Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Նրանց համար որդեգրվելը լույսի շող է, փրկություն, նոր կյանքի սկիզբ

Նրանց համար որդեգրվելը լույսի շող է, փրկություն, նոր կյանքի սկիզբ
13.06.2025 | 20:38

Իտալիայում որդեգրված երեխաների թեմայով հետաքննության ժամանակ գտա շատ հուզիչ պատմություններ որդեգիր երեխաների վերաբերյալ: Շատ ուշագրավ է Վենետիկի լա Պիետա եկեղեցում (Պիետա թարգմանաբար նշանակում է գթասրտություն) պահպանված արխիվը:

Լա Պիետան սկզբում մանկատուն է եղել, որին կից հետագայում կառուցվել է եկեղեցի: Այժմ այնտեղ կա նաև թանգարան, որտեղ պահպանված են մանուկներին լքած ծնողների կողմից թողնված հուշանվերները՝ մեդալյոններ, նամակներ և այլն:

Սակայն, իմ ուշադրությունն ամենաշատը գրավեց La Pieta A Venezia գիրքը, որտեղ հավաքված են լքված երեխաների նամակներն իրենց բիոլոգիական ծնողներին: Որոշեցի ներկայացնել այդ նամակներից մի քանիսը: Այսօր կներկայացնեմ զինվորի նամակն իրեն լքած մորը.

«Սիրելի Մայրիկ, որոշեցի քեզ նամակ գրել։

Գիտես, շատ տխուր է իմանալ, որ այս աշխարհում կանք միայն ես ու դու և չկարողանալ հանդիպել։

Շատ ցավալի է, մայրիկ։

Գիտես, շատ ծանր է որդու համար իմանալ, որ մայրդ լքել է քեզ և չճանաչել նրան։

Երբ 20 տարեկան էի, լուսանկարվեցի, հիմա ուզում եմ այդ նկարը քեզ ուղարկել, որ գոնե այդպես ինձ ճանաչես։

Գիտես, մայրիկ, ես շատ լավ տղա զավակ եմ եղել իմ որդեգիր հոր և մոր համար։

Ես սիրում եմ նրանց։ Մինչև 15 տարեկան չեմ աշխատել, որդեգիր հայրս չէր թողնում։ Ասում էր՝ շատ եմ տանջվելու, եթե երիտասարդ տարիքից աշխատեմ։ Հետո՝ 15-ից 20 տարեկանում միշտ աշխատել եմ շինարարության ոլորտում։ Աշխատում էի ոչ թե որպես ղեկավար, այլ որպես սովորական մարդ, աղքատ մարդու պես էի ապրում։

Մայրիկ, խնդրում եմ, եթե ստանաս այս նամակը, պատասխանիր ինձ։

Հույս ունեմ՝ այն քեզ ուրախություն կպատճառի։ Խնդրում եմ, մի ուղարկիր իմ նամակը հետ, եթե ստանաս:

Անչափ ուզում եմ իմանալ՝ ինչպես ես։

Հուսով եմ՝ առողջ ես։

Գիտե՞ս, ես օր ու գիշեր մտածում եմ քո մասին։ Պատկերացնո՞ւմ ես, ունենալ մայր, բայց չկարողանալ նրան տեսնել։ Ես ամբողջ օրն ապրում եմ մի մեծ կարոտով։

Չես հավատա, մայրիկ, թե ինչ ծանր է...

Միշտ մտածել եմ, որ մի օր քեզ կտեսնեմ։ Բայց միգուցե դու արդեն ինձ չես էլ հիշում:

Չե՞ս ուզում ինձ տեսնել։ Մի՛ վախեցիր ինձանից, մայրիկ։ Ես միայն մի բան եմ ուզում՝ մի օր քեզ տեսնել, և դա ինձ մեծ երջանկություն կբերի։

Ցանկանում եմ քեզ հայտնել, որ հիմա զինվոր եմ։

ՈՒզում եմ հավատալ, որ շուտով կավարտվի ծառայությունս, մնացել է ընդամենը 7 ամիս։ Չեմ ասում՝ վատ եմ այստեղ, բայց խաղաղ կյանքն ավելի լավ է։ Այսքանը, ուրիշ բան չունեմ գրելու...

Միայն ուզում էի իմ սրտի խորքից ողջունել քեզ:

Քո որդին... »:

Ճակատագրի բերումով բիոլոգիական ծնողների կողմից լքված երեխաներն անչափ նուրբ հոգի ունեն: Նրանց համար որդեգրվելը լույսի շող է, փրկություն, նոր կյանքի սկիզբ, հետևաբար այս նամակների հրապարակելուս իմաստն այն է, որ գիտակցենք, թե ինչ դաժանություն է շահարկել որդեգիր երեխաների անունը՝ ազդելով նրանց հազիվ կազդուրված ներաշխարհի վրա:

Անի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 530

Մեկնաբանություններ