Ստիպված եմ Ձեզ հիշեցնել, որ այս տարվա ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը իր մի քանի հրապարակային ելույթների ու ասուլիսների ժամանակ թույլ է տվել հայտարարություններ, որոնք հակասում են ՀՀ գործող օրենսդրությանը և ենթակա են խստագույն պատժի:
Ի մասնավորի՝
ա) Նիկոլ Փաշինյանը հարցականի տակ դնելով Հայոց ցեղասպանության պատմական եղելությունը, հանդես է եկել ծանրագույն այդ հանցագործության ծրագրված բնույթն ու հետևանքները կասկածի տակ դնող ժխտողական հայտարարություններով, ինչը պատժելի է ՀՀ օրենսդրությամբ և հակասահմանադրական բնույթ ունի:
բ) Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը բաց տեքստով հայտարարեց, որ գիտակցաբար ու նպատակադրված մասնակցել է արցախահայության դեմ իրականացված ցեղասպանական գործողություններին ու դրանց հետևանքներն արդարացնող, հանցագործության փաստը չարձանագրող ու ոճրագործ կողմի հետ հանցավոր համաձայնության եկած անձ է՝ իր կուսակիցներով հանդերձ: Դուք տակավին լռում եք, որն այս պարագայում հավասարազոր է հանցակցության:
Եթե դուք ունենայիք սկզբունքներ ու արժանապատվություն և բարձր դասեիք իրավապահի պատիվն ու մասնագիտական խիղճը, ապա կգործեիք միասնաբար ու չէիք ծառայի Հայաստանի Հանրապետությունը գաղութատիրական լծի տակ պահող ու սպասարկող գործակալական հանցախմբին:
Եթե լռելով շարունակելու եք ծառայել ու սպասարկել իր հանցագործությունների մասին բացահայտ ու ցինիկ կերպով հայտարարող անձին, ապա ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ կարող եք բարձրանալ առանց համազգեստի, քանզի այն ձեզ համար ընդամենը օդափոխության, այլ ոչ թե հարգանքի տուրք մատուցելու օր է լինելու:
Իսկ ես շարունակելու եմ մնալ այն համոզմունքին, որ ՀՀ արդարադատության համակարգը, որևէ առնչություն չունի իրավունքի ու արդարադատության հետ, քանզի այն իր ողջ օղակներով հանդերձ հանցավոր ու հանցածին համակարգ է:
Հայկ ԴԵՄՈՅԱՆ