22 հունվարի, 1992, Գեղարոտ
Հարգելի և սիրելի պարոն Բերքյան (Արա),
Հիմա՝ վերադարձիցս օրեր անց, Հայոց հողի այս բարձրադիր վայրում, ինձ հարազատ Արագած լեռնաշխարհում, գիշերային կիսախավարում՝ օրական, լավագույնս 3-4 ժամ լույս ենք ունենում, ունկնդիր՝ սահմռկեցուցիչ քամուն ու բուքին, և ակնդետ՝ մոմի թրթռացող լույսին, ուզում եմ գրել Ձեզ:
Ամենից առաջ շնորհակալությունս եմ հայտնում Ձեզ՝ ամեն ինչի համար. հրավերքի, հոգածության, ջերմության:
Կարոտի սպասումը՝ հարազատներիս հետ հանդիպման, հետևում է, առանձնահատուկ կարոտով և ջերմությամբ հիշում եմ Ձեր տանն անցկացրած օրերը:
Իհարկե, գործի եմ անցել, բայց ցուրտ աշխատասենյակում, իսկ սառնամանիքը Արագածում հաճախ –25-ից ցածր է, գումարած լույսի, գազի բացակայություն, դժվարությամբ եմ աշխատանքային հունի մեջ ընկնում: Ինչևէ: Այս անցնող օրերին հարազատներս ու գործընկերներս լսում են ժամեր տևող իմ պատմությունը՝ Գերմանիայի, Ձեր, գերմանահայ համայնքի մասին: Շատերի համար այդ պատմությունը՝ հոգս, պրոբլեմներով հանդերձ, հեքիաթի է նման, իսկ ինձ համար՝ դասագրքերից (մեր ուսումնասիրած), կինոնկարներից դուրս տեսած, զգացած, ապրած կյանք... Խնամված, կոկիկ, մաքուր, բարձր ճաշակով, գոթական, բարոկ, մոդեռն, գերմանական ոճի շինություններով, Մայնի Ֆրանքֆուրտ, Վիսբադեն, Մայնց, Ռուսելսհայմ, Բինգըն, Բոնն, Հռենոսի երկայնքով ձգվող քաղաքներով ու գյուղերով, Գյոթեի, Բեթհովենի տուն-թանգարաններով, Վիսբադենի, Մայնցի պատկերասրահներով, բլուրների լանջերին փռված խաղողի այգիներով, միջնադարյան բերդերով, «Օձերի Բաղնիքով», Սուրբ Ծնունդի պատարագով, Տեր Հակոբ քահանայի՝ հայ մնալու սրտառուչ խոսքով, ամեն ինչով: Սքանչացա մարդկային ձեռքի հրաշակերտումներով... Ձեր նկարներով, հարուստ գրադարանով (ցավում եմ, որ լեզվի չիմացության պատճառով, չկարողացա օգտվել), իսկ Ձեր Աստվածամոր նկարը կախված է մահճակալիս վերևում:
Հիմա մտովի, հիշողությամբ կրկին ուզում եմ զգալ, ապրել տեսածներս (նույնիսկ Մոսկվայի ցուրտ և անհրապույր օդանավակայաններում քաշած տառապանքներս ոչինչ չեն խամրել):
Այժմ մի քանի խոսք մեր դժվար կյանքի մասին. գիտեմ Ձեզ շատ է հուզում. պատերազմական վիճակը շարունակվում է Արցախում: Այս օրերին ինձ չի հաջողվում հեռախոսել Ստեփանակերտ, խաթարվել է նաև կապը: Շարունակ գնդակոծությունների են ենթարկվում հատկապես Արցախի շրջանային կենտրոնները: Դա, ինչ խոսք, նպատակ է հետապնդում, ազերիները որոշել են գյուղերը զրկել պաշտպանունակությունից. դատարկել գյուղերը հայերից: Մերոնք հանգիստ նստած չեն՝ դժվարությամբ, բայց ուղղաթիռներով օգնություն է գնում: Արցախը անկոտրում է՝ եղել է, կա ու կմնա հայկական:
Հայաստանում էներգետիկ վիճակը մնում է խիստ լարված՝ գյուղերում օրվա ընթացքում 2-3 ժամ լույս է լինում: Անշուշտ, ահավոր ծանր է և՛ քաղաքների վիճակը: Մեր ծանր կացության վրա ուղղակիորեն ազդում է նաև Վրաստանում տիրող անկայուն վիճակը, վրացական երկաթուղով մեկ շաբաթից ավելի շարժակազմեր չեն ժամանում Հայաստան, իսկ Նորաշենի կողմով գալիս են սահմանափակ քանակությամբ, նրանց հայեցողությամբ, այն էլ, որպեսզի այդ մազութից ստացված լույսից բաժին հանվի Նախիջևանին:
Ինչևէ: Լրագրերի, հեռուստահաղորդումների պակասն էլ մյուս կողմից:
Այս ամենի մասին Դուք, անշուշտ, գիտեք և կիմանաք «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթից: Նման զրկանքներ մեր ժողովուրդը տեսել, տարել է, այս մեկին էլ կդիմանանք: Գիտակցում ենք, որ դժվարությունները ժամանակավոր են, ահա պահը՝ ճակատագրական. ուժեղ կամքի, նվիրումով աշխատանքի, սիրո, հույսի, հավատի շնորհիվ կարողանանք պահել մեր անկախությունը: Ոչ թե պատեհապաշտ՝ կասեիք Դուք, այլ միաբան, խարսխված: Թեև նամակը շատ երկարեց, բայց ուզում եմ հիշել Հրանտ Մաթևոսյանի «Մեծամոր» պատմվածքից. «Գիտե՞ս ինչ, կյանք է, և մի ակնկալիր անփոթորիկ ծով, և եթե խորտակվում ես մեղքը քոնն է և ոչ թե փոթորկինը, քանի որ փոթորիկը ծովն է: Ու՞ր է խարիսխդ, խարիսխդ»: Գուցե տեղին չէր հիշելը, այնուամենայնիվ, ամուր խարիսխ է հարկավոր:
Այս ամենի հետ, շատ եմ ուզում Հայաստան աշխարհը տեսնել խնամված՝ Գերմանիայի նման, ամեն ինչ ճիշտ՝ իր տեղում, այլ ոչ թե կարեկցանքի օբյեկտ, ինչպես նշեց մի ռուսուհի Ֆրանքֆուրտի օդանավակայանում, իմանալով ով լինելս: Այլևս բավ է, վիշտ չենք ծախում, կարեկցանք չենք առնում:
Չեմ ուզում նամակս տխուր նոտաներով ավարտել: Ուրախալին այն է, որ այսօր Հայաստանի Հանրապետության պետական անկախությունը ճանաչել են վեց տասնյակից ավելի երկրներ, այդ թվում և՝ Գերմանիան, ես այդտեղ էի․․․
Ներող եղեք երկարաշունչ, ինչ-որ տեղ և անկապ գրելուս համար:
...Իսկ մոմի լույսը հետզհետե աղոտանում է, դրսում շարունակ մոլեգնում է բուքը:
Ընդունեք մեր տնեցիների ջերմ բարևները, իմ կողմից ջերմ բարևներ հաղորդեք Ձեր քրոջը և իր ընտանիքին:
Ի՞նչ եք անում Դուք, չի փոխվե՞լ Ձեր մտադրությունը՝ ապրիլի կեսերին Հայաստան այցելել:
Առայժմ՝ այսքանը:
Ամենայն հարգանքով ու սիրով՝
Լիզա
Հ.Գ. Ձեր հեռաձայնելուց հետո (14.01), կեսօրին մեկնեցի Երևան: Գերագույն խորհրդում ծրարը անձամբ հանձնեցի Դավիթ Վարդանյանին: Հեսսենի օգնության հետ կապված Ձեր մտահոգությունը հաղորդեցի նրան: Պարոն Վարդանյանի խնդրանքով այդ մասին հայտնել եմ նաև Գերմանիայի հարցերով զբաղվող մեկ այլ պաշտոնյայի՝ Անահիտ Գասպարյանին՝ հետագայում առավել ակտիվացնելու Հայաստան-Հեսսեն կապը:
Անահիտին հայտնել եմ նաև Ձեր գրքից թարգմանաբար հրապարակված հատվածի հետ կապված թյուրիմացության մասին: Խնդրել եմ պաշտոնապես հայտնել բոլոր խմբագիրներին՝ առանց հեղինակի համաձայնության, չհրապարակել որևէ թեկուզ փոքրիկ թարգմանություն:
Լուսանկարում՝ Վիսբադենի տանը, ամուսնուս նկարների հետ
Նամակը զետեղված է 2014 թ․ լույս տեսած իմ
«ԱՐԱ Յ․ ԲԵՐՔՅԱՆ» գրքում։
Լիզա ԲԵՐՔՅԱՆ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆ