ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Աշխարհաքաղաքականության մեջ փոքրիկ վրիպումներն անգամ կարող են հանգեցնել մեծ կորուստների

Աշխարհաքաղաքականության մեջ փոքրիկ վրիպումներն անգամ կարող են հանգեցնել մեծ կորուստների
17.04.2025 | 11:01

Այսօր տարբեր տեղերում հնչում է այն միտքը, որ Մինսկի համաձայնությունների ժամանակ Անգելա Մերկելը և նրան օգնող Օլանդն ու Պորոշենկոն, փաստորեն, խաբեցին Պուտինին՝ դրանով իսկ շահելով ժամանակ Ուկրաինային նախապատրաստելու և զինելու համար։

Այսինքն, նրանց նպատակը երբեք խաղաղության ձգտումը չի եղել, այլ Ռուսաստանի դեմ միջնորդավորված պատերազմին նախապատրաստվելը, որի մասին և՛ Մերկելը, և՛ մյուսները հետագայում խոստովանել են։

Եվ այստեղ մի բնական հարց է առաջանում, թե Պուտինի նման բարձր ինտելեկտը, լինելով զգուշ ու հեռատես մարդ, ինչպե՞ս կարողացավ հավատալ այդ ամենին, այն էլ այն դեպքում, երբ ինքն իր բոլոր խաղաքարտերը բացել էր դեռևս Մյունխենում ունեցած հայտնի ելույթում։

Հավանական է թվում, որ այն փաստաթղթին «հավատալը», որի նախապատրաստմանը Պուտինն ինքը ակտիվ մասնակցություն էր ունեցել, պայմանավորված էր ուրիշ հանգամանքով, այն, որ ինքն էլ նախապատրաստության կարիք ուներ։

Այս ամենի ֆոնին առաջ են գալիս տարբեր տեսակի հարցեր, որոնք իրադարձությունների ընթացքը հասկանալու համար պատասխաններ են ուզում։

Նախ, ինչո՞վ էր զբաղված Կիևում Ռուսաստանի երկարամյա դեսպան Չեռնոմիրդինը իր ծառայության ընթացքում, որի աֆորիզմներն ու անեկդոտները լայն տարածում ունեին, և որի ժամանակ տեղի ունեցավ ուկրաինական հասարակության հակառուսականության կտրուկ աճ։

Եվ դրա հետ կապված մի այլ հարց ևս՝ աչքի առաջ ունենալով Դոնբասի երկարամյա ռմբակոծումները ուկրաինական կողմից, այն ի՞նչն էր, որ ստիպում էր ռուսներին հավատալ, թե 2022-ի փետրվարին սկսած իրենց հատուկ գործողությունը կարող է արագ հաջողության բերել։

Ի՞նչն էր նաև այն բանի պատճառը, որ ուկրաինացիների կողմից ատելության հասնող հակառուսականության երևույթը, իր հիմնավոր և օբյեկտիվ գնահատականը չունենալու հետևանքով, հետագայում մեծ կորուստների պատճառ դարձավ։

Այնինչ, այդ ատելությունն ակնհայտ փաստ էր դեռևս խորհրդային տարիներին, այդ թվում նաև՝ ինձ համար, քանի որ բազմաթիվ աշխատանքային ընկերներ ունեի և՛ Ռուսաստանում, և՛ Կիևում, և՛ Օդեսայում ու, հատկապես, Լվովում։

Աշխարհաքաղաքականության մեջ փոքրիկ վրիպումներն անգամ կարող են բերել մեծ կորուստների։

Իսկ խորհրդային ժամանակներից ռուսների մոտ մնացած այն համոզումը, թե «մեզնից ու՞ր պետք է փախչեն», դեռևս կարող է բազմատեսակ արջի ծառայություններ մատուցել հենց ռուսներին։

Հ.Գ․ Ես ինքս, անկախ վերևում գրվածից և ելնելով «անճարը կերել է բանջարը» սկզբունքից, սկզբունքորեն ունեմ ռուսական կողմնորոշում, այն էլ՝ հիմնված չոր հաշվարկի վրա։ Այստեղ սիրել-չսիրելու հարց չկա, կա միայն ապրել-չապրելու հարց։ Իսկ ապրել բոլորն են ուզում, անկախ նրանից՝ մտածելու գործում հիմնականը գլխուղե՞ղն է, թե՞ ողնուղեղը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2023

Մեկնաբանություններ