Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ժակ Շիրակը միացավ մեծամասնությանը

Ժակ Շիրակը միացավ մեծամասնությանը
27.09.2019 | 12:38

Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը վախճանվել է 87 տարեկանում: Նա Ֆրանսիայի նախագահն էր 1995-2007-ին: Նրա նախաձեռնությամբ նախագահի պաշտոնավարման ժամկետը 7 տարուց կրճատվեց 5-ի, վերացավ պարտադիր զինծառայությունը: Նա առաջին ճանաչեց Ֆրանսիայի մասնակցությունը հրեաների արտաքսմանը երկրորդ համաշխարհային պատերազմի օրերին: Նրա ղեկավարած Ֆրանսիան դեմ էր Իրաքում ՆԱՏՕ-ի գործողությանը, որ հավելեց նրա հանրաճանաչությունը ոչ միայն Ֆրանսիայում, այլև արտասահմանում:

Ժակ Ծիրակը ծնվել է 1932-ի նոյեմբերի 29-ին բանկի կառավարչի ընտանիքում: Երեք անգամ եղել է Փարիզի քաղաքապետ՝ 1977-1995-ին, երկու անգամ՝ Ֆրանսիայի վարչապետ:

Քաղաքական կարիերան սկսելով իբրև Շառլ դե Գոլի համոզված հետևորդ և որևէ պետությունից՝ Ֆրանսիայի ազգային լիակատար անկախության կողմնակից՝ տարիների հետ նա դարձավ Եվրամիության ստեղծման ջատագով ու ակտիվ մասնակցեց ԵՄ Սահմանադրության ստեղծմանը: Երբ 2005-ին Ֆրանսիայի ժողովուրդը հանրաքվեով աջակցություն չհայտնեց Սահմանադրության ընդունմանը, Ժակ Շիրակը ինսուլտ տարավ: 2014-ից նա հրապարակային ելույթներ չէր ունենում՝ առողջության պատճառով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. 2006-ին Ժակ Շիրակը պետական այցով եկավ Հայաստան, նրա մասնակցությամբ բացվեց Ֆրանսիայի հրապարակը և նրա նախագահության օրոք՝ 2001-ի հունվարի 29-ին Ֆրանսիան ճանաչեց հայոց ցեղասպանությունը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հետաձգեց Ռոդեզ այցը և երեկ երկոյան ուղերձով դիմեց ժողովրցին:
Նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարեց. «Ժակ Շիրակը հարազատ էր ֆրանսիացիներին: Նա սիրում էր մարդկանց, ու սերը փոխադարձ էր: Ժակ Շիրակը զինվոր էր: Նա կարող էր լինել կտրուկ ու հարվածներ հասցնել, բայց նրան էլ չէին խնայում: Երբ պետք էր արձագանքել ցավին ու տառապանքին, նա դրսևորում էր ոչ ցուցադրական մեծահոգություն: Մարդկանց նկատմամբ հոգատարությունը ես անձամբ եմ տեսել՝ մտերմանալով նրա հետ Կորզի մեր հողերում»:


Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերնանը գրեց. «Հետայսու Ժակ Շիրակը մտավ Ֆրանսիայի պատմության մեջ: Ֆրանսիայի, որ նման է նրան՝ բուռն, բարդ, երբեմն հակասական, բայց միշտ ոգևորված հանրապետության գաղափարով: Ֆրանսիան կորցրեց Ալեքսանդր Դյումայի հերոսին՝սրտեր նվաճողին, մարտիկին, շատ ավելի խոր մարդու ու մտածողի, որ երևում է առաջին հայացքից»: Բոթը ստանալով Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց Ժակ Շիրակի հիշատակը:


ՙՓարիզը սգի մեջ է» հայտարարեց Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, նրա հրահանգով մարվել են Էյֆելյան աշտարակի լույսերը՝ ի նշան սուգի և իջեցվել են դրոշները բոլոր պաշտոնական շենքերում: «Նա միշտ կմնա մեր քաղաքապետը», - գրել է Իդալգոն
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին գրեց. «Այսօր անհետացավ իմ կյանքի մի մասը: Մենք ունեինք քաղաքական տարաձայնություններ, բայց ես երբեք չէի մոռանում, որ նրան պարտական եմ և ինչ է նա արել Ֆրանսիայի համար»: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ժակ Շիրակին անվանել է ՙհրաշալի գործընկեր ու Գերմանիայի բարեկամ»: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ընդգծել է Ժակ Շիրակի ՙհեռատեսությունն ու իմաստնությունը»:


«Ժակ Շիրակի մահվամբ հեռացավ ֆրանսիական քաղաքականության առյուծը: Նա սիրում էր Ֆրանսիան և ֆրանսիացիներին, սակայն նաև ճանապարհորդ էր աշխարհով մեկ՝ Աֆրիկայից մինչև Ասիա»,- իր թվիթերյան էջում գրել է նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը նշել է, որ Շիրակի «ժառանգությունը հանրապետության և Եվրամիության համար հավերժ կլինի»:
Ժակ Շիրակին իր ընկերն ու մեծանուն եվրոպացի է անվանել նաև Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը:


Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կյանքից հեռացած գործչին անվանել է «հոյակապ առաջնորդ, որը տասնամյակներ շարունակ որոշել է իր երկրի ճակատագիրը»:
Ժակ Շիրակը միացավ մեծամասնությանը՝ լույս իջնի նրա հոգուն:

Դիտվել է՝ 3760

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ