Տե’ր, այս պահքային շրջանցում դժվար է ամեն օր գրել սեփական մտքեր, լիովին ազատ արտահայտվելով, կիսվելով մարդկային ապրումներով, որոնց մասին բաց երբեմն չես արտահայտվի, որովհետև դրանք անցողիկ բաներ են։
Խոսքը ծանրագույն մեղքերի մասին չէ, այլ մարդկային զգացմունքների, որոնք բռնկվելու դեպքում վատ են անդրադառնում հարաբերություններում։
Խոստովանում եմ, ամեն օր հենց յուրայինների հետ է դժվար պահել հարաբերական հոգեկան անդորր, կամ հանգիստ հոգեվիճակ, չտրվելով մարդկանց էմոցիոնալ բռնկումներին։
Գիտակցում եմ նաև, որ միջնադարում չենք ու ինֆորմացիայի շատությունից մարդկանց հոգեվիճակն էլ է ալեկոծվող։
Դե արի ու 9 բալանոց ալիքի տակ մի ընկիր։ Ո՞նց։
Օրինակ՝ կլինի կենցաղային, թե քաղաքական զրույցներում խոսք ու վեճ։
Ոմանք իրենց հույզերով են ցանկանում կիսվել, շատերի մոտ նկատվում է վիրավորանք, նեղվածություն ոչ միայն երկրում տիրող իրավիճակից, այլ նաև ու հատկապես ընտանիքների, հարևանների, ընկերների միջև։ ՈՒզում են խոսել, հետդ կիսվել։ Դա բուռն էմոցիաներով են անում։
Սաստե՞ս։
Բայց, կստացվի՞։
Բա որ հիմա էլ քեզնից նեղանա՞ն։
Երբ սուր քննարկումից խուսափել չի ստացվում, ստիպված լսում ես նեղսրտած մարդուն, որի խոսքը կարող է գնալ, գնալ ու հասնել անեծքի նրա նկատմամբ ում մասին զրուցակիցդ պատմում էր։
Որոշ դեպքերում էլ զրուցակիցդ կարող է արտահայտել իր ԵՍ - ն ու պնդել իր ճիշտը։
Հլա մի ու փորձիր հակառակել։
Մտքումդ ինքդ քեզ ասում ես.
«Ես ի՞նչ կապ ունեմ այդ ամենի հետ»:
Նրան ընդհատես, կարող է նոր վեճ բացվի ու արդեն քեզ վիրավորեն, կամ նախատեն, մեղադրեն չեղած բաներում։
Այստեղ է, որ հիշում ես հայտնի խոսքերը` մեռոնի մեջ թույն լցնելու մասին ․․․
Այս 37 պահքային օրերին, խոստովանում եմ․ չի ստացվել նման դեպքերից առանց բորբոքվելու, կամ վիրավորվելու դուրս գալ։
Ես նման բաները դժվարությամբ եմ գրում, որովհետև դժվար է արտահայտվել սեփական մտքերի մասին, երբ տարիներով լրագրող ես ու սովորել ես գրել չոր ինֆորմացիա, գլոբալ խնդիրներ վերհանել ու դրանց լուծումներ տալ։ Իսկ հիմա որոշել ես քրիստոնեության էությունդ տարվա մեջ պահքային շրջանով առողջացնել, հետն էլ դրանով վարակել ընթերցողիդ։
Հա ու մի բան էլ «լավաշ» տեքստ չգրելով հասկացված լինել։
Ցավում եմ, բայց պահքը ընդունող ու հասկացող մարդիկ քիչ են։ Կա ձևականություն, կա ուտելիքի նկատմամբ կեղծ պահքապահություն, բայց խորիմաստությունը պակասում է։
Տե’ր, ուզում եմ ազնիվ, հանգիստ, ուրախ, բարյացակամ, երջանիկ յուրայիններով շրջապատված լինեմ։
Չեմ ցանկանում լավս մեռնելու աստիճան ուզողների շրջապատ ունենալ։
ՈՒզում եմ, որ քրիստոնյա լինելը հայը գիտակցի, որպես մաքրության ապրելակերպ. մտքի, գործողությունների, վերաբերմունքի։
Շատ մի համարի խնդրանքս, լսելի դարձրու աղոթքս առ բորբոքվող, հունից դուրս եկող, հոգեպես անհավասարակշիռ մարդկանց։ Պարգևիր նրանց հոգու ու մտքի, գործողությունների ու գիտակցության շնորհք։
ՈՒ թող աստվածային ՍԵՐ-ը իրապես բուժի մարդկային հոգին։
Ներիր ինձ Արարիչ, խոհեմ դարձրու, ուժ ու համբերություն տուր այս պահքային շրջանի փորձությունների ճանապարհին դադար չտամ ու հասնեմ եզրակետին։
Ամե՜ն:
Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ