Մինչև «իտոգի» գան այն հարցի շուրջ, թե ով բերեց Նիկոլին, ով էր մեղավոր, ժողովուրդը, հզոր ուժերը, այլմոլորակայինները, հայի բախտը... կհասնենք 2050 թվական:
ՈՒ ոչ մի կերպ չեն ուզում ընդունել, որ 2018-ին մարդիկ օբյեկտիվորեն իրոք դժգոհ էին, պարտավոր չէին հասկանալու շատ քաղաքական պրոցեսներ, իրենք դժգոհ էին իրենց պայմաններից, անարդարությունից, ամենաթողությունից, իշխանության գոռոզությունից ու էլի լիքը բաներից:
ՈՒ պետք չի ասել, թե բա առաջ վատ էր, հիմա լա՞վ է:
Չէ՛, հիմա շատ ավելի վատ է, բայց դա չի նշանակում, որ հիմիկվա վատը տեսնելով պետք է արդարացնենք նախկինի վատը:
Եթե ցանկություն չկա սա ընդունելու, ապա ստացվում է, որ.
1. Իշխանությունն այնքան կտրված է եղել իրականությունից, որ չի հասկացել, թե ինչ է կատարվում: Իշխանական վերնախավում գտնվել են մարդիկ, ովքեր դավաճանել են, խաբել են, վախեցել են, «քցել են»:
2. Տեղյակ են եղել ամեն ինչից, բայց չեն կարողացել ոչինչ անել:
Այսինքն, կատարվող բոլոր իրադարձությունների պատասխանատուն, որ կողմից էլ նայենք, օրվա իշխանությունն է, ուրիշ կերպ ուղղակի չի լինում:
Այլապես, այսօր էլ կատարվող ամեն ինչում կարող ենք մեղադրել բոլորին, բացի Նիկոլ Փաշինյանից, ինչն ինքն անում է՝ նախկիններ, թալանչիներ և այլն:
Այն, ինչ այժմ կատարվում է ընդդիմադիր դաշտում, շատ մտահոգիչ է, քանի որ գործում է «տապոռային» քարոզչություն՝ ամեն մեկն ընտրել է իր կուռքին ու սրբացնում է:
Չկա որևէ կոնկրետ ծրագիր՝ ո՛չ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու, ո՛չ «հետո»-ի վերաբերյալ, ո՛չ ճգնաժամից դուրս գալու, զուտ ամեն թիմ փորձում է մյուսներին սևացնելու հաշվին պարզաջրվել, մաքրվել, իր վրայից գցել պատասխանատվությունը:
Անի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ