Ըստ Ասվածաշնչի գլխավոր մոլորեցնողը սատանան է․ «Եւ ընկաւ մեծ վիշապը՝ առաջին օձը, որ կոչւում է Բէեղզեբուղ եւ սատանայ եւ որ մոլորեցրեց ամբողջ աշխարհը. եւ նրա հետ ընկան նաեւ նրա հրեշտակները» (Յայտ․ 12։9)։
1․ Սատանան իր դիվային հոգևոր նպատակաուղղված գործունեությամբ փորձում է մարդուն շեղել Ճշմարտությունից՝ Քրիստոսից (Յովհ․ 14։6) և հեռացնել հոգու փրկությունից։
2․ Սատանան ուղղափառ հավատից շեղելու և մարդկանց կործանման տանող ճանապարհին օգտագործում է բոլոր հնարավոր գործիքները, այդ թվում, գործում է իր չար կամքը կատարողների միջոցով։
3․ Մոլորեցնողը իր չար գործն անում է ոչ թե բացահայտ ստի միջոցով, կամ չարիքով, այլ կիսաճշմարտությամբ, կեղծ բարիքով։
4․ Մոլորեցնողը երբեք հանդես չի գալիս հրեշի կերպարով, նա ինքն էլ լուսավոր հրեշտակի կերպարանք է ընդունում․ «Եւ դա զարմանալի բան չէ. քանզի ինքը՝ Սատանան էլ է կերպարանաւորւում որպէս լուսոյ հրեշտակ» (Բ Կորն․ 11:14)։
5․ Սատանայի պաշտոնյաների մասին Պողոս առաքյալը զգուշացնում է․ «Ուստի մեծ բան չէ, եթե նրա պաշտոնեաներն էլ արդարութեան պաշտօնեաների կերպարանք ընդունեն» (Բ Կորն․ 11։15)։
6․ Մոլորեցնողը հաճախ օգտագործում է քրիստոնեական բառապաշարը, բայց աղավաղում է դրա իմաստը։
7․ Մոլորեցնող նեռերի մասին Տերը զգուշացնում է. «Զգո՛յշ եղէք, գուցէ մէկը ձեզ խաբի. որովհետեւ շատերը կը գան իմ անունով ու կ՚ասեն, թէ՝ ես եմ Քրիստոսը. եւ շատերին կը մոլորեցնեն» (Մատթ․ 24։4-5)։
8․ Մոլորեցնող գայլերի մասին Տերը զգուշացնում է. «Զգո՛յշ եղէք սուտ մարգարէներից, որոնք մօտենում են ձեզ ոչխարների զգեստներով, բայց ներսից յափշտակող գայլեր են» (Մատթ․ 7։15)։ Նրանք խոսում է սիրուց, հանդուրժողականությունից և խաղաղությունից, բայց նպատակը հոգևոր հոշոտումն է և ճշմարիտ հավատի քայքայումը։
9․ Մոլորեցնողները ասում են այն, ինչ մարդկանց ականջին հաճելի է, քանի որ պետք է գա ժամանակ, երբ մարդիկ չպետք է ականջալուր լինեն ողջամիտ վարդապետությանը, այլ նրանք ականջները պիտի դարձնեն ճշմարտությունից ու պիտի մոլորվեն ու գնան առասպելների հետևից (Բ Տիմոթեոս 4:3-4)։
10․ Մոլորեցնողին կարելի է ճանաչել իր արածների հետևանքներից․ «Իրենց գործերի՛ց կը ճանաչէք նրանց. միթէ փշերից խաղող եւ տատասկից թուզ կը քաղե՞ն» (Մատթ․ 7։16)։ Մոլորեցնողը մեղքը ներկայացնում է որպես իրավունք կամ բնական վիճակ, ճշմարտությունը խառնում է ստի հետ, հարվածում է Եկեղեցուն և դավանանքին՝ օգտագործելով «լուսավոր» և «բարի» նպատակներ։
Սամվել դպիր ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ․Գ․
Աղոթք ընդդեմ մոլորության
Տե՛ր Հիսուս Քրիստոս, խնդրում եմ տու՛ր ինձ․
Սրտի խաղաղություն ու մաքրություն,
Մտքի սթափություն ու իմաստություն,
Հոգու անխռովություն ու խոնարհություն,
Ճշմարտության ձայնը լսելու կարողություն,
Սուտն ու կեղծիքը տարբերելու և մերժելու ունակություն,
Որպեսզի չմոլորվեմ, հափշտակող գայլերին չհավատամ, սատանայի լարած թակարդները չընկնեմ, այլ լսեմ միայն Քո՝ Բարի Հովվի ձայնը։ Ամեն: