Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տեղեկատվության համաձայն` հուլիսի 10-ի դրությամբ հարևան երկրում գրանցվել է կարմրուկի 6069 դեպք, որից 1752-ը հոսպիտալացվել են: Միայն Թբիլիսիում արձանագրվել է 3527 դեպք, որից հոսպիտալացված դեպքերի թիվը 1065 է: Վրաստանում վերջին շաբաթների ընթացքում իրավիճակը կայունանում է, սակայն դեռևս շարունակվում են գրանցվել դեպքեր:
Գրանցված դեպքերից 483-ի մոտ լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է կարմրուկ ախտորոշումը: Մահվան ելքով գրանցվել է 2 դեպք (11 ամսական և 19 տարեկան չպատվաստված անձանց մոտ): Հարկ է նշել, որ դեպքերի մեծամասնությունը գրանցվել է 20-29 տարեկան տարիքային խմբում (1927 դեպք, որից հոսպիտալացված 557-ը, լաբորատոր հաստատված 198-ը):
Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է կարմրուկի 9 դեպք, որոնք համաճարակաբանորեն կապված են Վրաստանի բռնկման հետ: Դեպքերից 8-ի կոնտակտավորների շրջանում հիվանդության առավելագույն գաղտնի շրջանն ավարտվել է և հիվանդությունը տեղական տարածում չի ստացել: Վերջին դեպքը հայտնաբերվել է հուլիսի 12-ին Բավրայի սանիտարակարանտինային կետի կողմից` Ջավախքի բնակիչ 11 ամսական չպատվաստված երեխայի մոտ, ով հոսպիտալացվել է Գյումրու ինֆեկցիոն հիվանդնոց: Վերջինիս կոնտակտավորների նկատմամբ իրականացվում է ուժեղացված բժշկական հսկողություն, չպատվաստված և չհիվանդացած անձանց շրջանում կատարվում են ԿԿԽ պատվաստումներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Առողջապահության նախարարությունից:
Մեր երկրում իրավիճակը վերահսկելի է` կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումները կշարունակվեն մինչև հարևան երկրներում կարմրուկի համաճարակային գործընթացի մարումը: