Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Բայց արդեն սաստել է պետք այս հոգևորականին»

«Բայց արդեն սաստել է պետք այս հոգևորականին»
21.06.2016 | 00:31

Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի մուտքը Հայաստան թույլ չտալու համար և ընդդեմ Աթեշյանի այցի մեկնարկել է ստորագրահավաք, ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի նախաձեռնությամբ այդ ստորագրահավաքին է միացել ԱԺ 28 պատգամավոր: Թուրքագետ ՄԽԻԹԱՐ ՆԱԶԱՐՅԱՆԻՑ հետաքրքրվեցինք` ինչպե՞ս է գնահատում ստեղծված իրավիճակը և կո՞ղմ է արդյոք Աթեշյանի այցը կանխող կտրուկ քայլերին:

-Առհասարակ կտրուկ քայլերին կողմ եմ, մանավանդ եթե խնդիրը հեռահար վտանգներ է պարունակում: Ժամանակակից դարում, երբ կյանքը արագացել է, երբ իրադարձությունները զարգանում են գերարագ տեմպերով, իրավիճակները փոխվում են սրընթաց, կտրուկ քայլերը մնում են որպես համարժեք արձագանքի արդյունավետ միջոցներ: Երբ խնդիրը խիստ մտահոգող է, իսկ վտանգը՝ հասունացող, դանդաղաքայլ մեթոդները կարող են լինել ուշացած, հետևաբար և՝ ճակատագրական:
-Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Աթեշյանի նամակը և, առհասարակ, որդեգրած քաղաքականությունը:
-Աթեշյանի այցը և դրան նախորդած իր նամակը Էրդողանին համարում եմ խիստ անհանգստացնող երևույթ, որը, եթե կտրուկ ձևով չկասեցվի, ձևավորված նախադեպի ուժով «նոր ավերածություններ» կգործի համահայկական պայքարի միասնության մեջ: Նախ նշեմ, որ Աթեշյանը, փաստորեն, չի ընտրվել, այլ հանգամանքների բերումով բազմել է պատրիարքի աթոռին: Պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը, հիվանդության պատճառով անդամալույծ է՝ զուրկ խոսելու և գործելու ընդունակությունից, և ահա Պոլսի պատրիարքական ընդհանուր փոխանորդի կարգավիճակում Արամ արքեպիսկոպոսն է հոգևոր առաջնորդություն անում: Բայց արդեն սաստել է պետք այս հոգևորականին, քանի որ ժամանակին, երբ Ֆրանսիայի խորհրդարանում քննարկվում էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, նա դարձյալ հանդես էր եկել դատապարտող հայտարարությամբ՝ ֆրանսիացի օրենսդիրների նախաձեռնությունը անվանելով «սխալ քայլ»: Սա ցույց է տալիս, որ հետագայում նա ավելի մեծ վնաս է պատրաստ լինելու հասցնել մեր պահանջատիրությանը իր թուրքահաճո գործելաոճով:
-Աթեշյանի նամակը քաղաքական հայտարարություն էր: Եթե Աթեշյանի այցը արգելվի, սա կլինի քաղաքակա՞ն պատասխան: Եվ եթե նամակը պարտադրված է, կարելի՞ է ասել, որ բողոքի ակցիան կլինի Թուրքիայի դեմ, ոչ միայն Աթեշյանի:
-Հանրության բողոքի ձայնից բացի, կողմնակից եմ նաև հակաաթեշյանական այս պայքարին ներարկել նաև քաղաքական բովանդակություն, քանի որ Էրդողանին ուղղված նրա նամակը նույնպես քաղաքական գործելաոճի տիրույթում է: Այդ իմաստով տեղին եմ համարում ԱԺ-ում նախաձեռնված ստորագրահավաքը: Հուսանք՝ նպատակին կծառայի: Բոյկոտել Աթեշյանի այցը կնշանակի, որ չենք հանդուրժում թուրքական իշխանությունների դրածոյին, որի շուրթերից պիտի հնչեն պաշտոնական Անկարայի թեզերը: Պիտի նկատել, որ Աթեշյանի գործողությունները լրջորեն հեղինակազրկում են մեր Հայ դատի միջազգային պայքարը, որի համար մենք հատուցում ենք արտաքին ճակատի ձախողումներով: Ոչ ոք չի պահանջում Աթեշյանից երևանակենտրոն հայտարարություններ անել: Հասկանալի են Անկարայի բռունցքի տակ գտնվելու հանգամանքները, բայց հենց այստեղ է, որ առաջնորդի հմտությամբ հավասարակշռված մոտեցում է հարկավոր պահպանել, ինչը նրանում չենք տեսնում:
-Կար կարծիք, որ Աթեշյանը նամակը գրել է հանուն հայ համայնքի, վերահաս վտանգները կանխելու համար: Ի՞նչ կասեք այս մասին:
-Վստահաբար կարելի է պնդել, որ Աթեշյանը նման կերպ չի վարվել՝ ի շահ հայ համայնքի, քանի որ անցյալի դառը փորձից ու ներկայի կրկին դառը իրողությունից տեսնում ենք, որ պետական մակարդակով սպառնալիքները չեն դադարում: Կրկին խոսվում է էմիգրանտ հայերին արտաքսելու մասին: Դե, եթե երկրի առաջին դեմքն է այդպես խոսում, նշանակում է՝ թափանցիկ ակնարկ է անում ազգայնամոլական տարրերին՝ նորից թեժացնել հայատյաց տրամադրությունները: Աթեշյանի նամակը արհեստականորեն հայ համայնքին խղճալի, ողորմելի դրության մեջ դնելու փորձ է: Ըստ իս՝ նրա շարժառիթը բացառապես անձնական է: Նա հերթական լավ առիթն ուզում է օգտագործել Էրդողանին հաճոյանալու համար, քանի որ առջևում դեռ պատրիարքական ընտրություններ պիտի լինեն: Անձնական շահը պահանջում է իշխանությունների համակրանքը շահել:


Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 2233

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ