1992-ին ԽՍՀՄ-ի փլուզումով ավարտվեց Մոսկվայի հավակնոտ քաղաքականությունը Աֆրիկայում՝ գրում է Le Monde-ում Բենուա Վիտկինը: Այդ տարի Ռուսաստանը փակեց 9 դեսպանատուն ու 4 հյուպատոսություն Աֆրիկայում: 27 տարի անց Վլադիմիր Պուտինի Ռուսաստանը մեծ շուքով ընդունում է առաջին աֆրիկյան սամիթը: Պաշտոնապես սամիթը նվիրված է տնտեսական հարցերին, բայց ավելի շուտ ուժի ցուցադրություն է:Հոկտեմբերի 23-ին ու 24-ին Պուտինը պետք է ընդունի 40 պետությունների ղեկավարների, որ դուրս են Հյուսիսային ու Հարավային Աֆրիկայում ռուսական ավանդական ազդեցության սահմաններից: «Տնտեսական հարցերը չեն լուծվում այդ մակարդակում, այդ պատճառով սամիթը նախևառաջ սիմվոլիկ նշանակություն ունի»՝ գտնում է վերլուծաբան Ֆյոդոր Լուկյանովը: Այլ խոսքով՝ եթե Ռուսաստանն Արևմուտքին թիկունք է դարձրել, պետք է ցույց տալ, որ ունի այլընտրանքներ: «Նույն տրամաբանությունն է և աֆրիկյան կողմում: Այսպիսի հանդիպումը թույլ կտա աշխուժացնել մյուս տերությունների մրցակցությունը, հատկապես նրանց, որ Ռուսաստանից մեծ հնարավորություններ ունեն»՝ եզրակացնում է Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտի աշխատակից Տատյանա Կոտուևա-Ժանը:
Իրականում Ռուսաստանի տնտեսական ներկայությունն Աֆրիկայում շատ քիչ է, ՌԴ-ի ու Աֆրիկյան մայրցամաքի միջև տարեկան առևտրաշրջանառությունը 20 միլիարդ դոլար է, որ համեմատելի է Բրազիլիայի կամ Թուրքիայի հետ: Օրինակ՝ Չինաստանի ու Աֆրիկայի տարեկան ապրանքաշրջանառությունը 204 միլիարդ դոլար է, իսկ Ֆրանսիայինը՝ 51:
Ռուսական ձեռնարկություններն Աֆրիկայում աշխատում են հիմնականում հանքարդյունաբերության (ալմաստներ Անգոլայում ու Զիմբաբվեում, ոսկի՝ Բուրկինա Ֆասոյում ու Գվինեայում) կամ գյուղատնտեսության մեջ: Ռուսական տնտեսության ամենաուժեղ հատվածը՝ վառելիքայինը, Աֆրիկայում շատ քիչ է ներկայացված: «Մոսկվան մինչև հիմա չունի գլոբալ «աֆրիկյան քաղաքականություն»՝ ասում է ֆրանսիացի քաղաքագետ Առնո Դյուբիեն: «Բայց Ռուսաստանն ունի իր առավելությունները՝ չունի ժողովրդավարության պահանջներ, ինչպես Արևմուտքը, դիվանագետները միշտ աջակցում են տեղի իշխանություններին»՝ բացատրում է Մոսկվայում Աֆրիկայի ինստիտուտի աշխատակից Ալեքսանդրա Արխանգելսկայան: Ավելին՝ռուսական ակտիվության նշանակալից մասն Աֆրիկայում լուսարձակներից հեռու է: Դա վերաբերում է զենքի վաճառքին, որի մասին Ռուսաստանում ընդունված չէ խոսել: Առավել գաղտնի է ռուսական մասնավոր ռազմական ձեռնարկությունների գործունեությունը, որ արգելված է ռուսական օրենսդրությամբ: Այդպես Վագների խումբն աշխարհին հայտնի դարձավ 2018-ին, Կենտրոնական Աֆրիկայում լրագրողների սպանությունից հետո: Այդ ժամանակ բոլորն իմացան, որ պաշտոնական ռազմական պայմանագրերը Մոսկվայի ու Բանգիի միջև, միայն շատ փոքր մասն են Պրիգոժինի ղեկավարած ընդհատակյա խմբի, սկսած՝ նախագահի պահնորդությունից՝ մինչև ալմաստի արյունահանում ու տեղացի զինվորականների ուսուցում: Մասնագետները հաշվել են, որ Վագների խումբը ներկա է նվազագույնը 4 երկրներում՝ Լիբիայում, Սուդանում, Մադագասկարում, Մոզամբիկում: Ենթադրվում է, որ 2019-ի սեպտեմբերին այդ խմբի 35 անդամներ զոհվել են մարշալ Հաֆտարի կռիվներում, որ ապրստամբել էր Լիբիայի՝ Արևմուտքի աջակցությունը վայելող պաշտոնական իշխանության դեմ: Լրագրողական հետաքննությունների համաձայն՝ Կրեմլի համակարգումով աշխատող Վագների խումբը փորձում է միջամտել ընտրություններին աֆրիկյան մի քանի պետություններում: Ռուսաստանն ուղարկում է իր «քաղաքական խորհրդատուներին» կամ փորձում է իր վերահսկողության տակ վերցնել տեղական ԶԼՄ-ները, ինչպես եղավ Մադագասկարում հունվարին նախագահական ընտրությունների ժամանակ:
«Մեդիա նախագծի« կայքում տեղակայված ևս մի հետաքննության համաձայն՝ Պրիգոժինի մարդիկ փորձել են կոնֆլիկտ հարուցել Ֆրասիայի ու Կոմորների միջև: Նրանք աջակցում են աֆրիկացի քաղաքական գործիչ Կեմի Սեբային՝ հակասեմիտ, որ մի քանի անգամ դատապարտվել է Ֆրանսիայում: Անանուն դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ Ռուսաստանի ուռճացրած հակաֆրանսիական արշավը Աֆրիկայում դադարեցվեց Փարիզի պահանջով:
Բենուա Վիտկին, Le Monde
Հ.Գ. Փաստորեն՝ Ռուսաստանը բոլոր երկրներում գործում է նույն սխեմաներով՝ հանքարդյունաբերության «յուրացում», զենքի գաղտնի վաճառք, միջամտություն պետության կառավարմանը, ԶԼՄ-ների վերահսկողություն: Հիանալի աշխատանք է: Կարևորը ծավալն է՝ եթե մի տեղ ձախողվեն, մյուս տեղերում հաջողությունը կփոխհատուցի: Պատահական չէ, որ Աֆրիկայում Ռուսաստանը հանդիպել է Ֆրանսիայի դիմադրությանը՝ նախագահ Էմանուել Մակրոնը դեռ անցյալ տարի էր աֆրիկյան իր նախագիծը ներկայացրել: Ի տարբերություն Վլադիմիր Պուտինի՝ նա ոչ թե աֆրիկացիներին հավաքել էր Սոչիում, այլ անձամբ էր գնացել Աֆրիկյան այն պետությունները, որտեղ կան քրիստոնեական մեծ համայնքներ և ֆրանկոֆոնիայի մասնաճյուղեր:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ