ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

ՈՒ՞ր է մեր արտգործնախարարությունը

ՈՒ՞ր է մեր արտգործնախարարությունը
14.02.2019 | 21:42

Արդեն տևական ժամանակ է, ինչ Վրաստանի ադրբեջանական համայնքը փորձում է հասնել նրան, որ Ջավախքի Բուղաշեն գյուղում կանգնեցված Արցախյան ազատամարտի մասնակից Միքայել Ավագյանի կիսանդրին ապամոնտաժվի: Այն, ինչ ազերիները պատերազմի ժամանակ չեն կարողացել անել Միքայել Ավագյանի դեմ, հիմա փորձում են անել նրա հիշատակի դեմ, հիշատակ, որը պետք է սրբություն լինի էթնիկ արժանապատվություն ունեցող յուրաքանչյուր հայի համար: Ջավախահայությունն իհարկե ամեն բան անում է վանդալիզմը որպես ներքին ու արտաքին քաղաքականության մաս դարձրած ադրբեջանցիներին արժանի հակահարված տալու համար, բայց արդյո՞ք սա միայն համայնքի խնդիրն է: Այսպես կոչված, ադրբեջանցի պահանջատերերի թիկունքում կանգնած է Ադրբեջան պետությունը` թե՛ ֆինանսապես, թե՛ բարոյապես, չնայած երկրորդի դրսևորման որևէ ձևի հարցում խիստ կասկածներ ունեմ: Ինչևէ, անդրադառնամ բուն ասելիքիս: ՈՒ՞ր է Հայաստանի Հանրապետությունը, այս պարագայում` արտգործնախարարությունը, ինչո՞վ է զբաղված, արդյո՞ք այդ կառույցը հստակ գիտակցում է իր առջև ծառացած խնդիրների լրջությունը:

Այս օրերին, երբ Վրաստանում ադրբեջանցիները ջանում են հայ ազատամարտիկի կիսանդրին ապամոնտաժել և ոչինչ չեն խնայում դրա համար, երբ Ադրբեջանի արտգործնախարարությունը, բոլոր լծակներն օգտագործելով, գրոհ է սկսել վիրահայության դեմ, երբ ամբողջ աշխարհում հայերի դեմ կեղտոտ ապատեղեկատվական պատերազմ է մղվում, երբ ամեն օր խոսվում է «ադրբեջանական Էրիվանի» մասին, Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությունը զբաղված է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության խմբագրին Հայաստանում գործունեություն ծավալելու արտոնագիր տրամադրելու և Արցախում բնակվելու իրավունք հայցող ադրբեջանցուն մերժել-չմերժելու խնդրով: Ներեցեք, գուցե հարցադրումս սուր ու տարօրինակ հնչի, բայց անգործության մատնված հիշյալ կառույցը Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությու՞նն է, թե՞ ՀՀ-ում Ադրբեջանի հյուպատոսարանը:

Սա փոքր հարց չէ, տիկնայք և պարոնայք երեսփոխաններ, Ադրբեջանը պատերազմում է մեր դեմ, մեր հայրենիքի պաշտպանի հիշատակը հավերժացնող կոթողն է ցանկանում քանդել, իսկ դուք լռում եք։
Խնդիրը, կարծում եմ, պետք է մտատանջեր նաև վարչապետին, ավելին, «դուխով պիտի պահանջեր» ադրբեջանցիներից` հանգիստ նստել տեղները, այլապես կփռեն ասֆալտին:
Թե չէ «ասֆալտի ֆիդայու» պես լայվ մտնել ու հոխորտալ ով ասես կարող է։ Թե՞ վախենում են «խաղաղության» բանաձևը տանուլ տալուց:


Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1447

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ