Մեր ժողովուրդն իրականության հետ առնչություն չունեցող բազմաթիվ պատմություններ է հորինել իր մեծերի մասին։ Դրանց շարքից է և ներքո անեկդոտը ազգային մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի մասին։
***
Իբր, մի օր Մանթաշյանցը Թիֆլիսում գնում է բազար։ Ձեռնափայտը խաղացնելով անցնում է շարքերի միջով ու նկատում երկու կինտոյի․ երկուսն էլ գլխներին դրած մեկը սինիի վրա միրգ ու կանաչի է ծախում, մյուսը կողովի մեջ՝ ձու։ Սրանց կողքով անցնելիս լսում է՝ կանաչի ծախողը մյուսին հարցնում է․
-Քու կարծիքով Մանթաշովն ինչքա՞ն փող կունենա։
Ձու ծախողը պատասխանում է․
-Դե, չունենա-չունենա մե միլիոն մանեթ կունենա, էլի․․․
Մանթաշյանցը սա որ լսում է, ձեռնափայտը բարձրացնում ու ձվերի կողովը շուռ է տալիս։
-Վու՜յ աման,-բղավում է կինտոն՝ գլխին խփելով,-ձվերս կոտրվեցին․․․
Մանթաշյանցն ասում է․
-Լավ, ասա քանի ձու ունեիր՝ փողը տամ։
Կինտոն պատասխանում է․
-Դե, ինչ իմանամ, աղա ջան, ձու էր՝ լցրել էի մեջը ծախում էի, էլի։
Մանթաշյանցն ասում է․
-Տո մունդռեկ, բա որ դու քո ձվերի քանակը չգիտես, իմ փողի քանակը որտեղի՞ց իմացար․․․
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ