Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կոկորդիլոսի թեմաներից գլուխ չհանելով` մարզպետը դպրոցներին է անցել

Կոկորդիլոսի թեմաներից գլուխ չհանելով` մարզպետը դպրոցներին է անցել
15.03.2019 | 02:26

Մի քանի օր է` Արարատի մարզի Ավշար համայնքում կրքերը չեն հանդարտվում: Գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչական կոլեկտիվն ու աշակերտները գործադուլ և դասադուլ են անում՝ պահանջելով նորընտիր տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը: Ավշարցի ցուցարարները պնդում են՝ Անդրեասյանը դպրոցի փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանին առանց պատճառի աշխատանքից ազատելու պահանջ է ներկայացրել, արհամարհական վերաբերմունք ունի կոլեկտիվի և դպրոցի կառավարման խորհրդի անդամների նկատմամբ:
Ավշարցիների բողոքի հիմքում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի որդեգրած քաղաքականությունն է: Ըստ լուրերի՝ նորանշանակ տնօրենը Սարգսյանի մտերիմն է, իսկ Անդրեասյանի կողմից որպես փոխտնօրեն աշխատելու հրավիրված Աստղիկ Հարությունյանը` մարզպետի մորաքրոջ հարսը: Հոգնելով կոկորդիլոսների բուծման անպտուղ աշխատանքից ու այդպես էլ չհասկանալով՝ կոկորդիլոսն ինչ թռչուն է, մարզպետ Սարգսյանը, ըստ երևույթին, որոշել է խաչ քաշել երկկենցաղների վրա ու հանրակրթությամբ զբաղվել:


Նախկին իշխանություններին օր ու արև չտվող, պարսավող, քննադատող նորեկներն այնքան լավ են յուրացրել նրանց վերագրվող բարքերը, որ նույն քաղաքականությունն այժմ լավագույնս իրենք են բանեցնում. դպրոցի ու կրթական հաստատությունների ՀՀԿ-ական տնօրեններին փոխարինելու են գալիս «քայլ արածները»: Խնդրի մասին դեռ ամիսներ առաջ էինք գրել, երբ Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները պահանջում էին նախկին տնօրենի վերադարձը: Բայց վարչապետի «մռութիկ ջան, վաղը դասի կգնաս, չէ՞» հայտարարությունից հետո չարենցավանցիները համակերպվեցին նոր իշխանությունների թելադրած օրակարգի հետ ու, «քայլ անելով», հանգիստ նստեցին տեղները: «Իրատեսին» պարզ դարձավ, որ Չարենցավանի թիվ 3 դպրոցի տնօրենի փոփոխությունից հետո դպրոցում քաոսային վիճակ է ստեղծվել: Քաղաքական գործընթացներին ակտիվորեն մասնակցած աշակերտները դպրոցում անում են այն, ինչ ուզում են, մերժում են ներքին էթիկայի բոլոր նորմերը, սուլում են, գոռում-գոչում են ինչպես պատահի, դպրոց ելումուտի իրավունք ունի ցանկացած ոք և այլն:


Դպրոցները, բուհերը, քոլեջներն ու կրթական բոլոր տեսակի հաստատությունները, այո, պետք է ապաքաղաքական լինեն: Մարզպետի մորաքրոջ հարսը, մեկ այլ մարզպետի հարևանի հարսը պետք է աշխատեն դպրոցում բացառապես լավագույնը լինելու պահանջը բավարարելու դեպքում, այլ ոչ այն մտայնությամբ, որ ինչ-որ մի պահի կարող են օժանդակել իշխող ուժին: Դա անառողջ մթնոլորտի ձևավորման, երեխաներին կրթական միջավայրից կտրելու ու կենցաղային հարցերի մասնակից-գործիք դարձնելու մերժելի տարբերակ է:
Ավշարի դեպքերը, հուսով ենք, ազդակ կլինեն նոր իշխանություններին՝ թոթափելու «ինչպես կուզենք, այնպես կանենք» վտանգավոր մտածելակերպը: Մարզպետները, որ այդքան շահագրգիռ են տարատեսակ ազգականների հարսներին աշխատանքի տեղավորելու հարցում, այնքան անելիքներ ունեն, որ դպրոցի կառավարման մասին ամենաքիչը պետք է մտածեն:


Գարիկ Սարգսյանը, օրինակ, կարող է վերցնել կենսաբանության դասագիրքը և ուսումնասիրել երկկենցաղներին, դա ավարտելուց հետո չափման միավորները սերտել, որ պատկերացնի 40 հա և 40 հազար հա տարածքների տարբերությունը: Այդ ամենին զուգահեռ չէր խանգարի նաև բանավոր խոսքի մշակույթ ուսումնասիրելը՝ լեզվի հնարավոր սայթաքումներից խուսափելու համար:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4396

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ