Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՎՊ նախագահի «փիքր անելու» ժամանակը

ՎՊ նախագահի «փիքր անելու» ժամանակը
30.10.2015 | 01:29

Ժամանակ առ ժամանակ քաղաքական (նաև լրատվական) դաշտ է սպրդում չարչրկված մի հարց՝ որտե՞ղ է ՎՊ նախագահ ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ: Հնչում է (կամ չի հնչում) պատասխանը, և խնդիրը տարրալուծվում է առօրյա զարգացումների շրջապտույտում:
Երբեմն-երբեմն առաջադրվող ու ֆիզիկայի կանոններին համապատասխան դանդաղորեն գոլորշացող հարցադրումն օրերս կրկին անձրևեց իշխանական «Այո»-ի շտաբը «կառուցելուց» հետո: Որքա՜ն եղավ զարմանքը, երբ «երկու «հզոր» սեգմենտներով» («Իրատես», թիվ 65) ձևավորված «կայանում» այդպես էլ իր ուրույն տեղը չզբաղեցրեց «այստեղ, այլուր և ամենուր» սկզբունքով «խաղացող» Իշխան Զաքարյանը:
-Որտե՞ղ է նա: Մի՞թե բացակայում է հանրապետությունից,- հարցնում էին անտեղյակները:
-Ոչ միայն երկրում է, այլև ԱԺ տարածքում,- վստահեցնում էին իրազեկներն ու հավելում,- նստած է իր աշխատասենյակում՝ «անգլիական թագուհու» կարգավիճակով:
Այնուամենայնիվ, հետաքրքիր է, որ համահայկական խաղեր տվող, պետբյուջեի միջոցների անարդյունավետ ծախսերն իբր հաշվող ու «հրապարակ հանող» ՎՊ նախագահը դեռևս հույսեր է փայփայում, թե գալու է և ի՛ր «աստեղային ժամը»: Իզո՜ւր… Վերջին «արարը» պետք է որ շա՜տ փակագծեր բացեր ու մի լավ «փիքր անելու» և համապատասխան եզրակացությունների հանգելու առիթ դառնար: Հատկապես որ դիպվածը նկատի ունե՞նք... Այն, երբ Իշխան Զաքարյանի՝ Անկախության տոնի առթիվ պարգևատրման ներկայացրածների ցուցակից և ոչ մեկը չառանձնացվեց:
«Մերժումը» հավուր պատշաճի վերլուծելու և ճիշտ եզրահանգումներ կատարելու փոխարեն հանրապետության կառավարման համակարգում արդեն վաղո՜ւց բարձր ու եկամտաբեր դիրքեր զբաղեցնող (այսօր, երբ ասում ենք` պաշտոն, հասկանում ենք Իշխան Զաքարյան և հակառակը) պետական այս այրը վիրավորվել է այնքան, որ վրդովմունքը չի թաքցնում մերձավորների շրջանում:
Եթե հավատանք քաղաքական դաշտի «յոթծովիմերանների» շաղակրատանքներին, ամենայն մանրամասնությամբ հող է նախապատրաստվում Իշխանի «Ցտեսություն, աթոռ» ձոնի համար: Ժողովրդական բանահյուսության հայտնի ժանրի սիրահարների հավաստմամբ, ՎՊ նախագահը վաղո՜ւց չի իրականացնում իրեն վերապահված գործառույթները, քանի որ զբաղված է…
Թե իրականում ինչով է զբաղված Իշխան Զաքարյանը, բոլորովին այլ պատմություն է, որին «լայնքով, խորքով ու երկայնքով» կանդրադառնանք առաջիկայում մեր լրագրողական հետաքննության ավարտից հետո:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1170

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ