ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Կինոյի տան մեծ դահլիճը վերաբացվեց Փարաջանովի «Նռան գույնով»

Կինոյի տան մեծ դահլիճը վերաբացվեց Փարաջանովի «Նռան գույնով»
03.07.2018 | 13:12

Օրեր առաջ՝ հիմնադրումից 43 տարի և ցավալի անգործությունից տասնամյակներ անց, վերաբացվեց Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան մեծ դահլիճը: Երևանցիներիս սիրելի մշակութային այդ կենտրոնում հանդիսատեսի համար ցուցադրվեց Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը՝ վերականգնված Մարտին Սկորսեզեի ղեկավարած Film Foundation-World Cinema Project (Նյու Յորք) հիմնադրամի միջոցներով՝ Իտալիայի L՚immagine Ritrovata լաբորատորիայում:


Դահլիճի վերաբացումը կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանի, այսպես ասած, նախընտրական խոստումներից մեկն էր և իրագործվեց բավական արագ ու գեղեցիկ լուծումով: Իսկապես մեծ կարոտ և ջերմություն կար դահլիճի բացմանը եկած հանդիսատեսների մեջ:
Բեմից ողջունեց Հարություն Խաչատրյանը՝ երեկոն սկսելով ՀԿՄ նախկին նախագահ Ռուբեն Գևորգյանցի հիշատակը հարգելու հորդորով: Նա իր խոսքում մասնավորապես ասաց. «Մեր երազանքն էր, որ բացվի այս դահլիճը, առաջիկայում կբացվեն նաև մյուս դահլիճները: Եվ իմ հիվանդագին երազանքն է ստեղծել Սինեմատեկ՝ հայկական կինոյի պատմության թանգարան, ու այն անպայման ստեղծվելու է»:


Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը հիշեցրեց, որ «Նռան գույնը» շուտով կդառնա 50 տարեկան: Այդպիսի մի հոբելյան մեծ շուքով նշվել է ՈՒկրաինայում՝ Փարաջանովի մեկ այլ ֆիլմի՝ «Մոռացված նախնիների ստվերների» առիթով: Իսկ Հայաստանում նա հույս էլ չունի հանճարեղ «Նռան գույնի» հոբելյանի արժանի ոգեկոչման:
Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը ևս ողջունեց ու շնորհավորեց ներկաներին՝ հիրավի կարևոր և գեղեցիկ իրադարձության առթիվ՝ նկատելով, որ իր սերնդի կյանքի լավագույն տարիներն են անցել Կինոյի տան այս դահլիճում, բայց նրան առավել ոգևորել էր այն փաստը, որ դահլիճի վերաբացմանը ներկա են ոչ միայն այդ կարոտախտ ունեցող սերնդի ներկայացուցիչները, այլև 20-ամյա երիտասարդներ:
Հուսանք, որ նրանք ևս իրենց կյանքի լավագույն պահերը կապրեն այդ գեղեցիկ, բայց և իր հնօրյա նկարագիրը շահեկանորեն պահպանած դահլիճում:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4740

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ