«Նարեկացին ես եմ, Հայկական լեռնաշխարհից ժայթքած բանաստեղծական ամեհի հրաբուխը, որի դղրդյունը դարեր է սասանեցնում»:
Գևորգ ԷՄԻՆ
Վառվեց քրիստոնեական խարույկը, ջահը բոցավառվեց Արարատ լեռան վրա։ Վանա լճին մերձակա մի վայրում ծնվեց բանաստեղծը։
Անկասկած Գրիգոր Նարեկացու տաղերը համաշխարհային բանաստեղծական մշակույթի ադամանդյա ապարանջաններն են։ Նարեկացին, ըստ էության, աշխարհիկ մարդուն փորձում էր ազատել տարաբնույթ չարիքներ ծնող գործերից ու մտածումներից, կամենում էր ազատագրել բանական մարդուն տարբեր մեղքերից, նրա հետ խոստովանում էր ևիր մեղքերը:
Խորհրդային շրջանում ութերորդ դասարանի դասագրքում Գրիգոր Նարեկացու մասին գրված էր, որ իր պոեմով միջնադարի մեծ միստիկ բանաստեղծն ասում էր՝ ոչ թե Աստված է ստեղծել մարդուն, այլ մարդն Աստծուն։
Իհարկե գրականագետը պարտադրված էր նման միտք գրել։ Անկասկած նա համոզված էր՝ Աստված է ստեղծել մարդուն. «յուր պատկերով ու նմանությամբ»։
Նարեկացու մտքի և խոսքի, աշխարհընկալման և մարդակենտրոնության հիմքում Աստվածաշունչն է։
Յուրաքանչյուր գլխում նա հղում է կատարում նշանավոր մարգարեներին, երանելի սրբերին, գլխավորը՝ Աստծո Որդուն։
Հղում է կատարում և բազմաբնույթ օրինակներով հիմնավորում՝ Աստծուց հեռանալով մարդ արարածը կորցնում է իր կերպարը։
Կորցնելով մարդկային կերպարը, մարդ արարածը կորցնում է հավատը, հեռանում է Աստծուց, օտարանում հայրենիքին։
Արդյոք Նարեկացու ժամանակակից աշխարհիկ այրերը, հատկապես պետականություն ստեղծող և պահպանող իշխաններն ու զորավարները, նախարարներն ու արքաները խորապես ընկալե՞լ էին, որ կենտրոնախույս իշխանությունը, ի վերջո, պառակտում էր պետությունը։ Եվ բացում էր երկրի դարպասները. հյուսիսից և հարավից, արևելքից և արևմուտքից խուժում էին հրոսակները։
Սա նահանջ էր քրիստոնեական հայոց նախասկզբից։ Նահանջ, որը դավադրություն էր սեփական էության նկատմամբ։
Երկրի և պետականության նկատմամբ։
Նրանք, իհարկե, ծանոթ էին «Մատյան ողբերգության» պոեմին։
Բայց որևէ հետևություն չէր արվել։ Քանի որ բոլոր ժամանակների և ժողովուրդների մեծագույն գրական, մշակութային և քաղաքակրթական ստեղծագործություններից մեկի ընթերցողները անտեսում էին այն երկրակառույցը, որը կյանքի կոչեց Նարեկացին՝ բոլոր ժամանակների համար մեկ հայը։
Կոնֆուսոցիոսի ուսմունքի հիման վրա է ապրում, բարգավաճում Չինաստանը, չինական ահռելի կայսրությունը։
Գերմանացիների համար Գյոթեն է ազգի և պետության գոյապահպանության հիմնասյունը:
Ահռելի է Պուշկինի ազդեցությունը ռուսական ազգի ձևակերտման վրա։
Իսկ Նարեկացու ազդեցությունը մեր երկրի և նրա մշակույթի վրա անգնահատելի է։
Գուցե հենց նրա օրոք է մեր պետականակենտրոն գենը կորստյան մատնվել։
Եվ նրա մահից մեկ դար անց սելջուկները գրավեցին երկիրը։
Ընդ որում «Մատյան ողբերգության» պոեմում խոսք, հիշատակում անգամ ակնարկ չկա Հայաստանի վերաբերյալ։
Նարեկացին իր խոսքն ուղղում է ամբողջ մարդկությանը և ցույց է տալիս մեղքերից և նեղություններից ազատվելու ճանապարհ։
Նարեկացու ուսմունքը կարող է դառնալ հայկական պետականության և Սփյուռքի գոյապահպանության ու զարգացման տեսլականը։ Նրան կարելի է ընկալել որպես հայոց պետականության պատվար։
Վալենտինա ԱՂԱՅԱՆ