Հա‘յր, սովորեցրու մեզ պայքարել անարդարության դեմ։
Տե‘ր, տուր մեզ հնարավորություն օգտվել ի վերուստ տրված Քո պարգևից` արդարությունից։
Եվ թույլ մի տուր ընկճվել արդարության պակասից, հովանավորիր առողջ միտքս, որ կարողանամ պայքարել`
Հանուն ճշմարտության, կեղծիքի դեմ,
Հանուն բարու, չարի դեմ,
Հանուն գեղեցիկի, տգեղի դեմ և
Հանուն արդարության, անարդարի դեմ։
Ամեն։
Գրիգոր Տաթևացին, հենվելով աստվածաշնչյան պատկերացումների, վարդապետների ու իմաստասերների մտքերի վրա, գալիս է այն եզրահանգման, որ մարդն իր կյանքի ընթացքում համբերությամբ տանում է այս աշխարհի անարդարությունները, որովհետև հավատում է Աստծո արդար դատաստանին, համոզված է, որ չարագործները, անարդարներն ու մեղավորները անպայման կպատժվեն Ահեղ դատաստանի օրը, որովհետև Աստվածաշնչում այս մասին շատ պարզ գրված է.
«Սիրեցե՛ք արդարությունը, երկրի՛ դատավորներ։ Բարի՛ խորհեցեք Տիրոջ մասին և պարզ սրտով փնտրեցե՛ք նրան։ Աստված պիտի գտնի նրանց, ովքեր չեն փորձում նրան, և պիտի երևա նրանց, ովքեր թերահավատ չեն նրա նկատմամբ։ Արդարև, անիրավ խորհուրդները բաժանում են մարդուն Աստծուց, իսկ իր զորությունը փորձելու համար Աստված հանդիմանում է անզգամներին։ Իմաստությունը չի մտնի չարանենգ անձի մեջ և ոչ էլ կբնակվի այն մարմնի մեջ, որ մեղք է գործում» (Իմաստություն Սողոմոնի 1:1-4) :
Ահա՛ այսպես է Տաթևացին ներկայացնում արդարության մասին իր պատկերացումներն ու երանի տալիս այն օրվան, երբ արդարությունը վերջնականապես կտիրի աշխարհում, ու ամենքը հնարավորություն կունենան ապրելու խաղաղության և ապահովության մեջ (մեջբերումը` Քահանա. am կայքից):
Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ