Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կոդախեղդ են լինում

Կոդախեղդ են լինում
09.06.2017 | 07:04

Առողջապահական համակարգի ներկայացուցիչները վրդովված են հերթական նորամուծությունից, այսպես ասած, «002» ձևից: Առավել դժգոհ են պոլիկլինիկայում աշխատող բժիշկները, քանի որ, ըստ նրանց, սա ժամանակի անիմաստ կորուստ է, որը կարելի էր ծախսել հիվանդին զննելու համար: «Հիվանդը սենյակ է մտնում, մենք սկսում ենք գլուխներս կախ թերթիկը լրացնել, մինչև գնում է: Առանց այդ էլ նման տեղեկությունները գրանցվում են նաև այլ մատյաններում: Ինչո՞ւ են անիմաստ գրագրությունը ավելացնում»,- դժգոհում են բուժաշխատողները` հավելելով, որ օրվա ընթացքում իրենց վրա «պլան» է դրված` ապահովելու որոշակի քանակությամբ թերթիկներ, իսկ եթե չեն հասցնում լրացնել դրանք, շաբաթ օրն էլ են գալիս` աշխատանքն ավարտին հասցնելու:


«Առողջության առաջնային պահպանման ծառայությունների մատուցման հաշվառման» թերթիկը շատ խճճված է անգամ առաջին հայացքից: Դա, մեղմ ասած, կոդերի «հավաքածու» է: Բժիշկը հիվանդին հետազոտելու ժամանակ պետք է անգիր հիշի բոլոր հիվանդությունների կոդերը, որ կարողանա թերթիկը լրացնել: Իսկ եթե ոչ, պետք է ձեռքի տակ ունենա մի «խուրձ» թղթեր` հիվանդությունների կոդերով: Թերթիկի սկզբում բժիշկը պարտավոր է լրացնել հիվանդի տվյալները` սկսած անուն-ազգանունից, սեռից, տարիքից մինչև անձնագրային տվյալները: Սա այն դեպքում, որ այդ հիվանդը տվյալ պոլիկլինիկայում գրանցված է, և նրա այդ տվյալներն արդեն բազայում կան։ Ինչո՞ւ ուրեմն հերթական անգամ ժամանակ վատնել կրկնության վրա: Սակայն սա դեռ ոչինչ, առջևում ավելի ծանր աշխատանք է սպասում բժշկին ու բուժքրոջը, ուղեգրի համարն ու ուղեգրող կազմակերպությունը նշելուց հետո նրանք անցնում են մասնագիտական «քննության»: Նախ պետք է հիվանդի կարգավիճակը որոշեն, դիմելու նպատակը, այցերի թիվը, այնուհետև հիվանդության «ելքը», այսինքն` ամբուլատոր պայմաններում կամ ուղեգրով բուժումն ինչ արդյունք է ունեցել: Սրան հաջորդում է նեղ մասնագետի մոտ ուղեգրումը, որն էլ պետք է հստակեցնի` բուժհիմնարկո՞ւմ է իրականացվում, թե՞ այլ բուժհաստատությունում, սրան էլ գումարած` պետք է նշվի այցերի թիվը:
ՈՒ այս ընթացքում բժիշկը պետք է կարողանա հիվանդի խնդիրը բացահայտել: Սակայն սա դեռ վերջը չէ: Գալիս է կոդերի «դարաշրջանը»: «Տրամադրված ծառայություններ (խորհրդատվություններ, միջամտություններ, լաբորատոր-գործիքային հետազոտություններ, ֆիզիոթերապիա). նշել կոդը ըստ հավելվածի». ահա այս տողի տակ բժիշկները շուրջ քսան հիվանդություն պետք է նշեն միմիայն կոդերով: Եթե չմոլորվեցիք, շարունակենք. բժիշկը պետք է նշի, թե հիվանդը ինչ հիվանդությունների համար է պատվաստվել` կրկին կոդերով:
Եթե այսքանից հետո հիվանդի և բժշկի նյարդերը տեղի չտվեցին, ուրեմն բժիշկը կատարում է նշանակումներ (եթե, իհարկե, այս ընթացքում կարողանա մանրակրկիտ հետազոտել հիվանդին): Բժիշկը պարտավորվում է գրանցել ոչ միայն դեղերի անվանումները, այլև հաբերի քանակը, դեղատոմսի համարը, հիվանդի միջոցներո՞վ է գնվելու դեղը, թե՞ պետպատվերի շրջանակում կամ էլ հումանիտար միջոցներով: Առանձին տողով նաև մինչև երկու տարեկան երեխաների հետազոտություն կա:


Ավարտին, ի վերջո, բժիշկն ախտորոշումն է գրում` վերստին կոդերով նշելով հիվանդությունը: Թերթիկի վերջում չեն մոռացվել նաև հիշյալ թերթիկը լրացնողները` բժիշկն ու բուժքույրը, սակայն մինչ իրենց անուն, ազգանունը նշելը, նրանք պետք է սեփական կոդն էլ գրեն:
Ամեն հիվանդ այս թերթիկով անցնում է, իսկ բուժաշխատողները օրվա վերջում սպառվում են ոչ թե սեփական աշխատանքի ծանրությունից, այլ ավելորդ գրագրությունից: Ավելին, այս թերթիկի պատճառով հսկայական հերթեր են գոյանում պոլիկլինիկաներում, առավել ծանր է վիճակը, երբ խոսքը մանկական պոլիկլինիկաներին է վերաբերում: Պատկերացնո՞ւմ եք, թե փոքրիկներն ինչ վիճակում կհայտնվեն ժամերով հերթի մեջ սպասելով: Ժամանակակից աշխարհը գնում է կյանքի դյուրացմանը, իսկ մեզանում անհարկի բարդացումներ են լինում: Մի՞թե հնարավոր չէ այնպես կազմակերպել բուժհիմնարկների աշխատանքը, հատկապես պոլիկլինիկաների (որոնք զբաղվում են լոկալ տարածքների բնակիչների խնդիրներով և մշտական կապի մեջ են իրենց այցելուների հետ, ասել է` նրանց մասին տեղեկությունները բավականին շատ են բուժհիմնարկում), որ խուսափեն նման թղթարարությունից:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2975

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ