Կան բառեր, որոնք չեն ծերանում։ Աբրահամ Լինքոլնի նամակը որդու ուսուցչին հենց այդպիսին է։ Այն ոչ միայն հորից որդուն ուղված խոսք է, այլև կյանքի ուղեցույց բոլոր ժամանակների համար։
«Սովորեցրեք նրան իր ուղեղն ու մկանների ուժը վաճառել ամենաբարձր գնով, բայց երբեք վաճառքի չհանել ոչ սիրտը, ոչ էլ հոգին»։
Այս մի նախադասությունը միայնակ կարող էր դառնալ ամբողջ դաստիարակության ծրագիր։
Նա հիշեցնում է, որ «միայն կրակի միջով անցնելու փորձությունից հետո են բացահայտվում պողպատի լավագույն հատկանիշները», իսկ համբերությունը՝ «թույլ է տալիս դառնալ խիզախ»։
Եվ ամենակարևորը․
«Սովորեցրեք, որ նա միշտ ինքն իրեն հավատա, որովհետև այդ դեպքում նա միշտ հավատ կունենա մարդկության հանդեպ»։
Կարդալով այս տողերը՝ ես հիշում եմ իմ ծնողներին։ Նրանք այս նամակը չէին կարդացել, բայց ապրում էին հենց այդ օրենքներով։ Հայրս ինձ սովորեցրեց երբեք չվաճառել սիրտս ու հոգիս, չվախենալ արցունքներից և կանգնել ճշմարտության կողքին։ Մայրս ինձ փոխանցեց համբերության ու խոնարհության ուժը, որ միշտ դառնում է խիզախության գաղտնի աղբյուր։
Երկուսով նրանք իրենց լուռ օրինակով ինձ թողեցին այն նամակը, որ երբեք թղթի վրա չի գրվել, բայց հավերժ գրված է իմ սրտում։
Լինքոլնի նամակը ուղղված էր որդուն, բայց իրականում այն մեզ բոլորիս է հիշեցում, որ աշխարհի ամենամեծ հարստությունը սիրտն ու հոգին են, որոնք երբեք վաճառքի դնել չի կարելի։
Ի վերջո, հասարակությունը չի ձևավորվում օրենքներով միայն․ այն ձևավորվում է սրտերի անտեսանելի պայմանագրով։ Երբ մարդը հավատարիմ է իր ներսի ճշմարտությանը, աշխարհը դառնում է մի փոքր ավելի արդար, մի փոքր ավելի լուսավոր։
Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ