավարական արժեքների զարգացմանը»,- նկատեց նախարարը:


Հարությունյանը հստակեցրեց նաև, որ իր հրաժարականը որևէ առնչություն չի ունեցել Արցախում վերջին օրերին ծավալված իրադարձությունների հետ: «Կադրային փոփոխություններ կատարելու հարցը մեր օրակարգում եղել է մշտապես: Ավելին՝ դեռևս 2012-ի ընտրություններից հետո, երբ հասարակությունը կրկին դժգոհ էր իշխանություններից, ես պատրաստ էի հրաժարական տալու: Այն ժամանակ նախագահի հետ համաձայնության եկանք, ու չդիմեցի այդ քայլին: Բայց այսօր մեզ պետք են երիտասարդ կադրեր»:
«Դուք էլ եք երիտասարդ». նկատեց լրագրողներից մեկը: «Այո, չեմ հերքում, ես էլ եմ երիտասարդ ու չեմ պատրաստվում լքելու քաղաքականությունը»,- ընդգծեց Հարությունյանն ու շարունակեց, որ փորձն ի նպաստ Արցախի բարօրության է ծառայեցնելու:


Այնուհետ նա ավելացրեց, որ «Ազատ հայրենիք» կուսակցության գործունեությամբ է զբաղվելու, որի նախագահն է այժմ: Մանրամասնեց նաև, որ իր զբաղեցրած պաշտոնը թույլ չի տվել իրականացնել դրա ղեկավարումը լիարժեքորեն, իսկ հիմա լծվելու է այդ գործին:
Ներկաներին հուզում էր նաև այն հարցը, թե վերջինս ինչ արձագանք է ստացել Հայաստանից՝ պաշտոնից ազատվելու իր դիմումի առումով: «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդն ասաց, որ որոշումներ կայացնելիս, առհասարակ, հայաստանյան իշխանություններից «դաբրո» չեն ստանում: Իսկ դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանի կամ Նիկոլ Փաշինյանի կողմից ճնշումներ եղե՞լ են թողնելու պետնախարարի պաշտոնը, Ա. Հարությունյանը կտրուկ պատասխան տվեց. «Միանշանակ չեն եղել: Այդ քննարկումները եղել են իմ ու Արցախի նախագահի մեջ: Ոչ մի ազդեցություն ու միջամտություն չի եղել դրսից»:


Հարությունյանը, ճիշտ է, թեև փորձեց որոշակի հարցերի պատասխանել այդ հանդիպում-քննարկման ժամանակ, սակայն այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու հենց հիմա ու հենց իրենից սկսեցին Արցախում մեկնարկող բարեփոխումները՝ հրաժարականների տեսքով: Եվ եթե թե՛ տնտեսական առումով են բարեփոխումներ իրականացրել, թե՛ ժողովրդական արժեքների ամրապնդմանն են նպաստել, կարողացել են քաղաքացիական հասարակության ձևավորման առաջընթաց ունենալ, ապա ի՞նչ դժգոհության մասին է խոսքը: Պատասխանը, թե հայաստանյան ներքաղաքական իրադարձություններով ոգևորված հանրության պահանջն է եղել դա, թերևս բավարար չէ հասկանալու այս ամենի տրամաբանությունը:
Ըստ որոշ քաղաքագետների՝ Արցախում այժմ հայաստանյան «թավշյա իշխանափոխության» սցենարն է՝ վարչապետի և ուժային կառույցների հրաժարական, կառավարման օղակներում երիտասարդ կադրերի նշանակումներ և այլն: Այդպես է դա, թե ոչ, այժմ դժվար է ասել, և միայն իրադարձությունների զարգացումը ցույց կտա, թե որն էր պետնախարարի հրաժարականով մեկնարկած «բարեփոխումների» նպատակը: Մինչ այդ հիշենք, որ պատերազմող երկրի համար ներքաղաքական ցանկացած խժդժություն ու ապակայունացնող իրավիճակ խստագույնս վտանգավոր են, իսկ հակառակորդը, լավ գիտենք, հարմար առիթը բաց չթողնելու մեծագույն վարպետ է:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4355

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ