«Եվրամիությունը մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 17-րդ փաթեթը և նոր սահմանափակումների ներդրումը համակարգում է ամերիկյան իշխանությունների հետ»,- Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Իր հերթին հանրապետական սենատոր Գրեհեմը հայտարարել է, որ ԱՄՆ-ի խորհրդարանի վերին պալատը կաջակցի «ջախջախիչ» պատժամիջոցների ներդրմանը, եթե Մոսկվան հրաժարվի դադարեցնել ՈՒկրաինայի դեմ պատերազմը։                
 

«Այսօր անհամեմատ հեշտացել է ասելն այն ամենը, ինչ մտածում ես, և շատացել են ասողները, լսողներն են քչացել»

«Այսօր անհամեմատ հեշտացել է ասելն այն ամենը, ինչ մտածում ես, և շատացել են ասողները, լսողներն են քչացել»
04.05.2018 | 18:47

«Իրատեսի» հյուրը բանաստեղծ, թարգմանիչ ԳԱԳԻԿ ԴԱՎԹՅԱՆՆ է:


-Պարոն Դավթյան, ի՞նչ դասեր տվեց մեզ ապրիլյան քաղաքացիական ընդվզումը:
-Առաջին կարևոր դասը, որից հետևություն անելով, տասնամյակներ կեղեքվող ժողովուրդը վերջապես ելավ ու թոթափեց իր հոգեբանության մեջ խոր արմատներ ձգած արատավոր այն անտարբերությունը, թե «սենց էլ որ մնա, լավ ա»:
Կատարվեց այն, ինչին շատ շատերի հետ միասին չէի սպասում նաև ինքս, և կատարվեց զարմանալի հեշտությամբ: ՈՒ՞մ մտքով կարող էր անցնել, որ առաջին օրերի քաղաքացիական սակավամարդ երթերը կարող էին վերաճել համազգային ընդվզման հուժկու ալիքների, ընդգրկելով նաև մերձավոր ու հեռավոր սփյուռքը՝ ի վերջո հանգեցնելով երկրի ղեկավարի հրաժարականին: Եվ երբ թվում էր, թե Ազգային ժողովի իշխող խմբակցությունը պիտի հետևեր իր առաջնորդի քայլին, դարձյալ կատարվեց անսպասելին: Խորհրդարանական մեծամասնությունը դիմեց անզիջում դիմադրության, մերժելով վարչապետի ժողովրդական թեկնածուին և, ըստ էության, ավելի խորացնելով անդունդը իշխանության ու ժողովրդի միջև: Եվ հիմա` վարչապետի ընտրության առաջին փուլի արդյունքում, ունենք երկփեղկված խորհրդարան՝ իշխանական լծակների գործադրմամբ պատգամավորական աթոռներին սոսնձված մեծամասնությամբ և հարյուրհազարավորների ձայնին ականջալուր ընդդիմադիր երեք խմբակցությամբ: Թե ինչպես կհանգուցալուծվի ներիշխանական ճգնաժամը, դժվար է գուշակել: Այն տպավորությունն է սակայն, թե իշխանական շահերի սպասարկու պատգամավորները այդպես էլ չեն կարողանում ըմբռնել գոնե այն դասերը, որոնց անտեսումը հանգեցրեց իրենց առաջնորդի դառը խոստովանությանը. «Ես սխալվեցի»:
Նրանք չեն ուզում հասկանալ, որ.
չի կարելի տասնամյակների ապաշնորհ քաղաքականությամբ, արտագաղթը խթանելով հանդերձ, ժողովրդի գլխի տակ դնել «4- միլիոնանոց երկրի» փափուկ բարձը:
Չի կարելի խոսել բանկերում մեկ տասնամյակում տասնապատկված ավանդների մասին, հստակ իմանալով, թե ում են պատկանում այդ ավանդները:
Չի կարելի տարփողել աննախադեպ տնտեսական աճի փչովի ցուցանիշները, որոնց սոցիալական հետևանքները չի զգում հանրությունը:
Չի կարելի լկտիաբար ծաղրել մարդկանց՝ աթոռի բարձունքից հայտարարելով, թե թանկացումները ազդեցություն չունեն կարտոֆիլ ուտող ժողովրդի վրա:
Չի կարելի տասնամյակներով պարտք մնալ սեփական ժողովրդին (խոսքս արժեզրկված ու սառեցված ավանդների «վերադարձի» անտրամաբանական ժամկետների մասին է) այն դեպքում, երբ անմիջապես գործի են դրվում տույժ-տուգանքների մեխանիզմները, երբ քաղաքացին է պարտք մնում իր պետությանը:
Հուսանք, որ «չի կարելի»-ների անվերջ շարունակելի այս դասերը օղ կանեն ականջներին թե՛ նրանք, ովքեր խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում կշարունակեն պաշտոնավարել, թե՛ այն նորերը, որ կհայտնվեն իշխանական լծակների մոտ:
-Ինչպե՞ս եք գնահատում ՀՀԿ-ական պատգամավորների հնչեցրած ապատեղեկությունը սահմանին տիրող լարվածության մասին՝ ԱԺ-ում վարչապետի ընտրության քննարկումների ժամանակ:
-Երեք տասնամյակ է արդեն, ինչ լարվածություն կա թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի սահմաններին, և մենք վաղուց ենք ընտելացել այդ իրավիճակին: Մեր ժողովուրդը գիտի նաև, որ լարվածությունը չի թուլանալու, քանի դեռ չի գտնված արցախյան հարցի տրամաբանական հանգուցալուծումը: Գիտի և պատրաստ է ցանկացած պահի արժանի պատասխան տալու դավադիր թշնամու ոտնձգություններին: Բայց ու՜ր էր, թե միայն սահմանների անվտանգության խնդիր ունենայինք լուծելու: Իսկ հոգեվարող տնտեսությու՞նը, իսկ գործազրկությու՞նը, իսկ թշվառության ճիրաններում թպրտացող ստվար զանգվածնե՞րը, իսկ մարդկանցից դատարկվող երկի՞րը, իսկ մոլեգնող անարդարությու՞նը… Առնվազն անբարոյականություն է այս և բազում խնդիրների համապատկերում սահմանին տիրող լարվածությամբ ահաբեկել արժանապատիվ կյանքի համար պայքարի ելած հարյուրհազարավորներին, մոռանալով, որ սահմանների անվտանգության երաշխավորները փողոց դուրս եկած այդ զանգվածներն են, ոչ թե այն 56 պատգամավորները, որոնք թքած ունեն նրանց կարծիքի վրա:

-Այս օրերի մասին քննարկում-մեկնաբանությունները կարող են մի քանի հարցազրույցի նյութ դառնալ, սակայն փորձենք գնալ դեպի արմատները՝ 1965-ի ազգային զարթոնքը, որի մասին ուշագրավ հիշատակություններ կան Ձեր և Պարույր Սևակի կապը ներկայացնող նյութերում: Կա՞ն բաներ, որ Սևակը բանավոր է փոխանցել Ձեզ՝ զգուշանալով ժամանակի հավատաքննիչներից:
-Նախ՝ ևս մեկ անգամ խոստովանենք, ընդգծելով, որ մեր ազգային զարթոնքը նախապատրաստած քչերի թվում գլխավորներից է եղել Սևակը: Վկա՝ իր ամբողջ ստեղծագործությունը: Հիշենք՝ Ցեղասպանության թեման կարմիր թելի պես անցնում է «Զանգակատանը» նախորդած իր երեք ժողովածուներում և ապա շարունակվում «Եվ այր մի Մաշտոց անուն» պոեմում, «Հարկ հոգեկան» շարքում և, իհարկե, «Եռաձայն պատարագում»: Վերջինը թեև լույս տեսավ բանաստեղծի մահից հետո, բայց գրվել է դրանից ավելի քան վեց տարի առաջ և պիտի տպագրվեր «Սովետական գրականություն» ամսագրի 1965-ի ապրիլյան համարում, սակայն վերջին պահին ցրվել է պատրաստի շարվածքը, ինչպես Դուք եք ասում՝ հավատաքննիչների թեթև ձեռքով: Այս խոստովանությունը կարևոր է հատկապես այն պատճառով, որ վերջերս երբեմն-երբեմն ասպարեզ են նետվում երկաթե ձվեր ածելու հավակնությամբ ժամկետանց գրաքննիչներ, որոնք ինքնահաստատման այլ ճանապարհ չգիտեն, քան մեծերի արած-դրածի պիտակավորումը: Այդպիսի մեկը, օրինակ, գրական կասկածելի կարողությունների տեր, բանաստեղծության մեջ ձախողված, արձակի դաշտերում քուջուջ անող մի թյուրիմացություն, հեղինակավոր մի հավաքի ժամանակ, որին հյուրեր կային նաև արտասահմանից, երկար-բարակ «բացատրելով», թե ինքը ցեղասպանության մասին ինչու չի գրում, իր իսկ ապաշնորհության մեղքը բարդեց Սևակի վրա՝ նրա պոեզիան համարելով ոչ ավելի, ոչ պակաս, քան… մազոխիզմի պոեզիա:
Գալով Ձեր հարցի էությանը, ասեմ, որ Սևակը, իմ տպավորությամբ, երբեք չի տառապել ո՛չ ավելորդ զգուշավորությամբ, ո՛չ էլ իր անձի շուրջ լեգենդներ հորինելու մարմաջով: 1965-ի զարթոնքի շրջանում ես դպրոցական էի Քաջարանում, և բանաստեղծը բանավոր որևէ բան փոխանցել ինձ չէր կարող: Մեր կապն այդ ընթացքում նամակագրական էր, և իր նամակներից մեկում, ի պատասխան իմ հարցի, նա հերքում է ապրիլյան ցույցերի օրերին իրեն, իբր, տնային կալանքի ենթարկելու մասին հանրապետությունում շրջանառության մեջ դրված լուրը. «Չեղած, և վախենամ էլ, չլինելիք բան: Ինձ հետ ոչինչ չի պատահել, սխալ լուր է ձեզ հասել»:
-Հիմա, երբ ունենք անկախ պետություն, արդյո՞ք ազատագրված ենք գրաքննության ախտից, արդյո՞ք անվտանգ է ասել այն, ինչ մտածում ես:
-Այսօր անհամեմատ հեշտացել է ասելն այն ամենը, ինչ մտածում ես: Եվ շատացել են ասողները: Լսողներն են քչացել: Քչացել են, որովհետև շատացել է սնախոսություն-բամբառակություն-գռեհկաբանությունը: Գրաքննություն, դասական իմաստով, չկա այսօր: Բայց խոսքի ազատությունն առավել պատասխանատվություն է ենթադրում, քան սանձարձակություն, որի ամենաայլանդակ դրսևորումներին հանդիպում ենք ամենուր, հատկապես հեռուստաէկրանին և սոցիալական ցանցերում:

-Դարձյալ անդրադառնանք Սևակին: Հիշում եք, թե ինչպես է նա քննադատել Քաջարանի լեռնագործներին՝ երկրի ընդերքն անխնա շահագործելու համար: Այսօր էլ այդ թեման հրատապ է մեզանում. ու՞ր կհասցնի հայրենի բնության նկատմամբ այսպիսի վերաբերմունքը:
-Ցավալի է խոստովանել, բայց մենք երբեք էլ մեր երկրի ընդերքի տերը չենք եղել: Խորհրդային տարիներին բավական էր 10-15 րոպե կանգ առներ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, անմիջապես աշխարհից կտրված Քաջարանում կհայտնվեր մոսկովյան պատվիրակությունը՝ առնվազն միութենական գունավոր մետալուրգիայի նախարարի գլխավորությամբ: Կոմբինատը պետք է աշխատեր գիշեր ու զօր: Պետք է աշխատեր, որպեսզի տնօրենը մնար իր աթոռին, շրջկոմի քարտուղարն ու գործկոմի նախագահը չզրկվեին իրենց գահույքից, որպեսզի հանրապետության ղեկավարներն արժանանային վերադաս մարմնավոր տերերի բարյացակամությանը։ Երկրի ընդերքը դատարկելուն ուղղված սոցիալիստական մրցության ժամանակներն էին՝ հանուն փոխանցիկ կարմիր դրոշների, շքանշանների և մեդալների: Ահա այդ մրցության դեմ էր Սևակի պոռթկումը. «Դուք, լեռնագործներդ, որ մեկ հնգամյակում երկու հնգամյակի պլան եք կատարում, ու՞ր եք շտապում, ո՞վ է ընկել ձեր հետևից: Հաշվե՞լ եք, թե քանի հնգամյակ է պետք, որ վերջնականապես դատարկվի էս երկրի ընդերքը: Եվ երբ վերջապես դատարկվի, ի՞նչ պիտի անեք, ի՞նչ պիտի ուտեք, ինչո՞վ պիտի հպարտանաք: Ձեր մեդալներով ու շքանշաններո՞վ»: Պլանայինից շուկայական տնտեսության անցման հետ ավելի վայրենացավ ընդերքի թալանը: Եվ հիմա ունենք այն, ինչ ունենք՝ թունավոր պոչամբարների վերածված երբեմնի գեղատեսիլ կիրճեր ու ձորեր, անապատացող բնություն, անպտղություն, անոմալ ծնունդներ… Աչքիս առաջ հինգ-վեց տասնամյակում ամբողջությամբ անհետացավ հսկայական մի սար, որի ծաղկավետ լանջերին է անցել իմ և դպրոցական իմ սերերի պատանությունը: Այդ սարից այսօր անունն է մնացել միայն և այն էլ որպես ֆուտբոլային թիմի անվանում՝ Գանձասար:
(շարունակելի)


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 5161

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ