Մի աներևույթ ձեռք ասեմ, միտք ասեմ, թե՞ լեզու, մեր մեջ որոմ գցեց՝ ցորենից շատ:
Որոմն էլ ցորենի նման է՝ չիմացողի համար, համա փուչ է. նայում ես՝ ցորեն է, համա ալյուր չի դառնում, ձավար չի դառնում... ու ցորենի շեղջը, կոտը նոսրանում է:
Համայնքային կյանքը հայերիս մեջ գոյատևել է մինչև անցյալ դարի 50-60-ական թվականները, անգամ քաղաքներում:
Գյուղն ապրել է համայնքային-ցանցային կյանքով. պատկից տներն իրար հետ ունեցել են պատուհան-կապ:
Ասենք՝ Վարդիշաղի թթխմորը պաղել-փչացել է, նա իր պատուհանից (ոչ թե լուսամուտից, ամեն պատուհան լուսամուտ չէ) Մարոյից թթխմոր է խնդրում, Մարոն նոր է հաց թխել, թթխմորը դեռ չի հասել, լուրը հասնում է մինչև գյուղի վերջը, և այդ պատուհաններից գալիս-հասնում է Վարդիշաղին: Այդպես՝ անսպասելի մարած թոնրի համար կրակ են հասցրել, դեղ ու դարման է հասել այդ շտապօգնություն պատուհաններից:
Այդպես միասին, համանյքով՝ գեղ կանգնի, գերան կկոտրի, տղամարդիկ տուն են կառուցել, կանայք էրիշտա են արել, բուրդ են գզել ու մանել, կորկոտ արել, փոխինդ բովել ու աղացլ:
Հեռացրեցին մեզ մեզնից ու մեր արանքներում որոմ ցանեցին:
Մենք էլ ախր հարմարվեցի՞նք:
Հիմա մեր մեջ որոմն է շատացել՝ գաղափարական կեղծ ցորենը՝ որոմը, որը բանիմաց ու սրտացավ տանտիկինները լավ են տարբերում առողջ ցորեն-ձավարից և ընտրելիս անմիաջապես հեռացնում են:
Հայե՛ր ջան, չթողնենք, որ օտարները մեր մեջ իրենց որոմը ցանեն, իսկ մեր ԱԶՆԻՎ ՑՈՐԵՆԸ ՏԱՆԵՆ...
Հոգով անհանգիստ, մտքով ելք փնտրող ձեր՝
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ -ԽԱՆՋՅԱՆ