Վերջին օրերի լրահոսում մի տեսակ լղոզվեց և որոշակիորեն անդրադարձ չեղավ կառավարության վերջին նիստում ընդունված մի օրինագծի, որով հերթական «բարեփոխումն» էր կատարվում։ Մասնավորապես, կառավարության վերջին նիստում հավանություն տրվեց մի նախագծի, ըստ որի՝ վարորդների 9 տուգանային բալային համակարգից անցում է կատարվում 13 տուգանային միավորի համակարգի (ասեմ, որ փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2025թ. մայիսի 1-ից):
Առաջին հայացքից թվում է, թե կառավարությունը փորձում է մեղմել վարորդների վրա դրված այդ քերման համակարգը, սակայն Նիկոլն ու իր թիմը չէին լինի իրենց ամպլուայի մեջ, եթե դավաճանեին սեփական հակապետական գործելաոճին։
Բացատրեմ։
Իրականում այս ամենն արվում է մարդկանց ավելի շատ տուգանելու նպատակով, այսինքն, մարդը շատ տուգանվում է, բայց վարորդական իրավունքից փաստացի չի զրկվում։ Թվում է, թե լավություն են անում և հենց այդ սոուսով էլ «ծախում» քաղաքացիների վրա, բայց իրականում «տուգանքի մատերիալ» շարքի հերթական օպերացիայի հետ գործ ունենք։
Ի դեպ, որոշ վարորդներ նշում են, որ վերջին շրջանում նոր ակտեր են եկել, որոնք նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբերին են եղել, դրանք շատ թեթև և մանր խախտումներ են, սակայն ֆիքսվել են և ակտերով ուղարկվել մարդկանց․ այսինքն, ընկել են մանրուքների հետևից՝ միայն թե ամեն կերպ մարդկանց տուգանեն և բյուջեն լցնեն։
Ըստ էության, այստեղ գործ ունենք նախընտրական հերթական կաշառքի հետ, որով մարդկանց աչքալուսանք են անում, բայց գեղեցիկ ձևով մտնում են նրանց գրպանը՝ շատ հետաքրքիր ձևակերպումներով։ Մարդիկ ուրախանում են, խորը չեն վերլուծում, թե ինչ թալան են անում օրվա կառավարիչները․ նախ՝ բալ է հանվում, ինչի դիմաց դու գումար ես վճարում։ Իշխանություններն ընկել են քաղաքացիների հետևից, քանի որ նման մեխանիզմների արդյունքում տասնյակ միլիոնավոր դոլաներ են մտնում և բյուջե և իրենց սեփական գրպանը։
Այսօր ՀՀ-ում կա մոտ 900 հազար ավտոմեքենա, պատկերացրեք՝ օրական ինչքան խախտումներ են լինում. ահա այս ամենը թղթի վրա ունենալով՝ իշխանությունները որոշել են ոչ թե մարդուն զրկել վարորդական իրավունքից, այլ ուղղակի երկարացնել տուգանվելու գործընթացը, միաժամանակ այս ամենը, «մարդկանց մասին մտածելու» փաթեթավորմամբ, հրամցնում են հանրությանը։
Այնպես որ, սիրելի վարորդներ, ձեր նյարդային համակարգը պինդ պահեք, որովհետև, անգամ ամենափոքր խախտում անելու դեպքում, դուք տուգանվելու եք․ դուք ամբողջովին կենտրոնանալու եք բալից չզրկվելու վրա, իսկ ամսվա կտրվածքով հազարավոր դրամներ են դուրս գալու ձեր սեփական բյուջեից՝ ուղղվելով նիկոլենց գրպանը։
Արմեն Հովասափյան