Սպիտակ տունը նախատեսում է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հնարավոր եռակողմ հանդիպում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որպես տասնամյակներ տևած պատերազմին վերջ դնելու բանակցությունների հաջորդ քայլ՝ գրում է Politico-ն՝ հղում անելով Դոնալդ Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրներին:               
 

Շիրակ աշխարհում ծնված արտիստը օգոստոսի 13-ին կդառնար 82 տարեկան

Շիրակ աշխարհում ծնված արտիստը օգոստոսի 13-ին կդառնար 82 տարեկան
14.08.2025 | 11:46

Նա ապրեց ընդամենը 69 տարի: Սակայն նրա ժառանգությունն ապրում է։ Եվ բնավ անհրաժեշտություն չկա Ազատ Գասպարյանի ստեղծագործական կյանքի էջերը մեկ առ մեկ հիշատակելու: Բավական է միայն նշել, որ նա միայն հիսունից ավելի՝ մեկը մյուսից տարբեր կերպարներ է խաղացել կինոյում, բազմաթիվ դերեր է կերտել թատրոնում և Հեռուստաթատրոնում:

Հնարավոր չէ մոռանալ «Երջանկության մեխանիկա» ֆիլմում նրա կերտած կերպարը` սովորական կյանքից ու կենցաղից վեր կանգնած, ամենուր մարդկայինը փնտրող ու գնահատող , ոգեղեն, իդեալիստական աշխարհայացքի կրող երիտասարդ հայ մարդուն, ում համար ամենից առաջ կարևոր են կյանքի ոչ նյութեղեն արժեքները, հիրավի պակասող որակներ այսօրվա աշխարհում:

Այս ամբողջի շարքում ժողովուրդը Ազատ Գասպարյան-արտիստին ընդմիշտ հիշեց ու իր սրտում պահեց նրա խաղացած Չարենցով:

Եվ դա Ֆրունզե Դովլաթյանի «Երկունք» ֆիլմն էր:

Հետո էլ մեծ Պոետին մարմնավորեց նաև Հեռուստաթատրոնում՝ բեմադրող ռեժիսոր Կառլեն Վարժապետյանի «Երկիր Նաիրի» հեռուստաներկայացման մեջ:

Տեղին է հիշել կինոգետ, գրող Դավիթ Մուրադյանի հարցազրույցներից մեկի ժամանակ արտիստի մասին ասած այս խոսքերը.

ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱն - «Ազատը սովորական մարդկանց պես փողոցով քայլում էր, ապրում իր ժողովրդի կյանքով ու հոգսերով... Ազատ Գասպարյանին դիտելով, «Երջանկության մեխանիկա» ֆիլմի Ռուբենի կերպարից սկսած մինչև «Մեր մանկության տանգոյի» միլիցիոներ Մեսրոպն ու «Ուրախ ավտոբուսի» Գառնիկը, համոզվում ենք, որ նա այդպես էլ չխաղաց, այլ ուղղակի ապրեց այդ դերերը:

Մի անգամ միայն մի դեր խաղաց, որ ամբողջովին իր դեմ էր` 1937 թվականի դահճամարդը ` «Կարոտ» ֆիլմում: Այդ դերն ապտակ էր այդ ժամանակներին ու այդ մարդակերպ գազաններին: Նա ապտակեց: Իսկ այն հերոսը, որ ուներ իր մեջ, Չարենցով արտահայտեց: Չարենցն ամբողջ կյանքի առանցքն էր: Հարաշալի էր Չարենց արտասանում: Հիմա մենք մեծ պոետի բանաստեղծությունները նախ և առաջ Ազատի ձայնով ենք պատկերացնում: Կարդում ենք Չարենց, ու Ազատի ձայնն է հնչում մեր ականջներում: Այդպես է լինելու երկար ժամանակ: Սերունդներն էլ նրան այդպես են ճանաչելու և ընկալելու: Չարենցին Ազատ Գասպարյանով են ճանաչելու:

Ազատ Գասպարյանը մեր կինոյի ամենահավաստի դերասաններից էր: Էությամբ թատրոնի արտիստ էր և կինոյում թատերական էր մինչև այն աստիճան, երբ կինոն արվեստ է ու չի դառնում կյանքի ստրուկը: Որովհետև կյանքի մեխանիկական շարունակությունը կինոն ստրկացնում ու արժեզրկում է, դարձնում այն կյանքի կցորդը, կյանքի կրկնօրինակն ու նույնական պատճենը: Եվ միայն արտիստի ոգին է, որ կյանքի ճշմարտությունը դարձնում է ավելի ճշմարտացի»:

Հիրավի դիպուկ բնութագիր, որի դրսևորումը ժողովուրդը պիտի տեսներ նաև Հեռուստաթատրոնի մեր մյուս Վարպետի՝ բեմադրող ռեժիսոր Հերբերտ Գասպարյանի ստեղծած ՝ Ագաթա Քրիստիի «Էնդհաուզի առեղծվածը» հեռուստատեսային ֆիլմում, որտեղ Ազատ Գասպարյանը փայլուն մարմնավորեց բելգիացի մասնավոր խուզարկու Էրքյուլ Պուարոյի կերպարը, և արվեստի աշխարհը տեսավ ուրի՛շ Ազատ Գասպարյան-արտիստի, ով շարունակ բացահայտվում էր նորովի և կարող էր զարդարել նաև եվրոպական կինոէկրանը:

1988-89 թվականներին ծանր, բարդ ժամանակներ էին հայ ազգի համար. երկրաշարժի չհաղթահարված ցավի, մի կողմից էլ Արցախյան շարժման հետ կապված պայքարի մթնոլորտում Հեռուստաթատրոնի վարպետները շարունակում էին ստեղծագործել: Եվ ահա Հերբերտ Գասպարյանի նախաձեռնությամբ և մեր արվեստագետների շնորհիվ բեմադրվում է Ագաթա Քրիստիի «Էնդհաուզի առեղծվածը» (ներկայացմամ հղումը՝ Հ,Գ.-ում), որի նկարահանումները պետք է իրականանային Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում:

Հեռուստաթատրոնն առաջին անգամ հեռուստաներկայացում ստեղծեց երկրի սահմաններից դուրս գնալով:

Ներկայացնում եմ բեմադրող ռեժիսոր Հերբերտ Գասպարյանի հիշողություններից մի դրվագ, որտեղ դրսևորվել է նաև Ազատ Գասպարյան- արվեստակից ընկերն ու Մարդը.

ՀԵՐԲԵՐՏ ԳԱՍՊԱՐՅԱՆ- «Արդեն վերադարձել էինք նկարահանումներից: Մոնտաժային աշխատանքները կատարելիս պահանջվեց կրկնակի նկարահանում։

Իսկ սա նշանակում էր, որ պետք է երկրորդ անգամ մեկնեինք Տալլին՝ Էրքյուլ Պուարոյի և Հաստինգսի տեսարանը նորից նկարահանելու: Ազատ Գասպարյանն ու Վիգեն Ստեփանյանն այնքան էին գնահատում իրենց աշխատանքը, որ սիրով նորից մեկնեցին ինձ հետ։ Նրանք մարդիկ են, որոնց համար ամենից առաջ կարևոր էր գործը մինչև վերջ լիարժեք հասցնելը»:

Այսպիսին էր Ազատ Գասպարյանը: Այսօր, երբ նրա արվեստակից ընկերների հետ խոսում ենք արտիստի մասին, մեր աչքի առաջ տեսնում ենք այն պայծառ արվեստագետին, ով հրաշալի ասմունքող էր, ապրում էր հայ պոեզիայով... և ինչպե՜ս էր երգում մեր ազգային երգերը` իրեն բնորոշ յուրահատուկ տեմբրով ու ձայնով Նա ապրեց արվեստին նվիրումով ու մեր ազգային կյանքում, մշակութային դաշտում տեղի ունեցող մեր ազգային հոգևոր նկարագրին ոչ հարիր երևույթների հանդեպ իր մարտնչող տեսակով, ըմբոստ ոգով: Եվ իր զրույցներում միշտ ասում էր.

- Ինչպե՞ս անել, որ անբարիշտությունը փոխվի բարեկամության, հարազատների հոգածության, մեկս մեկի համար դողալու, ատելությունը՝ սիրո, ծուլությունը՝ աշխատանքի: Իմ տագնապները մի վայրկյանում կփոխվեն, երբ աշխատանք լինի բոլորիս համար, ամեն հայի օջախում ճրագը վառ լինի և աշխատանքի երգը անպակաս լինի: Որ իշխանավորն իրեն ժամանակավոր համարի, որ թագավորը ամենատես լինի, և հայ մարդը անանձնական սիրով ստեղծագործի ու արարի իր երգը, իր գործը և աղոթքը մեր՝ «Տեր, կեցցո՛ զՀայս», ելնի առ Աստված, բարեխոս լինի:

Որքա՜ն ենք այսօր զգում Ձեր պակասը, սիրելի ՎԱՐՊԵՏ ԱԶԱՏ ԳԱՍՊԱՐՅԱՆ:

Շնորհավոր Ձեր տարեդարձը:

Միշտ կմնաք մեր սրտում:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ.

Հղումը՝

https://youtu.be/6tNBgzlOeMM?si=0f1_gT8yE_R0DvUq

Դիտվել է՝ 1426

Մեկնաբանություններ