Գիշեր էր: Գյումրու մանկատան աշխատակիցներից մեկը երեխայի լացի ձայն լսեց, արագ վեր կացավ, շրջեց սենյակներով, բոլոր երեխաները քնած էին, սակայն նորածնի լացի ձայնը չէր կտրվում: Ձայնը կարծես բակից էր գալիս: Նա հապճեպ դուրս եկավ մանկատան բակ, վազելով մոտեցավ փոքրիկ բարուրին, որի կողքը դրված էր նաև նորածնի ծննդյան վկայականը՝ Սաթենիկ Հարությունյան:
2001 թվականից սկսվեց փոքրիկ Սաթենիկի կյանքը Գյումրու մանկատանը:
Փոքրիկն ուներ առողջական խնդիրներ՝ ծնվել էր կոնքի դիսպլազիայով և գուցե հենց դա էր պատճառը, որ թողել էին անօգնական նորածնին մանկատան դռան դիմաց: Սաթենիկի, ով հետագայում ապրելու էր որպես Սոֆիա, հիշողությունները մանկատնից շատ դաժան են. առողջական խնդիրներով պայմանավորված աղջնակը չէր կարողանում նորմալ քայլել, ինչի պատճառով ուզում էր, որ իրեն միշտ գրկեն: Մանկատանը սա համարում էին կապրիզ և մշտապես պատժում էին Սոֆիային՝ ծեծելով:
«Միակը, ովքեր օգնում էին ինձ հաղթահարել իմ այդ շրջանի ծանրագույն ապրումները դայակներ Սվետան և Արմինեն էին: Նրանք, ի տարբերություն մնացածի, հասկանում էին, որ ես ոչ թե կապրիզներ եմ անում, այլ ուղղակի անմարդկային ցավեր ունեի քայլելիս, որոնք այդ տարիքում չէի կարող հասկանալ և միայնակ հաղթահարել: Ես շնորհակալ եմ նրանց կյանքիս այդ մղձավանջային փուլում ինձ տված սիրո և ջերմության համար»,- պատմում է Սոֆիան:
Ամեն գիշեր Սոֆիան բարձրաձայն լաց էր լինում՝ խնդրելով, պահանջելով, աղաչելով, որ իրեն մամա և պապա գտնեն, ինչի համար նորից մանկատան աշխատակիցների կողմից ծեծի էր ենթարկվում:
Սոֆիայի համար մանկատունը դարձել էր դժոխք. փորձում էր իր փոքրիկ ոտքերին համոզել, որ բոլորի նման քայլեն, որպեսզի ամեն անգամ ծեծի չենթարկվի բողոքելու և նվնվալու համար, ուզում էր հասկանալ՝ ինչ անի, որպեսզի ինքն էլ ընտանիք ունենա, մամա ունենա, ով այդ ցավերի ժամանակ կգրկի, կսեղմի ուսին, կպաշտպանի իրեն:
Բարի նախանձով էր նայում բոլոր այն երեխաներին, ում որդեգրում էին և ամպերին նայելով խնդրում Աստծուն, որ իր մասին էլ չմոռանա:
Սոֆիան սարսափում էր այն մտքից, որ կարող է իրեն չորդեգրեն և որոշ ժամանակ հետո տեղափոխեն Խարբերդի մանկատուն.
«2009 թվականի նոյեմբերի 8-ն էր, երբեք չեմ մոռանա այդ օրը, դա իմ կյանքի ամենաերջանիկ օրն է, իմ երկրորդ ծննդյան օրն է, ինձ կանչեցին մանկատան պատասխանատուի մոտ: Ես դողալով մոտեցա դռանը, ուզում էի հասկանալ՝ հիմա ինչ եմ արել, ինչի համար են ինձ պատժելու, վախեցած դուռը բացեցի, բայց երբ տեսա Անուշին, միանգամից երջանկացա: Ես գիտեի, որ Անուշի շնորհիվ են մանկատան երեխաներն ընտանիք գտնում, ամեն անգամ նրան տեսնելիս աղաչում էի, որ իմ համար էլ մամա ու պապա գտնի ու երազում էի, որ մի օր նա գա իմ հետևից: Մանկատան բոլոր երեխաների համար Անուշը կարծես Մոխրոտի հեքիաթի կնքամայրը լիներ, նրան բոլորն էին սպասում: Սենյակում էին նաև իմ որդեգիր ծնողներն ու մի փոքրիկ աղջիկ, ով իմ որդեգիր ծնողների մյուս որդեգիր երեխան էր և իմ քույրն էր դառնալու»,- հիշում է Սոֆիան:
Մի քանի օր հյուրանոցում մնալուց հետո Սոֆիան իր նոր ընտանիքի և քրոջ հետ տեղափոխվեց Իտալիա: Սոֆիան անմոռանալի է համարում այն պահը, երբ մտավ իրենց տուն.
«Ես կյանքում առաջին անգամ մտնում էի մի վայր, որն իմ տունն էր, ես ունեի իմ սենյակը, ես ունեի ընտանիք, տատիկ, պապիկ, ովքեր հատուկ իմ համար խաղալիքներ էին գնել: Սկզբնական շրջանում ես ամեն ինչ անելիս ու ասելիս վախենում էի, որ կարող է ինձ նորից պատժեն, ծեծեն: Հարձակվում էի քրոջս վրա, մտածելով, որ ինձ նորից մանկատուն կտանեն… Ես անչափ շնորհակալ եմ իմ որդեգիր ծնողներին իմ անտանելի արարքները հանդուրժելու համար: Մայրս ու հայրս հասկանում էին, որ նման պահվածքը մանկական տրավմաների արդյունք է, համբերատարությամբ ու սիրով հանդուրժում էին, սեր ու քնքշանք տալիս ինձ»,- պատմում է Սոֆիան:
Որդեգրվելուց մի քանի ամիս անց Սոֆիայի որդեգիր ծնողները սկսեցին զբաղվել աղջկա առողջական խնդիրների լուծմամբ. Բազմաթիվ հետազոտություններից և կոնքի դիսպլազիայի պատճառը հայտնաբերելուց հետո՝ 2012 թվականին տեղի ունեցավ առաջին վիրահատությունը: Սոֆիան 6 ամիս ձախ ոտքի երկարությունն ուղղելու նպատակով կրեց Ելիզարով սարք: 2015-ին արդեն Սոֆիան երկրորդ վիրահատությունն ունեցավ՝ նորից 6 ամիս արդեն ձախ ազդրին կրելով Ելիզարով սարքը: Վերջին վիրահատությունը տեղի ունեցավ 2020 թվականին, որի ժամանակ երկարացվեց աջ ոտքը:
Որդեգիր ծնողների անսահման հոգատարության, սիրո ու Սոֆիայի համար լավագույն կյանք ապահովելու ցանկության շնորհիվ աղջիկն այսօր դարձել է 24 տարեկան գեղեցկուհի՝ հաղթահարելով ի ծնե ունեցած առողջական խնդիրները և Գյումրու մանկատան դաժանագույն մանկական տրավմաները:
«Ես այսօր այսպիսին եմ իմ ընտանիքի և Անուշի շնորհիվ: Անուշի շնորհիվ ես հրաշալի ընտանիք ունեցա, ընտանիքս էլ ամեն ինչ արեց ինձ լավագույն կյանք տալու համար: Ես ինձ համարում եմ երջանիկ մարդ, քանի որ իմ կյանքի ճանապարհին հանդիպեցի մարդկանց, ովքեր իմ տխուր ու անլույս կյանքը դարձրեցին լուսավոր և պայծառ՝ տալով ինձ ներկա և ապագա»…
Պատմությունը գրվել է Սոֆիա Կանտինիի խոսքերից
Անի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հետաքննող լրագրող