ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Ով ինչ անի, իրեն կանի

Ով ինչ անի, իրեն կանի
20.04.2025 | 15:11

Որդիս՝ Լեոն, երեկ գործից տուն էր դառնում ոտքով: Ասում է՝ գործի վերջում զգում էի, որ ուզում եմ քայլել, րոպեներն էի արդեն հաշվում, կարծես ինչ-որ բան ինձ դուրս էր տանում:

Զբոսնելիս նկատում է, որ առջևում տարեց մի կին է գնում՝ մեջքից կռացած ու ձեռքերին մեկական տոպրակ: Մոտենում է, առաջարկում օգնել, իրերը տանել: Ծանր չէ, բալես, մի անհանգստանա՝ ասում է տատիկը: Որդիս, այնուամենայնիվ, համոզում է, վերցնում է տոպրակները, ու միասին դանդաղ քայլքով առաջ են շարժվում:

Ու զրուցում են: Տարեց կինը մի պատմություն է պատմում իր կյանքից: Ասում է՝ գնացել էր թոշակը բանկում ստանալու և գրպանում ընդամենը 200 դրամ ուներ, երկու 100-անոց: Կանգառում նստած սպասում էր իր ավտոբուսին ու նկատում է, որ նստարանին՝ քիչ հեռու, նաև մի մուրացիկ է նստած: Վերջինս դիմում է նրան, ասում է՝ հարյուր դրամ կտա՞ս, կողքի խանութից մի բուլկի առնեմ, ողջ օրը բան չեմ կերել, սոված եմ: Տատին ասում է, որ ձեռքին 200 դրամ կա և որ այդ գումարը կկիսի նրա հետ:

Մուրացիկն իսկույն առնում է 100-դրամանոցը, արագ-արագ մտնում մոտի խանութը և վերադառնում հացիկը ձեռքին: Նորից զբաղեցնում է իր տեղն ու անմիջապես էլ «կլանում» ավարը: Ու քիչ անց նորից է դիմում տարեց կնոջը՝ էն հարյուրն էլ կտա՞ս, բան չհասկացա կերածիցս: Ապշահար տատիկն ինքնաբերաբար ձեռքը գրպանն է տանում ու մյուս 100-անոցն էլ մեկնում նրան:

Մինչ մուրացիկը խանութ էր շտապում՝ տարեց կինը հասկանում է, որ արդեն անիմաստ է կանգառում սպասելը, քանի որ տրանսպորտի գումար այլևս չունի, և մտամոլոր քայլում է դեպի տուն: Այդպես մտքերի մեջ քայլում է ու մեկ էլ, ով հրաշք, մայթեզրին 20-հազարանոց թղթադրամ է տեսնում: Աչքերին չի հավատում, բայց ամեն դեպքում մոտենում է ու զննում: Ոչ, խաբկանք չէր, գումարն էր: Չորս կողմն է նայում, փորձելով գտնել կորցնողին, բայց մոտերքում ոչ ոք չկար: Վերցնում է գումարը, գնում մոտակա այն սուպերմարկետը, որի փոխանակման կետում իր ծանոթուհին է աշխատում, նրան խնդրում է ստուգել՝ հո կե՞ղծ չէ: Ոչ, կեղծ չի լինում: Մանրում է գումարը, առևտուր է անում և կյանքի մասին «փիքր անելով» գնում տուն:

Բա՞, բալես՝ ամփոփում է պատմությունը տատիկը:

Բա՞:

Աստված մեծ է:

Շնորհավոր Սուրբ Զատիկ:

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3120

Մեկնաբանություններ