Վերջին մի քանի սերունդները երևի լավ հիշում են, թե ինչպես էին ետ բերում Մուշը, Սասունը, Վանը, Կարսն ու Արարատի լանջերին քոչարի պարում։ Հիշում են, թե ինչպես էին Ստամբուլն արյանծով սարքում։ Հետո հերթը հասավ Բաքվին` Ապշերոնում հայկական կոնյակ էին խմում և լողանում Կասպից ծովում...
Հիմա էլ արդեն Արցախն են ետ բերում։ Ու այս բոլորը միայն խոսքով, ճառերով, իրենք իրենց և բոլորին խաբելով ու հիմարացնելով։
Հարգելի հայրենակիցներ, սիրելի արցախցիներ, սրանք բոլորը փչոցներ ու հոխորտանքներ են, իրականության հետ ոչ մի աղերս չունեցող ճամարտակություններ։ Եթե միամիտ, խեղճ ու կրակ մեր հայրենակիցներն են անսահման ցավ ու կարոտից ասում` «մենք կրկին Արցախ ենք գնալու, մեր տուն ենք գնալու», բոլորս հասկանում ենք, որ մարդիկ դեռ դաժան իրականության և իրենց երազանքների աշխարհների խաչուղիներում են ու ամեն կերպ ուզում են հավատալ, որ այդպես էլ լինելու է։ Բայց երբ քաղաքական դեմքերը կամ իրենց քաղաքական գործիչ համարողներն են բարբաջում Արցախը վերադարձնելու, հազարամյակների մեր բնօրրան հայրենի լեռնաշխարհ վերադառնալու մասին, սրանց ուղղված ամենամեղմ բառն անննասունն է, որովհետև միայն ստահակը, խաբեբան կարող է հազարավոր մարդկանց այդպես ստորաբար խաբել։
Գուցե ոմանց թվում է, թե այդ ձևով սրանք հույս են տալիս տնավեր, իրենց ողջ կյանքը, կարողությունները, ամեն, ամեն ինչ սահմանի հակառակ կողմում թողած մարդկանց։ Բայց ոչ, դա այդպես չէ։ Հույս են տալիս հիվանդին, մահամերձին, բայց միաժամանակ ամեն ինչ անում են, որպեսզի իրականություն դարձնեն իրենց ասածն ու փրկեն նրանց։ Իսկ սրանք դիտմամբ խաբում են, ամենաստոր ձևով ստում են` կոնկրետ ոչ մի միլիմետր գործ չանելով։
Ու սրանք Արցախը «ետ են բերելու» այնպես, ինչպես իրենց հայրերն ու պապերը ետ են բերել Մուշն ու Սասունը։ Ինչպես նրանք, որոնք հազարներով հոխորտում էին, թե «հող հանձնողին կհանձնենք հողին», «մենք ենք տերը մեր երկրի»։ Բա ու՞ր են հիմա այդ հողին հանձնողները, երկրի տերերն այդ ու՞ր են, երբ առնվազն յոթ տարի է անտեր է երկիրը։
Հայ ժողովրդի պատմության ողջ ընթացքում հայը թուրքից հող է ազատագրել միայն Արցախյան պատերազմում։ Հերոսական Սարդարապատն անգամ չի կարող համեմատվել վերջինիս հետ, որովհետև Սարդարապատում Արևմտյան Հայաստան, Արևելյան Հայաստանի հսկայական տարածքներ կորցրած հայն ընդամենը կարողացել է փոքրիկ, ափաչափ մի հողակտորում, իր վերջին տան շեմին կանգնեցնել թշնամուն։ Սարդարապատում հայը հող չի ազատագրել թշնամուց։
Ու մեր ողջ պատմության եզակի ու իրական հաղթանակը նույն հայն իր ձեռքով փոշիացրեց, դժբախտություն ու ողբերգություն դարձրեց, որպեսզի հետո ողբա, ինչպես իր ողջ պատմության ընթացքում է ողբ ու սուգ արել, մեղադրել ուրիշներին, բայց ոչ երբեք ամենամեծ մեղավորին` իրեն։
Այնպես որ, քանի հայը երբեք դասեր չի քաղում իր պատմությունից ու մենք միշտ կրկնում ենք նախկին սխալները, մեզ համար պատմությունը միշտ կրկնվում է։
Ու այսօր` առավել ևս։ Այդ ո՞վ պիտի գնա հայի համար կռիվ տա թշնամու հետ և Արցախն ազատագրի։ Այդպիսի ոչ մի երկիր ու ազգ մոլորակի վրա չկա։ Հայն ի՞նքը, երբ այնքան թույլ, անինքնասեր ու անճարակ է, որ յոթ տարի է հոշոտվում է մի թրքոտճիվաղի կողմից ու ձեն-ծպտուն չի հանում...
Երազանքների եթերային աշխարհներից իջեք իրական կյանք ու մտածեք, թե ինչպես դիմագրավեք Չարին ու ինչպես ոչ ևս անեք ձեզ հոշոտող, ձեր կյանքը դժոխք դարձնող Հրեշին։
Վարդգես ՕՎՅԱՆ