Արթնանալ… ափ նետված նավաբեկյալի պես:
Խմել մի բաժակ քաղցր թեյ՝ հաց ու պանրով:
Սուզվել համակարգչի մեջ:
Աշխատանքդ ակամա ընդհատել
եւ աչքի անցկացնել լրահոսը, որ օրեցօր
առավել մղձավանջային ու հիստերիկ է դառնում:
Սանձել հիասթափությանդ գալարումը,-
իրատես լինել, բայց եւ մնալ նույն համառ երազողը:
Կամացուկ անիծել բախտդ, բարձրաձայն հայհոյել
ծախու եւ դավադիր իշխանություններին,-
խորհել՝ ինչպես ազատվել նզովյալ ուժից:
Հավատալ, որ դեռ ապրում ես:
Զարմանալ Աստծո տարօրինակ վարքով:
Լավատեսության համար լուսատտիկներ փնտրել
շուրջդ խտացող մշուշների մեջ:
Գրել ցավի ու երազի մասին:
Կարդալ Սուրբ գիրք եւ Չարենց
եւ հինհունական ողբերգություններից:
Շարունակ հիշել հեռացած բազում սիրելիներիդ
եւ քար հորիզոնից այնկողմ մարմրող երկիրդ:
Աղոթել տնանկների ու քշվածների համար:
Սրտնեղել սաստիկ, ապա հանգստացնել ինքդ քեզ
եւ դարձյալ կարդալ Սուրբ գիրք ու Չարենց:-
Քնելուց առաջ հիշել, որ վաղը կարող է
քեզ սասանել նոր դժբախտությամբ,
բայց եւ կարող է թեւավորել քեզ ավետիսով:
Չհուսալ, չգժվել,-
կարդալ Սուրբ գիրք եւ Չարենց
գիշերվա բայղուշ ժամերին:
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ